Տպել
06.09.2008
Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Լյուբոմիր Զաորալեկին: Հանդիպմանը ներկա էր Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Աշոտ Ափոյանը:

Պարոն Զաորալեկը նշեց, որ տարածաշրջան է այցելել  ծանոթանալու   իրավիճակին, քանի որ Չեխիայի խորհրդարանում  եւ եվրոպական կառույցներում առաջիկայում սպասվում են քննարկումներ  Վրաստանի  շուրջ իրավիճակի վերաբերյալ: Նրա խոսքով`  Եվրոպան շահագրգիռ է ԵՄ-Ռուսաստան լավ հարաբերությունների պահպանման մեջ:

Ողջունելով հյուրերին` պարոն Կարապետյանը կարեւորեց հայ-չեխական կապերի զարգացումը, երկու երկրների խորհրդարանների եւ  պատգամավորական խմբերի համագործակցությունը, ընդգծելով երկկողմ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: Կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում: Պարոն Կարապետյանը  նշեց, որ Եվրոպային ինտեգրումը մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից է` այս առումով օգտակար համարելով չեխական  փորձը: Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին` պարոն Կարապետյանը նշեց, որ Հայաստանը չեզոք դիրք ունի Ռուսաստան-Վրաստան հարաբերություններում եւ  խաղաղության, հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման  կողմնակից է:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրների: Երկուստեք կարեւորվեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Հայաստան` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով: Կողմերը նշեցին, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: