Տպել
18.09.2008
Հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 18-ին հանդիպեցին Ռուսաստանի Դաշնության  Եվրոպական հետազոտությունների զարգացման հիմնադրամի արտերկրի հետ կապերի եւ միջռեգիոնալ համագործակցության վարչության ներկայացուցիչներ Նիկոլայ Ցվետկովի, Սերգեյ Չեբոտարյովի, Ալեքսանդր Միժուրենկոյի եւ Մարինա Արիստարխովայի հետ:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ողջունելով հյուրերին` ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ոլորտները եւ կազմը:

Այցի նպատակներին անդրադառնալով` Նիկոլայ Ցվետկովն ասաց, որ Ռուսաստանի Դաշնության  Եվրոպական հետազոտությունների զարգացման հիմնադրամի արտերկրի հետ կապերի եւ միջռեգիոնալ համագործակցության վարչությունը եւս զբաղվում է  գիտության, կրթության, մշակույթի հիմնախնդիրներով:  Նա տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ ցանկանում են  Երեւանում բացել հիմնադրամի մասնաճյուղը եւ այդ նպատակով նաեւ ակնկալում են հանձնաժողովի աջակցությունը` ցանկանալով հաստատել գործընկերային հարաբերություններ:

Ի պատասխան պարոն Աշոտյանն ասաց, որ հանձնաժողովը կաջակցի իր հնարավորությունների սահմաններում, քանի որ  քաղաքացիական հասարակության կայացման, երիտասարդության  հիմնախնդիրների լուծման առնչությամբ բազմաթիվ ծրագրեր ունի: Որպես հիմնախնդիր պարոն Աշոտյանը նշեց նոր սերնդի` ռուսաց լեզվի համեմատաբար վատ իմացությունը, եւ առաջարկեց այդ ուղղությամբ ծրագրեր մշակել: