Տպել
22.10.2009
ԱԺ մշտական հանձնաժողովներում

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 22-ին Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ անցկացված նիստում քննարկեց օրակարգային երկու հարց:

Երկու նախաձեռնություններն էլ կառավարությանն էին, եւ դրանք ներկայացրեց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:

«ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններով գործադիրը նախատեսում է ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու լիազորությունը վերապահել կառավարությանը` ՀՀ ստանդարտացման պետական լիազոր մարմնի փոխարեն: Փոխնախարարը այս քայլը  հիմնավորեց չափանիշները ոչ թե գերատեսչական, այլ նորմատիվ ակտով  հաստատելու անհրաժեշտությամբ: Հանձնաժողովը երաշխավորեց նախագիծը` դրական եզրակացությամբ ընդգրկելու նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» եւ «Բնապահպանական  վճարների դրույքաչափերի մասին» օրենքներում հեղինակներն առաջարկում են լրացումներ եւ փոփոխություններ կատարել` հստակեցնելով օրենքում գործածվող հասկացությունները, վճարողների շրջանակը եւ վճարման կարգը: Ի թիվս այլ փոփոխությունների` կառավարությունն առաջարկում է օրենքները համալրել  վճարների նոր տեսակներով: Նախագծերի ընդունման պարագայում բնապահպանական վճար կվճարեն այն  ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ովքեր ջրահեռացման ցանցով  կարտանետեն վնասակար նյութեր եւ միացություններ, ինչպես նաեւ կտեղադրեն կոշտ կոմունալ թափոններ: Վճար է սահմանվել նաեւ շինարարական եւ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն իրականցնելիս հողի բերրի շերտերը հեռացնելու համար:  Նշված վճարից, նախագծի համաձայն, կազատվեն  այն անձինք, ովքեր իրենց սեփականությունը հանդիսացող բնակավայրերում են շինարարական աշխատանքներ կատարել եւ հանել հողի բերրի շերտերը` կիրառելով դրանք իրենց կարիքների համար:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահը եւ պատգամավորները մի շարք դրույթների վերաբերյալ առաջարկներ ներկայացրին:

Որոշվեց փաթեթը դրական եզրակացությամբ  ընդգրկել նստաշրջանի օրակարգում, իսկ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար այն կքննարկվի պատգամավորների նկատառումների հիման վրա մեկ անգամ եւս վերանայելուց հետո:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արտյուշ Շահբազյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց  ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Պարոն Դալլաքյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել: 

Հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:


22.10.2009
Սոչիի քաղաքային Դումայի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում
Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ընդունեցին Սոչիի քաղաքային Դումայի ղեկավար Վալերի Պոդպովետնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու ժողովուրդների բարեկամական հարաբեր...

22.10.2009
Խորհրդարանական լսումներ` «Հեռուստահեռարձակման թվայնացման գործընթացը Հայաստանում եւ դրա ներդրման հետեւանքները Հայաստանում» թեմայով
Հոկտեմբերի 22-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների թեման Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացն էր եւ  դրա  ներդրման ենթադրյալ հետեւանքները:Աժ գիտության, կրթու...