Տպել
02.10.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բացման խոսքը «Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովում


«Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

Միջազգային խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,

Բարի գալուստ եմ մաղթում եւ ողջունում բոլոր ներկաներին:

Այս խորհրդաժողովի հրավիրումը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի, Հայաստանի Սահմանադրական դատարանի եւ Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական արդարադատության մարմինների միջազգային կոնֆերանսի հետ համատեղ, նպատակ է հետապնդում ձեզ հետ միասին վեր հանել ու ամփոփել եվրոպական փորձն ու զարգացման միտումները` համագործակցության այս կարեւոր բնագավառում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ լուրջ փոփոխություններ կատարվեցին 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով: Սահմանադրության արժեքային ողջ համակարգը ներկայումս խարսխված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության երաշխավորման, մեր երկրում ժողովրդաիշխանության հաստատման, իշխանությունների բաժանման ու հավասարակշռման, արդյունավետ տեղական ինքնակառավարման արմատավորման եւ սահմանադրական այլ հիմնարար  սկզբունքների իրականացման վրա: 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հսկայական աշխատանք է ծավալել երկրում գործող օրենսդրությունը սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու, օրենսդրական բացերը լրացնելու, սահմանադրական ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ: Միայն վերջին գումարման ընթացքում Ազգային ժողովն ընդունել է 545 օրենք, 47 որոշում, վավերացրել է թվով 92 միջազգային պայմանագիր:

Փաստ է, որ յուրաքանչյուր օրենք քաղաքական փոխհամաձայնության արդյունք է եւ իրավասու սահմանադրական մարմնի կողմից դրա սահմանադրականության բացահայտումը, մեր կարծիքով, պետք է դիտել որպես աջակցություն` խորհրդարանի կողմից իր օրենսդիր գործառույթն առավել արդյունավետ իրականացնելու տեսանկյունից:

 Իր օրենսդրական քաղաքականությունն իրականացնելիս Ազգային ժողովը չափազանց կարեւորում է իշխանության այլ մարմինների հետ համագործակցված աշխատանքը:

Այդ տրամաբանությամբ առաջնորդվելով էր, որ 2008 թվականի հոկտեմբերին իմ կողմից ՀՀ Ազգային ժողովում ստեղծվեց հատուկ աշխատանքային խումբ` սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներն ուսումնասիրելու եւ օրենսդրական նախաձեռնության առաջարկություններ մշակելու համար: Մենք գտնում ենք, որ նման օպերատիվ արձագանքն արդյունավետ համագործակցության եւ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները հաշվի առնելու կարեւոր քայլ է: 

 Այս խորհրդաժողովին մասնակցում են բազմաթիվ երկրների խորհրդարանների ու սահմանադրական դատարանների անդամներ: Ես խորին երախտագիտությունս եմ հայտնում մեր հրավերն ընդունելու եւ խորհրդաժողովին մասնակցելու համար: Համոզված եմ, որ բոլոր երկրներում էլ տարիների ընթացքում գտնվել են արդյունավետ լուծումներ` ակտիվ համագործակցության ու Սահմանադրության գերակայությունը երաշխավորելու գործում: Մեր երկիրը սահմանադրական բարեփոխումների արդյունքում թեւակոխել է իրավական պետության ու քաղաքացիական հասարակության կառուցման նոր փուլ: Երկրում սահմանադրական ժողովրդավարության հաստատման ճանապարհին մենք պետք է հաղթահարենք այնպիսի դժվարություններ, որոնց ժամանակի ընթացքում առնչվել են Արեւմտյան Եվրոպայի դասական ժողովրդավարության երկրները, եւ որոնք ներկայումս բնորոշ են գրեթե բոլոր երիտասարդ ժողովրդավարության երկրներին: Ուստի, նման ներկայացուցչական լայն կազմով հիմնահարցի քննարկումն օգտակար կարող է լինել ոչ միայն խորհրդաժողովի մասնակիցների համար, այլեւ կարեւոր ներդրում կհանդիսանա այս ոլորտում զարգացումների համաեվրոպական միտումների բացահայտման ու ընդհանրացման տեսանկյունից:

 Կարծում եմ նաեւ, որ տարբեր ժողովրդավարական ինստիտուտների համագործակցությունը եւ համատեղ լուծումներ փնտրելն օգտակար ու օրինակելի կարող է լինել նաեւ պետական իշխանության այլ մարմինների համար, եւ երկխոսության այս ձեւաչափը խրախուսանքի է արժանի:

Հարգելի գործընկերներ.

Ցանկանում եմ երախտիքիս խոսքը հղել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին եւ անձամբ պարոն Բուքիքիոյին` մեզ աջակցելու եւ ակտիվ համագործակցության համար: Մեր երկար տարիների համատեղ ջանքերի արդյունք էր սահմանադրական բարեփոխումների իրականացումը Հայաստանում: Յուրաքանչյուր տարի մեկ տասնյակից ավելի օրենքների նախագծեր են ներկայացվում Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը, որի եզրակացությունները մեզ համար շատ օգտակար են: Մենք այսուհետեւ նույնպես շարունակելու ենք ակտիվ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ եւ համոզված եմ, որ դա դրական դերակատարություն կունենա մեր եվրոպական ինտեգրման ընդհանուր գործընթացն առավել արդյունավետ առաջ տանելու հարցում: Օգտվելով պատեհ առիթից շնորհավորում եմ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջանի Բուքիքիոյին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Պատվո շքանշանով պարգեւատրվելու կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ակտիվ երկկողմանի կապեր է հաստատել բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ: Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ պարոն Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը: Մեր գործընկերները սիրով համաձայնեցին մասնակցել նաեւ այս կարեւոր խորհրդաժողովի աշխատանքներին:

Եզրափակելով խոսքս` մեկ անգամ եւս ողջունում եմ բոլորին եւ մաղթում արդյունավետ աշխատանք եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին այս կարեւոր խորհրդաժողովը Հայաստանում կազմակերպելու համար: 

 Շնորհակալություն»:
 
   
 
 


02.10.2009
ՀՀ ԱԺ նախագահը ԵԽ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարին հանձնեց Պատվո շքանշանը
Հոկտեմբերի 2-ին  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Ջանի Բուքիքիոյին հանձնեց Պատվո շքանշանը: Այդ պարգեւատրման մասին հրամանագիրը ս.թ. սեպտեմբերի 29-ին ստորագրել էր ՀՀ Նա...

02.10.2009
«Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 2-ին կայացավ «Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՍԴ անդամներ, նախարարներ, դատավորներ, պետական իշխանության եւ տեղական ին...

02.10.2009
ՀՀ ԱԺ կոալիցիոն կուսակցությունների խմբակցությունների համատեղ հայտարարությունը
2 հոկտեմբերի 2009թ.Այս օրերին բոլորս միասին վկան ենք հայ-թուրքական հարաբերություններում այնպիսի մի գործընթացի, որը դժվար էր պատկերացնել ընդամենը ամիսներ առաջ: Անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ քայլերո...

02.10.2009
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի  2-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  հոկտեմբերի 5-8-ի  ԱԺ չ...

02.10.2009
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:Տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը` Արտյուշ Շահբազյանի նախագահությամբ:Առաջին ընթեցմամբ քննարկվեցին երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը: Օրինագծ...

02.10.2009
Հանդիպում Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբում
Հոկտեմբերի 2-ին Հայաստան-Ռումինիա բարեկամական  խմբի ղեկավար Վոլոդյա Բադալյանը, անդամներ Մխիթար Մնացականյանը, Արմեն Մխիթարյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Հովհաննես Մարգարյանը հանդիպեցին «Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների գործակցության միջազգ...