National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.12.2008
Պարզաբանումներ ներկայացրեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատարը


Դեկտեմբերի 12 -ին տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ:  Նիստին առաջին անգամ մասնակցում էին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Նիստին հրավիրվել էր ոստիկանության զորքերի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը:

Պարոն Նիկոյանը շնորհակալություն հայտնեց պարոն Գրիգորյանին հանձնաժողովի հրավերը ընդունելու համար, քանի որ  նա մարտյան դեպքերին առնչություն ունեցող առաջին նախկին բարձր պաշտոնյան է, ով պատրաստակամություն է հայտնել պարզաբանումներ ներկայացնել իրադարձությունների վերաբերյալ:

Պարոն Գրիգորյանը հանձնաժողովի անդամներին մանրամասն  իրազեկեց մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության զորքերի գործողությունների, թվակազմի, սպառազինության հիմնական միջոցների, ցուցարարների եւ զինծառայողների գործողությունների ընթացքի  վերաբերյալ: Նրա խոսքով` Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ եղել են պաշտպանիչ միջոցներ` ռետինե մահակներ, հակահարվածային վահաններ, պլաստմասե սաղավարտներ, ջրանետ մեքենաներ, հատուկ քիմիական միջոցներ` «Չերյոմուխա» տիպի  գազային նռնակով փամփուշտներ, անփամփուշտ գնդակներով հրազեն, 10 հատ «Զարյա» տեսակի ձայնալուսային հատուկ միջոց, որոնցից օգտագործել են 6-ը, իսկ 4-ը վերադարձվել է պահեստ: Գեներալի խոսքով ցուցարարները զինված էին մետաղաձողերով, սրածայր «ոզնիներով», քարերով, վառվող շշերով, մարտական նռնակներով, հրազենով եւ «Զարյա» ձայնալուսային հատուկ միջոցով: Գործողություններին մասնակցել է նաեւ հատուկ  նշանակության ջոկատը, որի կազմում եղել է 1 դիպուկահար:  Զինծառայողների կողմից  առաջին  80 վիրավորվածներից  25-ը ունեցել են հրազենաբեկորային վնասվածքներ:  Նրա դիտարկմամբ, ցուցարարների նպատակն է եղել  ոչ թե սպանել, այլ վիրավորել զինծառայողներին, քանի որ վիրավորների մեծ մասը ոտքերից էին վնասվել: Պարոն Գրիգորյանի համոզմամբ ցուցարարների գործողությունները կրում էին կազմակերպված բնույթ:  Ոստիկանության զորքերի գործողությունները կրել են պաշտպանական բնույթ` կանխելու համար ցուցարարների առաջխաղացումը դեպի կառավարության շենք եւ նախագահական նստավայր: Անդրադառնալով Լեոյի փողոցում տեղի ունեցած դեպքերին` պարոն Գրիգորյանը նշեց, որ «Սվին» խանութի մոտ տեղակայված զորքի ուղղությամբ ցուցարարների կողմից  նռնակներ են նետվել, որի հետեւանքով վիրավորվել են մի քանի  զինծառայող, իսկ դիպուկահար կրակոցից վիրավորվել եւ հետագայում մահացել է զինծառայող Տիգրան Աբգարյանը: Գեներալը հանձնարարել է դիպուկահարին հարմար դիրք զբաղեցնել եւ թուլ չտալ զինված որեւէ մեկին կրակել անձնակազմի վրա:  Հետագայում դիպուկահարը զեկուցել է, որ նկատել է զինված մեկին եւ վնասազերծել` վիրավորելով ոտքերից:

Վերջում պարոն Գրիգորյանը նշեց, որ ինքը ցավում է բոլոր զոհերի համար եւ իր այն  մարտական ընկերների համար, ովքեր այժմ ազատազրկված են, բայց դա իրենց ընտրությունն է եղել: Գեներալը նշեց, որ ինքը պաշտպանել է պետության եւ պետականության շահերը եւ արել է առավելագույնը խուսափելու համար զոհերից եւ վիրավորներից:

Գրիգոր Գրիգորյանը պատասխանեց նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին:

Անդրադառնալով օրակարգի հաջորդ հարցին, պարոն Նիկոյանը նշեց, որ հանձնաժողովը դիմել է ԱՄՆ դեսպանություն` խնդրելով օգնել որեւէ միջազգային փորձագիտական կենտրոնում անցկացնելու ձգաբանական փորձաքննություն`  «Չերյոմուխա -7»-ի նույնականացման խնդիրը պարզելու նպատակով:

Պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վ.Հարությունյանը դիմել է իրեն` նախաքննական մարմնին վերադարձնելու մարտյան դեպքերի ընթացքում օգտագործված փամփուշտների եւ հատուկ միջոցների վերաբերյալ ՀՀ ՈԶ հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների զեկուցագրերի պատճեններից դիպուկահարի ինքնությունը բացահայտող փաստաթղթերը:
 





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am