Տպել
12.12.2008
Ժամանակավոր հանձնաժողովի անդամների ասուլիսը

Դեկտեմբերի 12-ին 2008 թ.  մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի փակ նիստից հետո ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ անդամները լրագրողներին մանրամասներ ներկայացրին նիստի աշխատանքներից: Նրանք լրագրողներին փոխանցեցին ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի տրամադրած տեղեկատվությունը մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ: Պարոն Նիկոյանն ընդգծեց, որ թեեւ հանձնաժողովի նիստը փակ է եղել, սակայն նկարահանվել է, եւ ցանկացողները կարող են տեսաերիզը դիտել:

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը տեղեկացրել է, որ բացի ներքին զորքերի երկու ծառայողներից, զոհվածներից երեքը «Չերյոմուխա 7»-ից են մահացել, 1-ը` բութ գործիքի հարվածից, մյուսները` հրազենային վնասվածքից: «Չերյոմուխա 7» օգտագործել են ներքին զորքերը: Ծառայողական քննության համաձայն` ներքին զորքերի տրամադրության տակ եղած զորքերի սպառազինության մեջ գտնվող զենքից մահացու դեպք եղե՞լ է հարցին Գրիգոր Գրիգորյանը պատասխանել է, որ զենքերը ներկայացվել են նախաքննական մարմին, ձգաբանական փորձաքննություն է իրականացվել, սակայն դեռեւս մահացու դեպքերը հաստատող եզրակացություն չկա: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին հետաքրքրել է, թե զանգվածային անկարգությունները տարերայի՞ն են եղել, թե՞ կազմակերպված, ոստիկանության դեմ հրազենի կիրառում եղել է, թե` ոչ: Գրիգոր Գրիգորյանի տպավորությամբ` զանգվածային անկարգությունները կազմակերպված են եղել, ոստիկանների դեմ կիրառվել է մարտական նռնակ, հրազեն, որի նպատակն է եղել վախեցնել, ոչ թե սպանել զինծառայողներին: Ցուցարարները օգտագործել են նաեւ «Զարյա» տեսակի ձայնալուսային ազդեցության հատուկ միջոցներ, նռնակներ, «ոզնի», քարեր եւ հեղուկով շշեր: Պարոն Նիկոյանը փոխանցեց, որ Գրիգոր Գրիգորյանի տեղեկացմամբ ոստիկանությունն ունեցել է 10 տեսակի հատուկ միջոցներ, որոնցից օգտագործվել են 6-ը, մինչդեռ պարոն Գրիգորյանը նկատել է, որ 20 տեսակի հատուկ միջոցներ են եղել, ինչը ենթադրում է, որ ցուցարարները եւս կիրառել են «Զարյա» տեսակի հատուկ միջոց: Ոստիկանության զորքերի նախկին հրամանատարը տեղեկացրել է նաեւ, որ Լեո եւ Պարոնյան փողոցների խաչմերուկում, երբ ցուցարարների հրազենային փամփուշտից վիրավորվել է Տիգրան Աբգարյանը, ինքը հանձնարարել է հատուկ նշանակության ջոկատի դիպուկահարին վնասազերծել զենք օգտագործող ցուցարարին: Դիպուկահարը ոտքից վիրավորել է ցուցարարին: Պարոն Գրիգորյանը 4 զինվոր է ուղարկել, սակայն ցուցարարը փախել է, եւ նրա ինքնությունը չի պարզվել: Գեներալ-լեյտենանտ  Գրիգոր Գրիգորյանը նշել է, որ ինքը մինչ մարտիմեկյան դեպքերը ոչ հավաստի տեղեկություններ է ունեցել, որ ցուցարարները Վրաստանից հատուկ միջոցներ են ներկրում Հայաստան` ոստիկանների դեմ կիրառելու համար, սակայն տեղեկատվությունը Վրաստանի իշխանությունների հետ չի ճշտվել ոչ հավաստի լինելու պատճառով: Ըստ հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանի` ոստիկանության գործողությունները եղել են իրավիճակային, ծրագրված չեն եղել: Ըստ նրա` պետք է պարզել, թե ինչու՞ ոստիկանության քայլերը չեն եղել պլանավորված եւ մշակված` հետագայում նման դեպքերից խուսափելու համար: Տեղեկացվեց, որ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը ամփոփիչ խոսքում ընդգծել է, որ կատարել է այն, ինչ իբրեւ գեներալ համարել է ճիշտ, պաշտպանել է պետության շահերը եւ ցավում է, որ եղել են զոհեր ու իր մարտական ընկերները այժմ անազատության մեջ են, ինչը, ըստ գեներալի, նրանց ընտրությունն է:


12.12.2008
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի Մշտական Կոմիտեի նախագահ Ու Բանգոյի հրավերով դեկտեմբերի 14-ին պաշտոնական այցով Պեկին է մեկնելու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Սամվել Նիկոյանը(ՀՀԿ),...

12.12.2008
Պարզաբանումներ ներկայացրեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատարը
Դեկտեմբերի 12 -ին տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ:  Նիստին առաջին անգամ մասնակցում էին «Նոր ժամանակներ» կուսակց...

12.12.2008
Օլիմպիադաներում հաղթած ուսանողները խորհրդարանում
Դեկտեմբերի 12-ին ՀՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, փոխնախագահ Նաիրա  Զոհրաբյանը եւ Կարեն Ավագյանը հանդիպեցին Երեւանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկա ֆակուլտետի ուսանողներ Լեւոն Նուրբեկյանի, Դավի...