National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.1.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
12.01.2009
ՀՀ ԱԺ նախագահը նամակով դիմել է ԵԽԽՎ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ 2008-ի դեկտեմբերի վերջին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել է ԵԽԽՎ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին: Նամակում նշվում է.

«Ինչպես գիտեք` դեկտեմբերի 17-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը ընդունեց Հայաստանին առնչվող մի բանաձեւի նախագիծ, որը քննարկման կդրվի վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում` 2009 թ. հունվարին: Նախագիծը գնահատում է Հայաստանի կողմից վեհաժողովի նախկին` մարտի 1-2-ի ողբերգական դեպքերին առնչվող 1609 (2008) եւ 1620 (2008) բանաձեւերի կատարման ընթացքը:

Նախագծում ըստ արժանվույն հաստատվում է մարտի 1-2-ի դեպքերի հետաքննման համար անկախ փորձագետների խմբի ստեղծման հարցում Հայաստանի կողմից գրանցված առաջընթացը: Նախագծում հաստատվում են նաեւ բազմաթիվ ոլորտներում բարեփոխումներ նախաձեռնելու նպատակով Հայաստանի իշխանությունների կողմից գործադրված ջանքերը, ինչպես պահանջվում էր վեհաժողովի կողմից, մասնավորապես` լրատվամիջոցներին առնչվող բնագավառներում: Այդուհանդերձ, նախագծում բացասական եզրահանգումներ են արվում վերոնշյալ դեպքերի առնչությամբ ազատազրկված անձանց կապակցությամբ: Նման եզրահանգումները, կալանավորված անձանց քաղաքական որակավորման եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ առաջարկված պատժամիջոցներով հանդերձ, ամենամտահոգիչն են  մի շարք պատճառներով:

Մեզ մտահոգող խնդիրների վերաբերյալ Ձեր բարենպաստ մոտեցման ակնկալիքով` սույն նամակին կցում եմ նաեւ մի հուշագիր, որը կօգնի ավելի լավ պատկերացում կազմել նախագծում բարձրացված հարցերում գրանցված առաջընթացի մասին:

Ի լրումն այն հիմնական խնդիրների, որոնք հնչեցվում են կցված փաստաթղթում` կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել նախագծի չափազանց վնասաբեր էությանը, որը, ընդունվելու պարագայում, էականորեն կվտանգի Հայաստանում ներքին կայունությունը եւ միջամտելով դատական գործընթացին` հիմնովին կվնասի պետության կառույցների ամբողջականությանը, որը հիմնված է իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա:

Ոչ պակաս կարեւոր է, որ առաջարկվող պատժամիջոցը չափազանցված է, անհամաչափ եւ չի համապատասխանում վեհաժողովի նախկին գործելակերպին, այդ թվում եւ մեր տարածաշրջանի մյուս պատվիրակությունների հանդեպ: Այն կհանդիսանա երկակի ստանդարտների կիրառման դեպք եւ կհակասի Եվրոպայի խորհրդի եւ վեհաժողովի շրջանակներում համագործակցության եւ երկխոսության խթանմանն ուղղված մեր հավաքական ջանքերին:

Եվ ի վերջո, նախագիծն իր բնույթով պարունակում է տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հիմնարար խնդիրների վերաբերյալ որոշ ուժերի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու լուրջ ռիսկեր, որոնք չեն հանդուրժվի, սակայն զգալիորեն կվնասեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված մեր  անվիճարկելի վճռականությանը եւ ջանքերին: Այն լրացուցիչ եւ լուրջ ճնշում կհանդիսանա երկրի տնտեսության վրա` նվազեցնելով օտարերկրյա ներդրողների վստահությունը, որն էլ հատկապես անարդար է շրջափակված պետության հանդեպ` հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Ուստի, օգտվելով առիթից` հայցում եմ ԵԽԽՎ-ում Ձեր երկրի պատվիրակության աջակցությունը հարցի առնչությամբ հետագա զարգացումների եւ հունվարին կայանալիք քվեարկումների ժամանակ: Կցանկանայի Ձեզ վստահեցնել, որ նման աջակցության տրամադրումը ոչ մի կերպ չի ազդի Խորհրդի հետ ամբողջովին համագործակցելու Հայաստանի  պատրաստակամության վրա: Հայաստանը հավատարիմ է մարդու իրավունքների հիմնադրույթներին, որոնք ամրագրված են մեր երկրի սահմանադրական իրավունքով եւ մեր ստանձնած միջազգային պարտավորություններով: Ավելին, մենք խորապես համոզված ենք, որ  անհնար է հետագայում եւս շոշափելի առաջընթաց արձանագրել բարեփոխումների ճանապարհին առանց ամուր եւ զարգացած դատական համակարգի: Մենք, այդուհանդերձ, համաձայն չենք, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը կբարելավի ժողովրդավարական վիճակը երկրում:

Ես անկեղծորեն վստահում եմ Ձեր դատողությանը եւ լիահույս եմ, որ մեր նկատառումները եւ նախագծի առաջարկված լրամշակումները կստանան Ձեր լիակատար աջակցությունը: Ձեր տրամադրության տակ եմ` լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտության դեպքում, որոնք  կարող են առաջանալ այս հարցի շուրջ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը միշտ պատրաստ են տրամադրելու լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանումներ` Ձեր պատվիրակությանը վերոնշյալ նստաշրջանին նախապատրաստվելու համար»:


12.01.2009
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները Հայաստանում
Հունվարի 15-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը, Ժորժ Կոլոմբիեն եւ հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը կժամանեն Երեւան:Համազեկուցողների այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Ազգ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am