Տպել
12.09.2008
Չեխիայի Սենատի նախագահն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 12-ին «Երեւան» հյուրանոցում աշխատանքները սկսեց Հայաստան-Չեխիա գործարար համաժողովը, որի բացմանը ողջույնի խոսք ասացին Հայաստանի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ Չեխիայի Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկան:

Ըստ Հայաստանի խորհրդարանի նախագահի` այն փաստը, որ մի քանի ամիսների ընթացքում  հայ-չեխական գործարար համաժողով գումարվում է երկրորդ անգամ, արդեն լուրջ ու արդյունավետ համագործակցություն սկսելու մասին է խոսում: Տիգրան Թորոսյանը նշեց, որ վերջին երկու տարիներին էապես ակտիվացել են հայ-չեխական  միջխորհրդարանական հարաբերությունները եւ նման համաժողովները կօգնեն, որ հարաբերությունների հետագա զարգացումը լինի առարկայական եւ կոնկրետ:

Չեխիայի Սենատի նախագահ Պրշեմիսլ  Սոբոդկայի կարծիքով Հայաստանի ու Չեխիայի միջեւ համագործակցությունը կարող է ընդգրկել բազմաթիվ բնագավառներ:   Նրա գնահատմամբ` այցը կնպաստի բոլոր մտադրություններն ու նախագծերը շատ արագ կյանքի կոչելուն: Նա կարեւորեց Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը` նշելով, որ քաղաքական գործիչների խնդիրը նաեւ գործարարների կապերի ամրապնդումն է:

Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ վերջին հինգ տարիներին հայ-չեխական տնտեսական հարաբերությունները նշանակալից ակտիվացել են եւ երկու երկրների ապրանքաշրջանառությունը 37 միլիոն դոլար է կազմում: Երկու երկների գործարարները համագործակցում են էներգետիկայի, մեքենաշինության, զբոսաշրջության, բանկային եւ ‎ֆինանսական ոլորտներում: 

Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում էր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկայի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի եւ Չեխիայի Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկայի առանձնազրույցով, որին մասնակցում էին Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ Հայաստանում Չեխիայի դեսպան Իվան Եսթրաբը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ողջունելով հյուրին` գոհունակություն հայտնեց, որ ապրիլյան պայմանավորվածության համաձայն` նա վերստին եկավ Հայաստան, ինչը  հայ-չեխական միջխորհրդարանական կապերի  զարգացման նոր հեռանկարներ է բացում: Պարոն Թորոսյանն արձանագրեց  չեխական փորձով հետաքրքրվածությունը` նշելով, որ երկու երկրներն էլ նույն մեկնակետից են սկսել, բայց Չեխիան արդեն Եվրամիության անդամ է եւ եվրաինտեգրումը արտաքին քաղաքականության գերակայություն հռչակած Հայաստանի համար ինտեգրման չեխական փորձն առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Աժ նախագահը կարեւորեց ԵՄ նոր հարեւանության ծրագրի շրջանակներում համագործակցության կոնկրետ ծրագրերի մշակումն ու իրականացումը: Իբրեւ համագործակցության մեկ այլ տարբերակ ԱԺ նախագահը նշեց պատվիրակությունների համատեղ աշխատանքը միջազգային կառույցներում:

Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկան, հիշեցնելով, որ ապրիլին ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու նպատակով արդեն եղել է Հայաստանում` վստահություն հայտնեց, որ այս այցով կնպաստի ոչ միայն միջխորհրդարանական, այլեւ միջպետական կապերի զարգացմանը: Պարոն Սոբոդկան կարեւորեց խորհրդարանական համագործակցությունը հանձնաժողովների մակարդակով, եւ վստահեցրեց, որ մշտական աշխատանքային կապերի հաստատումը կնպաստի տեղեկացվածության մեծացմանը եւ որոշակի ծրագրերի կենսագործմանը: Նա նշեց, որ սեպտեմբերի վերջին Պրահայում  Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների հանդիպում է նախատեսվում, որի ժամանակ Հայաստան իր այցի արդյունքները ներկայացնելով` կտեղեկացնի, որ Հայաստանը հուսալի գործընկեր է Եվրամիության համար: Անդրադառնալով վրաստանյան իրադարձություններին` Չեխիայի Սենատի նախագահն արձանագրեց, որ Չեխիայի եւ Եվրամության միասնական տեսակետով` անկախ պետությունների սահմաններն անձեռնմխելի են, եւ ամեն մի ռազմական հակամարտությունից տուժում է տեղի խաղաղ բնակչությունը: Հակամարտության լիովին հաղթահարման համար նա անհրաժեշտ համարեց ՌԴ զորքերը նախակոն‎ֆլիկտյան դիրքերը վերադարձնելը եւ ԵՄ դիտորդների տեղակայումը կոն‎ֆլիկտի գոտիներում: Նրա գնահատմամբ` լինելով առավել ճկուն ու գործունակ կառույց` Եվրամիությունն ի զորու է աջակցել հակամարտությունների լուծմանը ոչ միայն իր տարածքում, այլեւ իր տարածքից դուրս:

