National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
12.12.2008
Ժամանակավոր հանձնաժողովի անդամների ասուլիսը

Դեկտեմբերի 12-ին 2008 թ.  մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի փակ նիստից հետո ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ անդամները լրագրողներին մանրամասներ ներկայացրին նիստի աշխատանքներից: Նրանք լրագրողներին փոխանցեցին ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի տրամադրած տեղեկատվությունը մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ: Պարոն Նիկոյանն ընդգծեց, որ թեեւ հանձնաժողովի նիստը փակ է եղել, սակայն նկարահանվել է, եւ ցանկացողները կարող են տեսաերիզը դիտել:

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը տեղեկացրել է, որ բացի ներքին զորքերի երկու ծառայողներից, զոհվածներից երեքը «Չերյոմուխա 7»-ից են մահացել, 1-ը` բութ գործիքի հարվածից, մյուսները` հրազենային վնասվածքից: «Չերյոմուխա 7» օգտագործել են ներքին զորքերը: Ծառայողական քննության համաձայն` ներքին զորքերի տրամադրության տակ եղած զորքերի սպառազինության մեջ գտնվող զենքից մահացու դեպք եղե՞լ է հարցին Գրիգոր Գրիգորյանը պատասխանել է, որ զենքերը ներկայացվել են նախաքննական մարմին, ձգաբանական փորձաքննություն է իրականացվել, սակայն դեռեւս մահացու դեպքերը հաստատող եզրակացություն չկա: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին հետաքրքրել է, թե զանգվածային անկարգությունները տարերայի՞ն են եղել, թե՞ կազմակերպված, ոստիկանության դեմ հրազենի կիրառում եղել է, թե` ոչ: Գրիգոր Գրիգորյանի տպավորությամբ` զանգվածային անկարգությունները կազմակերպված են եղել, ոստիկանների դեմ կիրառվել է մարտական նռնակ, հրազեն, որի նպատակն է եղել վախեցնել, ոչ թե սպանել զինծառայողներին: Ցուցարարները օգտագործել են նաեւ «Զարյա» տեսակի ձայնալուսային ազդեցության հատուկ միջոցներ, նռնակներ, «ոզնի», քարեր եւ հեղուկով շշեր: Պարոն Նիկոյանը փոխանցեց, որ Գրիգոր Գրիգորյանի տեղեկացմամբ ոստիկանությունն ունեցել է 10 տեսակի հատուկ միջոցներ, որոնցից օգտագործվել են 6-ը, մինչդեռ պարոն Գրիգորյանը նկատել է, որ 20 տեսակի հատուկ միջոցներ են եղել, ինչը ենթադրում է, որ ցուցարարները եւս կիրառել են «Զարյա» տեսակի հատուկ միջոց: Ոստիկանության զորքերի նախկին հրամանատարը տեղեկացրել է նաեւ, որ Լեո եւ Պարոնյան փողոցների խաչմերուկում, երբ ցուցարարների հրազենային փամփուշտից վիրավորվել է Տիգրան Աբգարյանը, ինքը հանձնարարել է հատուկ նշանակության ջոկատի դիպուկահարին վնասազերծել զենք օգտագործող ցուցարարին: Դիպուկահարը ոտքից վիրավորել է ցուցարարին: Պարոն Գրիգորյանը 4 զինվոր է ուղարկել, սակայն ցուցարարը փախել է, եւ նրա ինքնությունը չի պարզվել: Գեներալ-լեյտենանտ  Գրիգոր Գրիգորյանը նշել է, որ ինքը մինչ մարտիմեկյան դեպքերը ոչ հավաստի տեղեկություններ է ունեցել, որ ցուցարարները Վրաստանից հատուկ միջոցներ են ներկրում Հայաստան` ոստիկանների դեմ կիրառելու համար, սակայն տեղեկատվությունը Վրաստանի իշխանությունների հետ չի ճշտվել ոչ հավաստի լինելու պատճառով: Ըստ հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանի` ոստիկանության գործողությունները եղել են իրավիճակային, ծրագրված չեն եղել: Ըստ նրա` պետք է պարզել, թե ինչու՞ ոստիկանության քայլերը չեն եղել պլանավորված եւ մշակված` հետագայում նման դեպքերից խուսափելու համար: Տեղեկացվեց, որ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը ամփոփիչ խոսքում ընդգծել է, որ կատարել է այն, ինչ իբրեւ գեներալ համարել է ճիշտ, պաշտպանել է պետության շահերը եւ ցավում է, որ եղել են զոհեր ու իր մարտական ընկերները այժմ անազատության մեջ են, ինչը, ըստ գեներալի, նրանց ընտրությունն է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS