Տպել
20.01.2009
ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային

Հունվարի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային` վերջինիս խնդրանքով: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպան  Մարի Յովանովիչը:

Պարոն Բրայզան շնորհավորեց   Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց ` ընդգծելով խորհրդարանի դերը երկրի ժողովրդավարության զարգացման գործում: 

Ողջունելով հյուրերին` պարոն Աբրահամյանը կարեւորեց հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումը եւ ամրապնդումը: ԱԺ նախագահը նշեց, որ Ազգային ժողովը պետք է բազմակարծության  ու կառուցողական քննադատության ամբիոն լինի բոլոր քաղաքական ուժերի համար: 

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդրին` ԱԺ նախագահը վերահաստատեց հիմնախնդրի խաղաղ լուծման Հայաստանի դիրքորոշումը, միաժամանակ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի  ռազմատենչ  կոչերին, որոնք չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին: Պարոն Աբրահամյանը հիմնախնդրի կարգավորման համատեքստում կարեւորեց ազգերի ինքնորոշման իրավունքի առաջնայնությունը, Հայաստանի հետ Ղարաբաղի ցամաքային կապը եւ  ԼՂՀ ժողովրդի անվտանգության միջազգային երաշխիքները, ինչպես նաեւ բանակցային գործընթացին ԼՂՀ իշխանությունների մասնակցությունը: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ` կարեւորելով հարցի լուծումը ԵԱՀԿ շրջանակներում:

Տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության համատեքստում պարոն Աբրահամյանը կարեւոր համարեց հայ-թուրքական երկխոսության ծավալումը եւ հարաբերությունների զարգացումը  հարեւան բոլոր երկրների հետ: 

Անդրադառնալով   մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի գործունեությանը` ԱԺ նախագահը  կարեւորեց անաչառ եւ օբյեկտիվ  եզրակացություն ներկայացնելը, որը կնպաստի հասարակական երկխոսությանը եւ երկրում վստահության մթնոլորտի վերականգնմանը: Անդրադարձ եղավ ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքին:

Պարոն Բրայզան ողջունեց մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի գործունեությունը` կարեւորելով  հանրությանը ամբողջական եւ անկողմնակալ եզրակացության ներկայացման անհրաժեշտությունը : 

Պարոն Բրայզան գնահատանքով նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Հայաստան հրավիրելու համարձակ նախաձեռնությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը գոհունակությամբ շեշտեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կառուցողական տրամադրվածությունը ուղղված  ղարաբաղյան հիմախնդրի խաղաղ կարգավորմանը` նշելով, որ համանախագահները հարցի լուծումը տեսնում են միայն խաղաղ կարգավորմամբ: Պարոն Բրայզան նույնպես կարեւորեց բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությունը: 
            
Հանդիպման վերջում  մանրամասն քննարկվեց «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շարունակականության հարցը,  անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:


20.01.2009
Հարգանքի տուրք` Կոմիտասի անվան պանթեոնում
Հունվարի 20-ին հայ մեծանուն բանաստեղծուհի, հրապարակախոս, արձակագիր Սիլվա Կապուտիկյանի 90-ամյա հոբելյանի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, գրողների միության ներկայացուցիչներ, պետական, հասարակական-քաղաքական եւ մշակութային բազում գործիչներ ծաղկեպս...