Անդրադառնալով հարեւան երկրում ծագած հակամարտությանը` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը եւս հստակ է. նման հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների ճանապարհով, պատերազմը 21-րդ դարում խնդիրների լուծման հնարավորություն չէ: Հարգելով սահմանների անձեռնմխելիության սկզբունքը` իբրեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի կարեւոր սդրույթներից մեկը, Հայաստանն այն ընդունում է այն տեսքով, ինչ տեսքով եզրափակիչ ակտում է` ԵԱՀԿ անդամ երկրների միջեւ հարցերի կարգավորման նպատակով: Այնուհանդերձ` Հայաստանը գտնում է, որ հավասարապես պիտի հարգվեն այդ ակտի նաեւ մյուս սկզբունքները` մասնավորապես ազգերի ինքնորոշման սկզբունքը: Երբեմն ներկայացվում է է, որ այդ երկու սկզբունքները միմյանց հակասող ու բացառող են, բայց իրականում միջազգային իրավունքի շրջանակներում նրանք բոլորվին չեն հակասում միմյանց: Եթե երկրները միջազգային կազմակերպությունների են անդամակցել, պիտի հարգեն իրենց վավերացրած բոլոր փաստաթղթերն ամբողջապես, մինչդեռ հաճախ տարբեր երկրներ նախընտրում են միայն այն սկզբունքները, որոնք իրենց նեղ շահերից են բխում, հետեւանքը լինում է պատերազմը: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծումները կտրվեն խաղաղ, բանակցային ճանապարհով` բացառելով ռազմական միջամտությունը:

Չեխիայի Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկայի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում` ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Աշոտ Ափոյանը, անդամներ Արմեն Մարտիրոսյանը եւ Վահագն Մախսուդյանը հանդիպեցին Չեխիայի Հանրապետության Սենատի պատվիրակությանը:

Հայաստան-Չեխիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Աշոտ Ափոյանը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան, ընդգծեց, որ Հայաստան-Չեխիա բարեկամության պատգամավորական խմբի նպատակն է նպաստել երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացմանը եւ հայ ու չեխ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի հաստատմանը:

Պատգամավորական խմբի ղեկավար Աշոտ Ափոյանը եւ անդամ Արմեն Մարտիրոսյանը զուգահեռներ անցկացրին եւ ընդհանրություններ մատնանշեցին հայ եւ չեխ ժողովուրդների պատմական զարգացումներում` նշելով, որ երկու ժողովուրդներն էլ պայքարելով են ձեռք բերել պետականություն: Նշվեց, որ հայ-չեխական հարաբերությունների զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի` Եվրամիությանն անդամակցելու հարցում: Աշոտ Ափոյանը կարեւորեց երկու երկրների խորհրդարաններում համաձայնագրերի վավերացումը` առանձնացնելով «Եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագիրը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Լադիսլավ Սվոբոդան նշեց, որ երկու երկրների պատմական ընդհանրությունները հիմք կհանդիսանան հայ-չեխական հարաբերությունների զարգացման համար: Տեղեկացվեց, որ Չեխիայի խորհրդարանի Ստորին պալատում գործում է եվրասիական բարեկամության խումբ, նախատեսվում է ստեղծել նաեւ չեխ-հայկական բարեկամության խումբ: Նա ընդգծեց, որ չեխ-հայկական հարաբերությունների հաստատման եւ ամրապնդման լավագույն սկիզբ է գործարար համաժողովի բացումը:

Հանդիպման ընթացքում կարեւորվեց երկկողմ հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը:

Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկայի գլավորած պատվիրակության հետ հանդիպեցին նաեւ ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի եւ հանձնաժողովների ներկայացուցիչները:

Ողջունելով հյուրերին`  Ազգային ժողովի փոխնախագահ Հրայր Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ այս այցը երկու երկրների մերձեցման եւ հարաբերությունների խորացման կարեւոր քայլ կդառնա: Պարոն Կարապետյանը կարեւորեց երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացումը, որտեղ իր կարեւոր ներդրումն է ունեցել պարոն   Սոբոդկան, եւ հույս հայտնեց, որ քաղաքական երկխոսության զարգացումն ու տնտեսական  հարաբերությունների ակտիվացումը  էլ ավելի կնպաստի  երկու երկրների միջեւ իրավապայմանագրային հիմքերի ընդարձակմանը: Այս իմաստով նա կարեւորեց կրկնակի հարկման բացառման վերաբերյալ պայմանագիրը  եւ արտաքին գերատեսչությունների միջեւ ստորագրված եվրաինտեգրման վերաբերյալ հուշագիրը,  ներդրումային քաղաքականության, ավտոփոխադրումների եւ գյուղնախարարությունների համագործակցության զարգացումը: Նա հույս հայտնեց, որ Չեխիայի հետ հարաբերությունները կզարգանան նաեւ Եվրամիության շրջանակներում` հաշվի առնելով, որ Չեխիան 2009 թվականից լինելու է Եվրամիության նախագահող երկիրը:

Պարոն Սոբոդկան շնորհակալություն հայտնեց լավ ընդունելության եւ անկեղծ խոսքերի համար եւ տեղեկացրեց, որ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի երկու պալատներն էլ կարեւոր դեր են հատկացնում միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Բանախոսը նշեց, որ եթե Չեխիան 90-ական թվականներին առավելապես տնտեսության վերականգնման վրա էր ուշադրություն  դարձնում, այսօր օրակարգում ավելի շատ քաղաքական համագործակցության խնդիրներն են: Նա հավաստիացրեց, որ Չեխիան շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների, այդ թվում նաեւ գործարար կապերի զարգացմամբ, ինչի մասին է հավաստում նաեւ պատվիրակության կազմը, ուր ընդգրկված են բոլոր խմբակցությունները ներկայացնող սենատորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ եւ գործարարներ: Պարոն Սոբոդկան պատրաստակամություն հայտնեց միջպետական հարաբերությունները զարգացնել նաեւ Եվրամիության շրջանակներում, ինչը պետք է բխի Հայաստանի հետ Եվրամիության համագործակցության ձեւաչափերից: Նա հավելեց, որ Չեխիան եւ Եվրամիության երկրները հարեւանների հետ կոնֆլիկտների խաղաղ, քաղաքական բանակցությունների ճանապարհով լուծման կողմնակից են եւ այս առումով ողջունում են Հայաստանի դիրքորոշումը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խոսեց տարածաշրջանային կոնֆլիկտային իրավիճակների մասին` նկատելով, որ նման խնդիրները  չպետք է լուծվեն ռազմական ճանապարհով, այլ պետք է հնարավորություն տալ բոլոր ժողովուրդներին իրենց իրավունքներն իրացնել այն տարածքներում, որտեղ ապրում են: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վրաստանյան դեպքերը  վնաս հասցրին Հայաստանի տնտեսությանը` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անթույլատրելի մոտեցում կիրառվելու պատճառով: Պարոն Աշոտյանը կոչ արեց Չեխիային եւ Եվրամիության երկրներին` տարածաշրջանում թույլ չտալ սպառազինության մրցավազք, ինչը կոնֆլիկտների հիմնական պատճառն է:

Արձագանքելով պարոն Աշոտյանին խոսքին` Չեխիայի Սենատի նախագահը համոզմունք հայտնեց, որ վրացական խնդիրը եթե խաղաղ ճանապարհով արագ լուծում չստանա, Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցությունների վտանգը միշտ էլ կախված է լինելու: Ռուսաստանը իր զորքերը պետք է հետ քաշի այդ տարածքներից մինչեւ այն սահմանը, որը գոյություն ուներ նախքան կոնֆլիկտը, եւ Եվրամիության ու այլ ժողովրդավարական երկրներից դիտորդներ ուղարկվեն տարածաշրջան` խնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու նկատառումով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նկատեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական ու տնտեսական գործընկերն է, իսկ Վրաստանը`  դարավոր հարեւանն ու բարեկամը: Իրադարձությունները ցույց տվեցին, որ ռազմական եղանակով կոնֆլիկտի լուծումը անարդյունավետ է. հարցը պետք է լուծվի միջազգային նորմերի շրջանակներում, ինչին ականջալուր պետք է լինի նաեւ մեր հարեւան Ադրբեջանը: Նման խնդիրները, ըստ պարոն Սաֆարյանի, պետք է լուծվեն միջազգային երեք կարեւոր սկզբունքների` տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ մարդու իրավունքների պաշտպանության նորմերի հաշվառումով:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Չեխիան` որպես  արագ զարգացող  եւ առաջիկայում Եվրամիության նախագահող երկիր, իր փորձով կարող է օգտակար լինել Հայաստանի ժողովրդավարացման գործին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այն պետք է հասկանալի լինի Չեխիային, քանի որ նույն կերպ 60-ական թվականներին չեխ ժողովուրդն էր պայքարում իր անկախության համար: Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղն ունի անկախ պետություն լինելու բոլոր իրավական հիմքերը:

Վերջում Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել բարձրացված տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծմանը, միայն թե  նախաձեռնություն պետք է հանդես բերի ու  գլխավոր աշխատանքը  անի Հայաստանը: