Տպել
12.05.2009
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի պատվիրակությունը խորհրդարանում

Մայիսի 12-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Խաղաղ հավաքների ազատության հասարակական մոնիտորինգ» ծրագրի արդյունքներն ու մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

ԵԱՀԿ/ԺՄԻԳ մարդու իրավունքների բաժնի ղեկավարի տեղակալ Քրիստին Մարդիրոսյանը հայտնեց, որ այցի նպատակն է պարզել քաղաքացիական հասարակության դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ ԵԱՀԿ-ի աջակցությունն այս հարցում դարձնել առավել արդյունավետ: Նա տեղեկացրեց, որ այս համատեքստում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ հ/կ-ների, միջազգային կազմակերպությունների ու պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների հետ: Տիկին Մարդիրոսյանին հետաքրքրում էր, թե Հայաստանում ինչպիսի՞ն են հարաբերությունները քաղաքացիական հասարակության եւ իշխանությունների միջեւ:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հանձնաժողովի գործունեությունը ներկայացնելուց հետո տեղեկացրեց, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը փոփոխվել է 2008 թ. մարտիմեկյան դեպքերից հետո, երբ երկրում հասարակական լարվածություն էր ստեղծվել: Ըստ նրա` խորհրդարանը պետք է մեղմեր իշխանությունների ու ընդդիմության միջեւ ստեղծված լարվածությունը եւ երկրում վերահաստատեր փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտը, ինչը եւ հաջողվեց: Ռաֆիկ Պետրոսյանը հավաստիացրեց, որ իշխանությունների քայլերը (2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի, փաստահավաք խմբի, Հանրային խորհրդի ստեղծում) նպաստել են երկրում ստեղծված իրավիճակի կարգավորմանը եւ հանդուրժողականության ապահովմանը: Պարոն Պետրոսյանն ընդգծեց, որ հավաքների ազատությունը վերջին շրջանում լիովին կիրառվում է: Քաղաքացիական հասարակությունը, ըստ հանձնաժողովի փոխնախագահի, մասնակցում է օրենքների նախագծերի ստեղծմանը, կազմակերպվում են խորհրդարանական լսումներ, քննարկումներին մասնակից են դառնում նաեւ հասարակության ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս: