Տպել
22.05.2009
Խորհրդարանական ճեպազրույցները

Մայիսի 22-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի մայիսի 18-21-ի քառօրյայի աշխատանքն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հարցերն առնչվում էին մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, քառօրյայի ընթացքում քննարկված օրինագծերին եւ այլն:

Անդրադառնալով վերջին քառօրյայում քննարկված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերին` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ անընդունելի է համարում նման տեսքով օրինագծերի ընդունումը: Ըստ պարոն Մարտիրոսյանի` հարկային փաթեթի քննարկման արդյունքը կարող է լինել Կառավարության հրաժարականը, որի համար լուրջ նախադրյալ կարող են համարվել նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը կարծում է, որ ընտրությունների արդյունքում քաղաքական փոփոխություններ են ակնկալվում, եւ  ընտրությունների արդյունքները հիանալի առիթ կլինեն կառավարության հրաժարական տալու համար:

Նա նաեւ նշեց, որ քաղաքական փոփոխությունները մի նոր դաշտ են բացում, որտեղ գործընթացները կընթանան դրական եւ կառուցողական հունով, եւ կիրականացվեն իրական բարեփոխումներ:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը` անդրադառնալով վերջին քառօրյայում «Օրինաց երկիր» խմբակցության  ներկայացրած «Սահմանի մասին» օրենքի նախագծի ընդունմանը,  նշեց, որ օրինագծի ընդունումը  հնարավորություն է տալիս սահմանամերձ շրջանի բնակիչներին Արաքս եւ Ախուրյան գետերում զբաղվել ձկնորսությամբ: Խոսելով հարկային փաթեթից` Արծրունի Աղաջանյանը ողջունելի է համարում ստվերի բացահայտմանն ուղղված քայլերը, սակայն փաթեթում նախատեսված մեխանիզմները կոշտ են: Պարոն Աղաջանյանը հույս հայտնեց, որ մինչեւ հաջորդ քառօրյա կառավարությունը կորդեգրի նոր մոտեցումներ: 

 Խոսելով Երեւանի ավագանու ընտրություններից` Արծրունի Աղաջանյանը գտնում է, որ ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժ 40 եւ ավել տոկոս ձայն չի հավաքելու: Ըստ պարոն Աղաջանյանի` Երեւանում լինելու է կոալիցիոն կառավարություն: «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղարը վստահ է, որ ՕԵԿ-ը ունենալու է որոշակի քվե, որը հնարավորություն կտա մասնակցելու Երեւանի ավագանու եւ քաղաքապետարանի ձեւավորմանը:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Ստեփան Ասլանյանն «ոչ տրամաբանական» համարեց կառավարության հրաժարականի մասին «Ժառանգություն» խմբակցություն ղեկավարի հայտարարությունը:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով խորհրդարանում կառավարության ներկայացրած հարկային փաթեթի բուռն քննարկումներին` ընդգծեց, որ փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը թեթեւացնելու փոխարեն կառավարությունը հակառակ քայլեր է կատարում: Ըստ նրա` կառավարությունը չի իրականացնում վարկային քաղաքականության մեջ Սահմանադրությամբ նախատեսված դերակատարությունը. տոկոսադրույքները բարձր են, վարկային սխեմաները` խիստ: Հարկային տեսուչի ներկայացուցչի ինստիտուտի ստեղծումը ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

Կառավարության հրաժարականի մասին Արմեն Մարտիրոսյանի կանխատեսումները մեկնաբանելով` Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարությունը պետք է վերադառնա նախօրոք հայտարարված քաղաքականությանը, ծրագրային նորմերին եւ հակաճգնաժամային ծրագրերի իր մոտեցումներին, հակառակ դեպքում կարող է անխուսափելի լինել նաեւ հրաժարականը: Նա կարծում է, որ ԱԺ կողմից հաստատված ծրագիրը փոփոխելու ընթացակարգ սահմանված չէ, բայց կառավարությունը կարող է կամք դրսեւորել, փոփոխության ենթարկել ծրագիրը, ներկայացնել խորհրդարան եւ վստահության հարց դնել, ինչը, ըստ պարոն Մինասյանի, լավագույն մեխանիզմը կարող է լինել:

Արծվիկ Մինասյանը հավատացած է, որ ընտրարշավի անցկացման լավագույն տարբերակը ծրագրերի շուրջ հրապարակային բանավեճերի կազմակերպումն է, որը հնարավորություն կտա հասարակությանը հասկանալ այս կամ այն քաղաքական ուժի նպատակները, նկրտումները եւ ցանկությունները:

Նշվեց, որ ՀՅԴ-ն կողջունի ՀՀ նախագահի` համաներում հայտարարելու քայլը, ինչը հնարավորություն կտա մեղմել լարված իրավիճակը: ՀՅԴ ներկայացուցիչը համոզված է, որ սպանությունների դեպքերը պետք է բացահայտվեն, եւ մեղավորները դատապարտվեն, քանի որ առանց կատարվածի լիարժեք բացահայտման նոր մարտի մեկերի կանխումը հնարավոր չի լինի: Հույս ունենալով, որ համաներումը չի լինի լոկալ բնույթի` նա գտնում է, որ համաներմանը պետք է հաջորդեն օրենսդրական փոփոխություններ:

ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով կառավարության հրաժարականի մասին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի կանխատեսումներին, նշեց, որ կառավարության հրաժարականի խնդիր դրված չէ եւ  դրա համար քաղաքական որեւէ պատճառն չկա: Իսկ եթե ոմանց զարմացրել է, որ խորհրդարանում քննարկումներ են գնում օրենքի շուրջ եւ հիմք է տվել ենթադրելու, որ թիրախը կառավարությունն է, ապա մարդկանց պետք է զարմացներ այն, որ երկար ժամանակ խորհրդարանում բուռն քննարկումներ տեղի չէին ունենում: Խորհրդարանը սկսել է կատարել իր  իրական ֆունկցիան: Հարկային փաթեթի վերաբերյալ տիկին Զոհրաբյանը եւս  ունի իր վերապահումները, որոնց մասին ինքը հնչեցրել է ԱԺ ամբիոնից, սակայն անհամաձայնությունը այս կամ այն օրենքի շուրջ չի ենթադրում կառավարության հրաժարական:

 Խոսելով ավագանու ընտրություններից` Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է ամենաբարձր ակնկալիքով, կա հաղթանակի հասնելու  հստակ նպատակ, իսկ թե արդյունքն ինչպիսին կլինի, պարզ կդառնա մայիսի 31-ից հետո: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն պատրաստված թիմով է ներկայանում ընտրություններին, իրատեսական ծրագիր է ներկայացրել եւ դատելով երեւանցիների հանդեպ իրենց ունեցած վստահությունից` դա հիմք է տալիս պնդելու, որ ԲՀԿ-ն լուրջ արդյունքներ  է արձանագրելու մայիսի 31-ին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով` Երեւանում նախընտրական գործընթացները ընթանում են դրական, եւ արդյունքներն էլ դրական են լինելու: Պարոն Սահակյանը նշեց, որ ընտրախախտումներ լինում են, երբ հանձնաժողովի անդամները լավ չեն տիրապետում օրենքներին: Նա նշեց, որ ոչ ոք իրեն թույլ չի տա եւ չի համարձակվի ընտրակեղծիքների դիմել, քանի որ օրենքն իր ամբողջ խստությամբ հետեւում է գործընթացին եւ խիստ պատիժներ կկիրառի:

Անդրադառնալով քառօրյայի ընթացքում քննարկված հարկային փաթեթին` ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ նոր փոփոխություններով փորձ է արվում վերահսկողություն սահմանել մեծ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկնտների նկատմամբ: ՀՀԿ խմբակցության ղեկավարը գտնում է, որ օրենքը կընդունվի, սակայն պետք է նախ ընդունվեն պատգամավորների առաջարկությունները:

Ըստ Գալուստ Սահակյանի` կառավարության հրաժարականի մասին «ժառանգություն» խմբակցություն ղեկավարի կանխատեսումները չեն կարող իրականություն դառնալ: Նա նշեց, որ կառավարությունը ոչ միայն լուծում է իր առջեւ դրված ծրագրային խնդիրները, այլեւ կյանքի է կոչում հակաճգնաժամային ծրագրերը:
 


22.05.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին
Ս.թ. մայիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) 32-րդ լիագումար նիստի բացման ընթացքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) անունից ելույթով հանդես եկավ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվ...

22.05.2009
Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիի գլխավորած պատվիրակության հանդիպումներ խորհրդարանում
Մայիսի 22-ին Հայաստան-Հունգարիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը եւ խմբի անդամները հանդիպեցին երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի Հանրապետության Ազգային  ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրե...

22.05.2009
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը պարզաբանում է ի պատասխան «Արմենպրես» գործակալության հարցին
Հարց.Ինչպե՞ս կմեկնաբանեք Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին վերագրվող հայտարարությունները համաներման հնարավորության մասին:Պատասխան.Լրագրողների հետ զրուցելիս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել համաներման հնարավորությունը ` հայտնելով  իր բարի ցանկությունը: Նշենք, որ համաձա...

22.05.2009
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հունգարիայի խորհրդարանի պատվիրակությանը
Մայիսի 22-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հունգարիայի Ազգային ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիի գլխավորած պատվիրակությանը:Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ արձանագրեց հայ-հունգարական հարաբերություններում նկատվող աշխուժացումը` միաժամանակ նկատելով, որ ...

22.05.2009
Հովիկ Աբրահամյան. «Խորվաթիան հարազատ է Հայաստանին իր պատմությամբ եւ հավատարմությամբ քրիստոնյա արժեքներին»
Մայիսի 22-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ: Հանդիպմանը նաեւ մասնակցեցին ԱԺ նախագահի տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները եւ խմբակցությունների ղեկավարները:Ողջունելով Խորվաթիայի նախագահին ԱԺ հարկի...

22.05.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Շառլ Ազնավուրի 85-ամյակի առթիվ
Հարգելի պարոն Ազնավուր,Սիրելի շանսոնյե,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 85-ամյակի առթիվ:Ձեր կյանքն ու ստեղծագործությունը վառ օրինակ են բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ոտք դնել երգի ու երաժշտության, բեմարվեստի ու կինոյի ասպարեզ: Ձեր եզակի բանաստեղծական տաղանդը խոր իմաստ եւ շունչ են հաղորդել Ձե...