Տպել
19.09.2008
Քննարկվեց Հայաստանում կրթության որակի եւ համապատասխանելիության Համաշխարհային բանկի հայեցակարգը


Սեպտեմբերի 19-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպեցին Համաշխարհային բանկի կրթության գլխավոր մասնագետ, «Հայաստանում կրթության որակի եւ  համապատասխանելիության» ծրագրի թիմի ղեկավար Խուան Մանուել Մորենոյի, պատվիրակության անդամներ Ալեքսան Հովհաննիսյանի, Կարինե Հարությունյանի եւ Մարինա Սահակյանի հետ:
 
Համաշխարհային բանկի կրթության գլխավոր մասնագետ, «Հայաստանում կրթության որակի եւ համապատասխանելիության» ծրագրի թիմի ղեկավար Խուան Մանուել Մորենոն նշեց, որ Հայաստանում են գտնվում նոր կրթական ծրագրի նախապատրաստական փուլի շրջանակներում: Համաշխարհային բանկը մտադիր է իրականացնել նոր երկարաժամկետ եւ միջնաժամկետ  կրթական ծրագրեր նախադպրոցական եւ բարձրագույն կրթության ոլորտներում. նախատեսվում է շարունակել ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, իրականացնել ենթածրագրեր, որոնք ուղղված կլինեն նախադպրոցական տարիքի երեխաներին, օժանդակել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը կրթական հաստատություններում, օժանդակել ավագ դպրոցի կայացմանը եւ  բարձրագույն կրթության համապատասխանեցմանը  բոլոնյան կրթական համակարգին: Հյուրը ներկայացրեց նաեւ դիտարկումների արդյունքում նկատած թերությունները. ըստ նրա, անհրաժեշտ է վերանայել բուհական համակարգի իրավական կարգավիճակը, ինչին համակարծիք էին հանձնաժողովի անդամները:

Նշելով, որ ծրագիրը նախատեսված է իրականացնել 5 տարվա ընթացքում,  պարոն Մորենոն ցանկացավ հայեցակարգի վերաբերյալ ստանալ խորհրդարանական հանձնաժողովի անդամների տեսակետը:
 
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշելով, որ հանձնաժողովը քաջատեղյակ է Համաշխարհային բանկի իրականացրած կրթական ծրագրերին, բարձր գնահատեց վերջին 10 տարիներին նրանց կատարած աշխատանքը  կրթության ոլորտում: Այնուհանդերձ` դրանց մի մասը ձեւական բնույթ է կրել. մասնավորապես` դպրոցների տեխնիկական հագեցածության ծրագիրը:

Հանձնաժողովի նախագահ պարոն Աշոտյանն առաջարկեց ծրագրում մշակել հակակոռուպցիոն դրույթ. ըստ նրա, որքան քիչ լինի ուսանող-դասախոս շփումը, այնքան կպակասեն կոռուպցիոն ռիսկերը: Նրա գնահատմամբ` առայժմ ուսման բարձր որակ չի ապահովվում եւ շրջանավարտները աշխատաշուկայի պահանջներին չեն համապատասխանում: Հանձնաժողովի նախագահը խոստացավ կրթական բարեփոխումների ներկայացված հայեցակարգը քննարկել հանձնաժողովում եւ ներկայացնել առաջարկներ:


 


19.09.2008
Ազգային ժողովի արտահերթ նիստը
Համաձայն ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ  սեպտեմբերի 19-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ:ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետակ...

19.09.2008
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` 2008 թ. սեպտեմբերի 19-ին
 ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` համաձայն ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ  2008 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած   օրակարգո...