Տպել
10.12.2008
Խորհրդարանական լսումներ` Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման հարցերի շուրջ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների` դեկտեմբերի 10-ին եւ 11-ին կազմակերպած խորհրդարանական լսումների թեման երկրորդ ընթերցման ներկայացված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր: Լսումներին մասնակցում էին օրենսդիր եւ գործադիր իշխանության, հ/կ-ների, արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ եւ այլք: Խորհրդարանական լսումներին ներկա էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
 
Բացման խոսքում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծի ընդունումը բխում է սահմանադրական բարեփոխումներից: Խոսելով հանրապետությունում իրականացվող տնտեսական բարեփոխումներից` պարոն Հարությունյանը շեշտեց, որ տնտեսական բարեփոխումների ներուժն անսպառ չէ, եթե դրան զուգահեռ չեն ընթանում քաղաքական բարեփոխումներ: Ըստ պարոն Հարությունյանի` կան քաղաքական բարեփոխումներ, որոնք կապված են երկրի գործունեության արդյունավետության հետ: Անդրադարձ կատարվեց ժողովրդավարության ոլորտում Հայաստանին բնորոշ թերության մասին` քաղաքական ուժերը ունեն մեկ հիմնական հնարավորություն` մասնակցելու երկրի քաղաքական կյանքին, չկա քաղաքական ուժերի, քաղաքական կուսակցությունների համար դրսեւորվելու գործունեության դաշտ, ինչը հնարավորություն կտար շահել ձայներ ապագա խորհրդարանական ընտրություններում: Խորհրդարանական ընտրությունները չպետք է լինեն փորձադաշտ քաղաքական կուսակցությունների համար, դա պետք է լինի երկարատեւ աշխատանքի արդյունք: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ հարցը քաղաքականացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների միջոցով է լուծվում: Տեղական ինքնակառավարման մարմինները փորձադաշտ են, ուր քաղաքական կուսակցությունները հավակնություններ են ներկայացնում, ստանում են ընտրողների վստահությունը, դրսեւորում են իրենց, հետագայում հավակնում ավելի լուրջ պատասխանատվության: Զեկուցողի համոզմամբ` Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չի կարելի անվանել քաղաքականացված, օրենքը առաջին քայլն է դեպի քաղաքականացված ընտրություն: Քաղաքապետի ընտրությունները պարոն Հարությունյանը անվանեց կիսաուղղակի ընտրություններ: Քաղաքապետը հանդիսանում է քաղաքական կուսակցության ցուցակի առաջատար դեմքը եւ այդ կուսակցությունն է, որ ստանձնում է պատասխանատվություն տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության համար` ապացուցելով ընտրողներին, որ իր գործունեության արդյունավետությունը հնարավորություն կտա հետագայում ոչ միայն պահպանելու իր դիրքերը, այլեւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հաջողություններ ունենալ: Նշվեց, որ քաղաքականացված ընտրությունը պետք է տարածում գտնի ՀՀ համայնքների գերակշիռ մասում: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` լինելու է Սահմանադրության փոփոխություն, որպեսզի ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները իրականացվեն միաժամանակյա: Նրա կարծիքով` քննարկման առարկա է համակարգաստեղծ օրենք, որը կարեւոր է ինչպես Երեւանում տեղական ինքնակառավարում ձեւավորելու համար, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բարեփոխումների նոր փուլ սկսելու համար:

Բացման խոսքով ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը: Նա, ակնկալելով ներկաների ակտիվ եւ շահագրգիռ մասնակցությունը քննարկումներին, նշեց, որ լրամշակված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը կատարելագործման կարիք ունի: Խոսելով օրինագծի դրույթներից` պարոն Մարգարյանն իրազեկեց, որ Սահմանադրությամբ Երեւանը համայնք է: Քննարկվող նախագիծն առաջարկում է ավագանու կողմից Երեւանի քաղաքապետի ընտրության անուղղակի կառուցակարգ, սահմանվում են Երեւանի քաղաքապետի եւ ավագանու, հանրապետական գործադիր մարմինների եւ տարածքային կառավարման նախարարության հետ փոխհարաբերությունները: Նշվեց, որ առաջին ընթերցումից հետո բազմաթիվ առաջարկներ քննարկվել են միջազգային ու տեղական փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու շահագրգիռ անձանց հետ, խորհրդարանական լսումների նպատակն է ամփոփել նախագծի շուրջ եղած առաջարկները: Հովհաննես Մարգարյանի համոզմամբ` օրենքի ընդունմամբ երեւանցիներին հնարավորություն կընձեռվի անմիջական մասնակիցը դառնալ համայնքի կառավարմանը, ինչը մինչ այժմ իրականացվել է թաղային մակարդակով: Ողջունվեց նախագծով Երեւանի քաղաքապետի գործողությունների համար քաղաքական պատասխանատվության գաղափարի ամրագրումը, քանի որ համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու վստահությունը վայելող քաղաքապետի գործողությունների հետեւանքները կրելու են նրան վստահած քաղաքական ուժերը: Ըստ հանձնաժողովի նախագահի` օրենքի ընդունումից եւ գործնական կիրարկումից հետո առաջիկայում անհրաժեշտ կլինի ձեռնամուխ լինել ՀՀ այլ խոշոր քաղաքներում` Գյումրիում եւ Վանաձորում, տեղական ինքնակառավարման այս մոդելի ներդրմանը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը «Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները» թեմայով ելույթ ունենալով` տեղեկացրեց, որ օրինագծի մշակման աշխատանքներին մասնակցել են հ/կ-ների ներկայացուցիչներ եւ եվրոպական փորձագիտական խմբեր: Նշվեց, որ օրենքի նախագիծը սահմանում է տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման սկզբունքները, մարմինները, լիազորությունները, իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները: Փոխնախարարը մանրամասնեց օրինագծի հիմնադրույթները` տեղեկացնելով, որ Երեւանում արդյունավետ տեղական ինքնակառավարում իրականացնելու նպատակով Երեւանը բաժանվելու է վարչական շրջանների, որոնց թիվն ու սահմանները  համապատասխան են Երեւանի թաղային համայնքների թվին ու սահմաններին: Տեղական ինքնակառավարումը Երեւանում հիմնվելու է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքին, ինչը համահունչ է «Տեղական ինքնակառավարման մասին» եվրոպական հռչակագրին: Երեւանում տեղական ինքնակառավարումը արդյունավետ իրականացնելու նպատակով տեղական ինքնակառավարման որոշ լիազորություններ տրվելու են վարչական շրջանի ղեկավարին: Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են` Երեւանի ավագանին եւ Երեւանի քաղաքապետը: Երեւանի քաղաքապետի առաջարկությամբ եւ ավագանու որոշմամբ վարչական շրջանի ղեկավարին կարող են պատվիրվել նաեւ այլ  լիազորություններ, բացառությամբ այն լիազորությունների, որոնք վերաբերում են Երեւանի ավագանու հետ հարաբերություններին: Նշվեց, որ օրինագծով չկարգավորվող հարաբերությունները կկարգավորվեն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով: Եվրոպական փորձագետների հետ քննարկումների արդյունքում տեղի է ունեցել կարեւոր սկզբունքային փոփոխություն. օրինագծի սկզբնական տարբերակում Երեւանի քաղաքապետը պետք է ունենար երկակի դերակատարում` մի կողմից իբրեւ Երեւանի քաղաքապետ կիրականացներ տեղական ինքնակառավարում, մյուս կողմից օգտագործվելով  պատվիրակված լիազորությունների ինստիտուտը` կունենար տարածքային կառավարմանը  բնորոշ լիազորություններ եւ գործառույթներ: Ըստ եվրոպական փորձագետների` դրանով վտանգվում էին Երեւանի քաղաքապետի լիազորությունները: Ի վերջո հեղինակային խումբը որոշեց Երեւանում տարածքային կառավարումն իրականացնել տարածքային կառավարման նախարարության կողմից` ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված կարգով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետական գործադիր մարմինները  գտնվում են Երեւանում եւ միջնորդավորված մարմին ունենալու անհրաժեշտություն չկա: Տեղական ինքնակառավարման գործառույթը կիրականացնի Երեւանի քաղաքապետը: Երեւանում  ավագանին տեղական ինքնակառավարման բարձրագույն  մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում Երեւանի քաղաքապետի գործունեության նկատմամբ, հաստատում է Երեւանի բյուջեն եւ վերահսկում է բյուջեի կատարումը, հաստատում է բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ ավագանու եւ խմբակցությունների պահանջով հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստեր պարզելու համար կարող են ստեղծվել նաեւ ժամանակավոր քննող հանձնաժողովներ, որոնք  կարող են գործել մինչեւ տվյալ փաստը պարզելը: Քննող հանձնաժողովը բաղկացած է լինելու խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից, անկախ ավագանու  ներկայացվածությունից, այսինքն` հավասարաչափ ներկայացվածության սկզբունքը պահպանվել է: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահը կնշանակվի քննող հանձնաժողովի ստեղծման նախաձեռնություն ներկայացրած խմբակցության կողմից: Կարող են անցկացվել հրատապ թեմայով քննարկումներ ավագանու հերթական նստաշրջանի յուրաքանչյուր նիստում  ավագանու ընդհանուր թվի առնվազն 1/3-ի պահանջով: Ներկայացնելով Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը` հիմնական զեկուցողը նշեց, որ որոշման նախագիծը ներկայացնելով` նախաձեռնող խմբի մեջ չմտնող Երեւանի ավագանու առնվազն 22 անդամներ որոշակի ժամկետով կարող են առաջադրել Երեւանի քաղաքապետի այլ թեկնածու եւս: Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել քաղաքապետի լիազորությունները ստանձնելուց եւ անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Արդյունքում ստացվում է, որ անվստահություն կարելի է հայտնել տարին մեկ անգամ  եւ ոչ ավել: Այս մեխանիզմը նպատակ ունի կանխել նույն մեծամասնություն կազմող ուժի հնարավոր կեղծ անվստահության նախաձեռնությունը: Երեւանի քաղաքապետի թեկնածու կարող է լինել 30 տարին լրացած,  ՀՀ քաղաքացիություն ունեցող  եւ Երեւանի ավագանու անդամ անձը, որը չպետք է ունենա այլ երկրի քաղաքացիություն, այսինքն` եթե Երեւանի ավագանու անդամների  համար նախատեսվում է երկքաղաքացիության հնարավորություն, ապա Երեւանի քաղաքապետի համար` ոչ:

Ոլորտի պատասխանատուներն իրենց ելույթներում անդրադարձան քաղաքապետի ընտրություններում բոնուսային համակարգի կիրառմանը, քաղաքապետի պաշտոնի քաղաքականացմանը, կիսաուղղակի ընտրությունների անցկացման արդյունավետությանը, ավագանիների վարձատրությանը, օրենքով քաղաքացիների իրավահավասարության պաշտպանությանը, քաղաքապետի գործունեության նկատմամբ ավագանու վերահսկողության նպատակահարմարությանը, օրինագծի հակասահմանադրական դրույթներին, համայնքների հզորացմանը եւ այլն:

Ամփոփելով խորհրդարանական լսումների առաջին մասի աշխատանքները եւ անդրադառնալով ելույթներին, հարցադրումներին ու առաջարկներին` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ համայնքների միավորմանը վերաբերող առաջարկը տեղին չէ, քանի որ Սահմանադրության ընդունումից եւ տեղական ինքնակառավարման ձեւավորումից հետո համայնքները վարչական կառավարման միջոց են դառնալու, որոնք կոչված են լինելու մոտեցնել տեղական իշխանությունը ժողովրդին: Հակաժողովրդական առաջարկություն է, ըստ նրա, 50 տոկոսից ավել ավագանու ձայն ունեցող կուսակցության ցուցակի առաջին համարի չանցնելու դեպքում իրավունքը մյուս կուսակցության առաջին համարին անցնելը: Անդրադարձ եղավ ավագանու նիստերի կազմակերպման ընթացակարգին: Դավիթ Հարությունյանի կարծիքով` տեղին չէ զուգահեռներ անցկացնել Ազգային ժողովի եւ քաղաքապետարանի աշխատանքների միջեւ, քանի որ տեղական ինքնակառավարումը պետություն չէ եւ նրա վրա չի տարածվում պետության մոդելը: Ավագանին այն դաշտն է, ուր կուսակցությանը հնարավորություն է տրվում ստանձնել պատասխանատվություն, ապացուցել, թե ինչքանով է գործունակ, որպեսզի հետագայում հավակնի երկրի կառավարմանը մասնակցելու: Ըստ նրա` քաղաքապետի տարիքային սահմանափակումներին վերաբերող առաջարկը ճիշտ մոտեցում չէ: Առաջին անգամ փորձ է արվել ստեղծելու քաղաքային ոստիկանություն, որը իրավունք պետք է ունենա քաղաքապետի անունից նշանակել վարչական տուգանքներ: Առաջին անգամ ավագանին հնարավորություն ունի ընդունելու բյուջեն եւ փոփոխություններ մտցնել բյուջեում: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հավաստիացրեց, որ բոլոր առաջարկները կքննարկվեն հեղինակների հետ:

Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը «Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների, քաղաքապետի եւ ավագանու, նրանց ու հանրապետական գործադիր մարմինների փոխհարաբերությունների ընդհանուր բնութագիրը» զեկույցում խոսեց օրինագծի ընդունման անհրաժեշտությունից, Երեւանում տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման առանձնահատկություններից: Սահմանադրությամբ Երեւանում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների առանձնահատկությունները սահմանվում են օրենքով` ի տարբերություն մարզերի, որտեղ տարածքային կառավարման մարմիններին առնչվող հարաբերությունները  կարգավորվում են նախագահի հրամանագրով  եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով: Պարոն Թովմասյանն իրազեկեց, որ օրինագծի հիմքում դնելով միջազգային փորձը եւ ՀՀ Սահմանադրության առանձնահատկությունները` փորձ է արվել գտնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ու դրանց փոխազդեցության արդյունավետ մոդել: Ի տարբերություն քաղաքական համակարգի` տեղական ինքնակառավարման համակարգում իշխանությունների տարանջատում գոյություն չունի, եւ ավագանին, եւ քաղաքապետը միաժամանակ եւ օրենսդիր են, եւ գործադիր: Տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում ներդաշնակ, կայուն եւ հետեւողական աշխատանքի արդյունավետ ապահովման գրավականը, ըստ պարոն Թովմասյանի, ուղղակի կամ անուղղակի քաղաքապետի ընտրություններ ենթադրող ընտրական համակարգն է: Երեւանում քաղաքապետ ունեցող քաղաքական ուժն է պատասխանատվություն կրում տեղական ինքնակառավարման համար: Հրայր Թովմասյանն անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի լիազորություններին` Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցությունը եւ Երեւանի քաղաքապետին քաղաքական հիմքերով անվստահություն հայտնելը:

Զեկուցողին ուղղված հարցադրումներում եւ ելույթներում ԱԺ պատգամավորները եւ հ/կ ներկայացուցիչները բարձրացրին ավագանու ինստիտուտի կայացմանը, ավագանիների իրավունքներին, ավագանու նախագահի պաշտոն ունենալուն, մշտական հանձնաժողովների գործունեության կարգին, ավագանու կազմում ընդդիմադիր կուսակցությունների դերին, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջին առնչվող խնդիրներ:

Ամփոփելով դեկտեմբերի 10-ի խորհրդարանական լսումները` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անդրադարձավ հնչած մտահոգություններին եւ առաջարկներին` փաստելով, որ օրենքի ընդունումը բխում է ներկա քաղաքական հարաբերություններից: Նա կարեւորեց քաղաքապետի հենարան ունենալը ավագանու միջոցով, որոշումներ կայացնելու հարցում ավագանուն քաղաքական պատասխանատվության ընձեռումը: Նշվեց, որ վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետի լիազոր ներկայացուցիչն է եւ պատասխանատու է քաղաքապետին: Պարոն Հարությունյանը նշեց, որ ավագանու անդամների լիազորությունները բավարար են տարածքային կառավարում իրականացնելու համար: Նա ողջունեց քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի ամրագրումը օրենքով: Տեղեկացվեց, որ Երեւանի եւ այլ համայնքների համագործակցությունը սահմանափակող դրույթ օրենքում չկա:

Խորհրդարանական լսումները կշարունակվեն դեկտեմբերի 11-ին:

10.12.2008
ՀԲ ներկայացուցիչները խորհրդարանում
Դեկտեմբերի 10-ին ՀՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպեց Համաշխարհային բանկի Հայաստանի կրթության ծրագրերի ղեկավար Խուան Մանուել Մորենոյի եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի կրթության պատասխանատու Ալեք...

10.12.2008
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով.«1948 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ 1950 թվականից դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների օրը:Անցած 60 տարիներին փոխվել են ե...