Տպել
15.10.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանի եւ Ուկրաինայի մարզերի համագործակցությունը հանդիսանում է երկկողմ գործընկերության առաջնային ուղղություններից մեկը»

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ուկրաինայի Խարկովի մարզի նահանգապետ (մարզի պետական վարչակազմի նախագահ) Արսեն Ավակովին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի խորհրդարանի նախագահը նշեց, որ Հայաստանի եւ Ուկրաինայի մարզերի միջեւ ուղղակի կապերն ու համագործակցությունն առեւտրատնտեսական, մշակութային, կրթական եւ այլ բնագավառներում հանդիսանում են երկու երկրների միջեւ փոխշահավետ գործընկերության առաջնային ուղղություններից մեկը: Նա վերահաստատեց հայկական կողմի շահագրգռությունն այդ կապերն ընդլայնելու եւ զարգացնելու հարցում` շեշտելով, որ Խարկովի մարզը հետաքրքիր գործընկեր է, որի հետ փոխշահավետ համագործակցությունն ունի հարուստ պատմություն:

Այդ համատեքստում զրուցակիցները կարեւորեցին նախորդ օրը Ուկրաինայի Խարկովի մարզի եւ Հայաստանի մարզերի միջեւ ստորագրված Արձանագրությունը համագործակցության մտադրությունների վերաբերյալ:

Այնուհետեւ նահանգապետ Ավակովն ու իր գլխավորած պատվիրակությունը ներկայացրեցին պրն. Աբրահամյանին համագործակցության մի շարք առաջարկներ էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության եւ մի շարք այլ բնագավառներում: Կողմերը համաձայնեցին շարունակել այդ առաջարկների քննարկումը մասնագիտական մակարդակով, որից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում անցնել համաձայնեցված ծրագրերի իրագործմանը: