Տպել
16.05.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պետեր Սեմնեբիին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը,Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ Լյուցենբերգերը, Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաշ Կնոտհեն:


Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց  ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի գործընթացի, մայիսի 7-ին Պրահայում կայացած գագաթաժողովի արդյունքների  եւ տարածաշրջանի նկատամամբ ԵՄ աճող հետաքրքրության վերաբերյալ` հույս հայտնելով, որ երկրների նախագահների հանդիպմանը կհաջորդի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը: Այս համատեքստում  եւս մեկ անգամ շեշտվեց, որ  Հայաստանը եվրաինտեգրումը հռչակել է   որպես քաղաքական առաջնահերթություն: Տարածաշրջանի  կայունության,  խաղաղության, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը խթանելու առումով ` պարոն Աբրահամյանը կարեւորեց խորհրդարանական երկկողմ շփումների,  փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:  ԱԺ նախագահը կարեւորեց  ապրիլին Երեւանում տեղի ունեցած ԵՄ-Հայատան խորհրդարանական համագործակցության հանձնանժողովի նիստը,  գոհունակություն հայտնելով  արդյունքների վերաբերյալ: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին` ԱԺ նախագահ Հովիկ \\\\ Աբրահամյանը նշեց, որ  Հայաստանը կարեւորում է հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձեւաչափ` ընդգծելով, որ  հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանան  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու ուժի չկիրառումը:  Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին. ԱԺ նախագահը կարեւորեց հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը երկրում` համոզմունք հայտնելով, որ առաջիկա ամիսներին այդ ուղղությամբ առաջընթացը նկատելի կլինի:

Պետեր Սեմնեբին նույնպես կարեւորեց Պրահայում կայացած Արեւելյան գործընկերության մեկնարկը եւ հռչակագրի ստորագրումը, որը կարեւոր հիմք կհանդիսանա տարածաշրջանային համագործակցության եւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձր գնահատեց պարոն Աբրահամյանի առաջարկը` խթանել տարածաշրջանային միջխորհրդարանական համագործակցությունը եւ երկկողմ շփումները, ինչը , նրա համոզմամբ, մեծապես կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ տարածաշրջանում կայունության հաստատմանը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց Երեւանի ավագանու ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացումը, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: