Տպել
26.10.2009
«Եվրանեսթը» մեկնարկում է

Հոկտեմբերի 19-22-ը Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մասնակցել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած՝ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի ստեղծման  մեկնարկային համաժողովին։

Շվեդիայի նախագահությամբ հրավիրված Արեւելյան գործընկերության անդամ վեց պետությունների եւ ԵՄ անդամ պետությունների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովի ընթացքում ներկայացվել են կողմերի առաջարկները, թե  մասնակիցներն ինչ կերպ են պատկերացնում գործընկերության խորհրդարանական ձեւաչափը՝ «Եվրանեսթը», որը լուրջ խթան կարող է հանդիսանալ Արեւելյան գործընկերությամբ սահմանված հիմնական պլատֆորմների, ինչպես նաեւ՝ ԵՄ-ին՝ գործընկեր պետությունների քաղաքական ասոցիացման եւ տնտեսական ինտեգրման հիմնահարցերը լուծելու համար։ ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ելությում ներկայացրել է հայկական կողմի առաջարկները, նշելով, որ Հայաստանը կարեւորում է գործընկերության խորհրդարանական ձեւաչափի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա օգտագործելով խորհրդարանական ճկուն գործիքներն ու խորհրդարանական դիվանագիտությունը` նպաստել գործընկեր երկրների եվրոպական ինտեգրմանը։ Խոսելով գործընկեր պետությունների միջեւ համագործակցության մասին, ինչը Արեւելյան գործընկերության հիմնական բաղադրիչներից է, Ն. Զոհրաբյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարվող վերապահումների քաղաքականությանը, որը էապես խոչընդոտում է գործընկերությամբ հռչակված առաջնահերթությունների լուծմանը։ Անդրադառնելով «Եվրանեսթի» վերաբերյալ հայկական կողմի նկատառումներին, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն ասել է, որ հայկական կողմի համար անընդունելի կլինի, եթե Ադրբեջանը փորձի Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափը վերածել կոնֆլիկտների լուծման ֆորմատի, հավելելով, որ Ադրբեջանի կողմից այդօրինակ քաղաքականության շարունակումը այս խիստ կարեւոր նախաձեռնությունը հենց առաջին նիստից կտանի փակուղի։

Ի պատասխան Ադրբեջանի Միլի Մեջլիսի ներկայացուցչի ելույթի, ուր կրկին հնչել է կեղծիք եւ ապատեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, Ն. Զոհրաբյանը գրավոր դիմում է հղել համաժողովի նախագահող, Շվեդիայի ներկայացուցիչ  Գյորան Լենմարկերին՝ առաջարկելով ԵՄ-ի եւ գործընկեր անդամ պետությունների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ապակառուցողական գործելակերպի վրա եւ կոչ անելով, որ Եվրամիությունը հստակ վերաբերմունք արտահայտի Արդբեջանի ոչ կոնստրուկտիվ քայլերի եւ հայտարարությունների հանդեպ։  Համաժողովի արդյունքում որոշվել է հնարավորինս սեղմ ժամկետում իմի բերել Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի կազմավորման թե՛ տեխնիկական եւ թե՛ բովանդակային հարցերը, քանզի, ինչպես իր եզրափակիչ ելույթում նշել է Լենմարկերը՝ Արեւելյան գործընկերության սահմանած առաջնահերթությունների առաջ մղման համար կարեւոր է շատ կարճ ժամկետում ձեւավորել «Եվրանեսթը»։ Նախնական  պայմանավորվածությամբ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը բաղկացած կլինի 120 պատգամավորից. 60 պատգամավոր ԵՄ անդամ պետություններից եւ 10-ական պատգամավոր գործընկեր պետություններից՝ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ադրբեջանից եւ Բելառուսից։

Ստոկհոլմյան այցի  ընթացքում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների հետ՝ նրանց պարզաբանումներ ներկայացնելով  հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների եւ հայ-թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ։


26.10.2009
Ազգային ժողովը քննարկեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2008 թ. տարեկան զեկույցը
Հոկտեմբերի 26-ին  Ազգային ժողովի  հերթական քառօրյա նիստն սկսվեց չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումների հաստատումով:ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված 6 օրինագծերը, այնուհետեւ շարունակեցին  նախորդ նի...

26.10.2009
Ազգային ժողովի այգում տեղի կունենա հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը
Հոկտեմբերի 27-ին ժամը 11.20-ին Ազգային ժողովի այգում տեղի կունենա 1999 թ հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ,  ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի,  ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քո...