Տպել
16.12.2008
«Բոլոր հանդիպումները շատ ջերմ մթնոլորտում էին անցնում»

Ամփոփելով երկօրյա պեկինյան հանդիպումները` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին.

-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հանդիպումները Չինաստանի խորհրդարանի ու կառավարության ներկայացուցիչների հետ:

-Պեկինյան քննարկումները սկսվեցին ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի նախագահ Ու Բանգոյի հետ հանդիպումով, որը շատ եմ կարեւորում: Հանդիպումից հետո առաջին անգամ ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը ներառում է երկու խորհրդարանների հարաբերությունների բոլոր կետերը: Ես համոզված եմ, որ հուշագրի ստորագրումից հետո լինելու է սերտ համագործակցություն խորհրդարանի նախագահների, հանձնաժողովների, պատգամավորական բարեկամության խմբերի, աշխատակազմերի միջեւ: Պայմանավորվեցինք, որ 2009 թ. պարոն Ու Բանգոն կայցելի Հայաստան, նրա այցը հետաձգվել էր Չինաստանում երկրաշարժի պատճառով: Չինաստանի խորհրդարանի փոխնախագահի հետ նույնպես հանդիպեցինք, քննարկեցինք տնտեսական համագործակցության վիճակն ու հնարավորությունները, արձանագրեցինք, որ երկու երկրներում առկա ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում, միջկառավարական հանձնաժողովները պետք է աշխատեն ավելի ակտիվ: Մենք խնդրեցինք իր աջակցությունը, որ ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանին հատկացվի մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ: Այսօր ես զգացի այդ աջակցությունը նաեւ փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ. արդեն հարցը քննարկվել էր խորհրդարանի նախագահի ու կառավարության հետ: Նա խոստացավ, որ կլինի հանձնարարական համապատասխան կառույցներին, որ այդ հարցով սկսեն զբաղվել: Չինաստանի խորհրդարանի նախագահի պատասխան այցը Հայաստան նույնպես կարեւորում ենք, կլինեն քննարկումներ համագործակցության մասին նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում:  Քաղաքական ու տնտեսական համագործակցությունը տեղ ունի զարգանալու: Համոզված եմ, որ երկու հազար ինը թվականին պարոն ՈՒ Բանգոյի այցը Հայաստան ավելի կնպաստի այդ համագործակցության զարգացմանը:

-2009 թ. նախատեսվում է նաեւ միջկառավարական հանձնաժողովի նիստը: Այդ հարցին անդրադարձներ եղա՞ն:

-2009 թ-ի առաջին կիսամյակում նախատեսվում է  միջկառավարական հանձնաժողովի նիստ, որը ավելի կակտիվացնի համագործակցությունը տնտեսության այն ոլորտներում, որոնք առայժմ թերի են: Այլ բնագավառներում` քիմիական, արդյունաբերության, գիտության ու մշակույթի նույնպես նկատվում է ակտիվություն: Այս տարի ՀՀ փոխվարչապետն է Չինաստան այցելել` մասնակցելու տնտեսական ցուցահանդեսին, որը նույնպես կարեւորվեց: Իմ կարծիքով` շատ բնագավառներ դեռ կան, որտեղ կարող ենք համագործակցությունն ակտիվացնել: Չինաստանը մեզ համար շատ կարեւոր երկիր է, աշխարհի հզոր երկրներից մեկն է: Հանդիպումների ժամանակ զգացվում էր նաեւ խորհրդարանի նախագահի, փոխնախագահի, առաջին փոխվարչապետի ցանկությունը` Հայաստանի հետ հարաբերությունները ակտիվացնելու: Մեր այցը արդյունավետ էր եւ ավելի արդյունավետ կլինի, եթե բոլոր պայմանավորվածությունները պահպանենք:  Ես գտնում եմ, որ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք հայ-չինական հարաբերություններին` ապահովելու համար դրանք փոխշահավետ զարգացումը:

-Հանդիպումների ժամանակ քննարկվե՞ց Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը Չինաստանի մասնակցության հարցը:

-Այո, մինչեւ փոխվարչապետի հետ մեր հանդիպումը, միմյանց հանդիպել էին ՀՀ եւ ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարարները: Փոխվարչապետը հայտնեց, որ համապատասխան հանձնարարարական կլինի շինարարական կազմակերպություններին, որոնք ցանկության դեպքում  կարող են մասնակցել մրցույթին: Երկաթգծի շինարարությունը ունի եւ տնտեսական, եւ քաղաքական նշանակություն, որը նույնպես կնպաստի, որ Չինաստանը մասնակցի նախագծին: 

-Շանսի-Նաիրիտ համատեղ ձեռնարկության գործարկման մասին քննարկումներ եղա՞ն:

-Այո, փոխվարչապետն ասաց, որ համատեղ ձեռնարկության շահագործումը օբյեկտիվ պատճառներով տեղափոխվել է 2009 թ-ի առաջին եռամսյակ, ես համոզված եմ որ այդ ժամկետում ձեռնարկությունը կսկսի աշխատել:

-Վաղը պատվիրակությունը մեկնելու է Հայնյան նահանգ, ինչո՞վ է պայմանավորված այդ նահանգի ընտրությունը:

-Առաջարկը եղել է չինական կողմից: Այնտեղ մեծ ավտոձեռնարկություն կա, որ տարեկան ինը միլիոն մեքենա է արտադրում: Պատվիրակությունը կայցելի «Հայմա»  ավտոգործարան եւ եթե համապատասխան առաջարկներ լինեն, կփոխանցենք Հայաստանի կառավարությանը: Նահանգի կենտրոն Հայկոուն մեծ քաղաք է, որտեղ, ինչպես ասաց փոխվարչապետը, վերջին տասնհինգ տարում զբոսաշրջությունը հատկապես զարգացել է: Հանդիպելու ենք նահանգի իշխանություններին եւ եթե առաջարկներ լինեն, Հայաստանի Հանրապետության կառավարություն կփոխանցենք:

-Ի՞նչ տպավորություններ ունեք պեկինյան հանդիպումներից:

-Պեկինում ավարտեցինք պաշտոնական հանդիպումները եւ արդեն կարող ենք արձանագրել, որ բոլոր հանդիպումները շատ ջերմ մթնոլորտում էին անցնում, զգացվում էր  մարդկային ջերմությունը, որի համար շատ շնորհակալ եմ Չինաստանի կառավարությանն ու ժողովրդին:
 
  



16.12.2008
Պեկինյան հանդիպումներ
Դեկտեմբերի 16-ին Պեկինում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Համաչինական Ժողովի Մշտական Կոմիտեի փոխնախագահ Լի Ցզյանգոն: Հանդիպմանը մասնակցում էին Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյա...

16.12.2008
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոն խորհրդարանում
Դեկտեմբերի 16-ին  ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոն Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Կորինթիոսը:...