National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.9.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.09.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Սեպտեմբերի 5-ին կայացան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:
   
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում,  Արա Բաբլոյանի նախագահությամբ, օրակարգում ընդգրկված «Պետական կենսաթոշակային համակարգում անհատական հաշվառման մասին», «Ավելացված արժեքի  հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրինագծերի քննարկումը հետաձգվեց` հեղինակի եւ հանձնաժողովի առաջարկությամբ  մինչեւ 30 օրով:  «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին», «Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման մասին», «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը հետաձգվեց մինչեւ 60 օրով:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում,  Արմեն Ռուստամյանի  նախագահությամբ, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 1999 թվականի դեկտեմբերի 3-ին ստորագրված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության պեկինյան փոփոխությունը եւ 1997 թվականի սեպտեմբերի 17-ին ստորագրված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության մոնրեալյան փոփոխությունը: Նշվեց, որ բոլոր ուղղումները կարգավորում են  նյութերի ցանկը եւ հստակեցնում օգտագործման եւ արտանետումների կառավարումը:

ՀՀ ‎ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց 2008 թ. փետրվարի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ Թվինինգ ծրագրերի ֆինանսավորման համաձայնագիրը: Թվինինգ ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցել Հայաստանին` ժողովրդավարական կառույցների հզորացման, օրենքի իշխանության ամրապնդման, ներառյալ  դատաիրավական համակարգի բարեփոխումները եւ կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների  եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ամրապնդման, էներգետիկ ռազմավարության  մշակման եւ այլ հարցերում: Ըստ համաձայնագրի` Եվրոպական համայնքների հանձնաժողովը ծրագրի իրականացման  համար պարտավորվում է  Հայաստանին տրամադրել  5 միլիոն եվրո:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված միջազգային պայմանագրերը  կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:
 
Ազգային ժողովի  գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի  նորաստեղծ հանձնաժողովը, Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ, գումարեց անդրանիկ նիստը` քննարկելով մեկ օրենսդրական նախաձեռնություն:
 «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին»  ՀՀ օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը հանձնաժողովում ներկայացրեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը: Այս փոփոխությունները փոխնախարարը պայմանավորեց Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով, մեր օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ բուսասանիտարարական միջոցառումները միջազգային չափորոշիչներով  իրականացնելու անհրաժեշտությամբ: Օրենքի վերոնշյալ վերնագիրը գործադիրն առաջարկում է փոխարինելով նորով` «Բուսասանիտարիայի մասին» անվանումով: Հանձնաժողովի նախագահը, որպես օրինագծի հարակից զեկուցող, նկատեց, որ հանձնաժողովը որոշ առաջարկություններ ունի, որոնք կձեւակերպի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի առաջարկությամբ, որոշվեց մինչեւ 60 որով հետաձգել  «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհի պատճառած  վնասի հատուցման սակագների մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագծի քննարկումը, քանի որ նախատեսվում է այս խնդրի կարգավորմանն անդրադառնալ նաեւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններով: Նախախարն առաջարկեց հացերին անդրադառնալ միաժամանակ:

 Նիստում հաստատվեց նաեւ հանձնաժողովի կանոնակարգը, ինչպես նաեւ 2008 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից անցկացվող քաղաքացիների  ընդունելությունների ժամանակցույցը:

Հանձնաժողովի առաջին նիստում պատգամավորները նաեւ լսեցին բնապահպանական հարցերով փորձագետ Կարինե Դանիելյանի մտահոգությունները մայրաքաղաքի բնապահպանական վիճակի, մասնավորապես կառուցապատման աշխատանքների, ինչպես նաեւ Սեւանից ջրի բացթողումների ծավալի մեծացման մասին: Հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը վստահություն հայտնեց, որ թե տկն. Դանիելյանի, եւ թե շահագրգիռ այլ կազամկերպությունների ու անձանց հետ համագործակցելու են եւ, անհրաժեշտության դեպքում, քննարկումներ կազմակերպելու լսումների տեսքով:     

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  մշտական հանձնաժողովի  նիստում, Մխիթար Մնացականյանի նախագահությամբ, քննարկվեցին 9 օրինագծեր: ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն  առաջին ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրինագիծը: Պարոն Տերտերյանը տեղեկացրեց, որ փախստականների եւ ապաստան հայցողների հիմնախնդիրների ոլորտի կարգավորումն ապահովող օրենսդրությունը հիմնականում  մշակված է, սակայն դեռեւս մնում են մի շարք չլուծված հարցեր, որոնց պատճառով ՀՀ-ում ապաստանի տրամադրման համակարգն ունի էական բացեր: Նշվեց, որ  օրենսդրության մակարդակով սահմանված չեն ապաստանի տրամադրման հետ կապված բոլոր առանցքային հասկացությունները, հստակեցված չեն  այդ գործընթացի ապահովման համար անհրաժեշտ ընթացակարգերն ու  իրականացող մարմինների գործառույթները, ինչպես նաեւ կատարյալ չեն փախստականների ու ապաստան հայցողների խնդիրների լուծման իրավասություններ ունեցող պետական հաստատությունների  օպերատիվ համագործակցության  ընթացակարգերը եւ այլն: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը  կընդգրկվի ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:  

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Օրինագծի վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը: Հանձնաժողովի դրական  եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Անհայտ կորածի մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բռնադատվածների մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի  քննարկումը հետաձգվեց մինչեւ 90 օրով:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը հետաձգվեց մինչեւ 60 օրով:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ, քննարկեց  «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանի,  պայմանավորված է այն հանգամանքով, որ նպատակահարմար չէ ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում համապատասխան ստորաբաժանումը (օպերատիվ-տեխնիկական վարչություն) անվանել «ծառայություն».  առաջարկվող մյուս փոփոխությունները խմբագրական բնույթ էին կրում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին` նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրեց «Պաշտպանության մասին» օրինագիծը, որով նախատեսվում է կարգավորել Հայաuտանի Հանրապետության պաշտպանության հիմքերը, կազմակերպումը, ՀՀ զինված ուժերի կառուցվածքը, կազմակերպման սկզբունքները, գործառույթները, դրանց ղեկավարման, կառավարման, տեղակայման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները, այլ զորքերի խնդիրները, պաշտպանության բնագավառում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, հիմնարկների, այլ կազմակերպությունների գործառույթները, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների պարտականությունները:

Պարոն Նազարյանը ներկայացրեց նաեւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններում աշխատակազմի տեսքով ստեղծման ենթակա պետական կառավարչական հիմնարկները  իրենց կառուցվածքով լիարժեք հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ իրականացնելու նշված մարմինների առջեւ դրված խնդիրներն ու գործառույթները: Նշված մարմինների խնդիրների եւ գործառույթների առանձնահատկություններից ելնելով` հնարավոր չէ ստեղծել այնպիսի կառուցվածք ունեցող պետական կառավարչական հիմնարկ, որը կհամապատասխանի  պետական կառավարչական հիմնարկների կառուցվածքին առաջադրվող պահանջներին: Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված իրավասությունները՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի եւ պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը համակարգող պաշտոնատար անձի, ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների հիմնարկների իրավական վիճակի առանձնահատկությունների սահմանումը կապահովի նշված մարմինների գործունեության առավել ճկուն մեխանիզմ:   
 
Հանձնաժողովը մինչեւ 30 օրով հետաձգեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը, մինչեւ 90 օրով` «Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների շրջանառության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ),  «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ),  «Պետական սուրհանդակային ծառայության  մասին», «Պետական սուրհանդակային կապի մասին», «Արտաքին հետախուզության մասին» «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրինագծերի քննարկումը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, փոխնախագահ Արտյուշ Շահբազյանի նախագահությամբ, նիստում քննարկեց 14 օրինագծեր: Առաջին ընթերցման ընթացակարգով հանձնաժողովի անդամները քննարկեցին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որը ներկայացրեց ԱԺ պատգամավոր  Վահան Հովհաննիսյանը: Նշվեց, որ գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսված չեն, թե որ լիազորված մարմիններն են պարտավոր ապահովել եւ իրականացնել աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու, չսահմանված վայրերում աղբ թափելու, աղբահանության համար անհրաժեշտ պայմաններ չապահովելու, պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու եւ դրա հետեւանքները չվերացնելու ու նման իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը: Օրինագծի նպատակն է կարգավորել իրավական անորոշությունը:
Կառավարության եզրակացությունը օրինագծի ընդունման վերաբերյալ դրական էր:

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար եւորգ Մալխասյանը: Նշվեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 2008 թ. փետրվարի 5-ի  որոշմամբ, որի համաձայն` ՀՀ քրեակատարողական oրենuգրքի 115 հոդվածի 4-րդ մաuը` անկախ հանձնաժողովի որոշումն oրենքին հակաuելու դեպքում դատական կարգով բողոքարկելը  uահմանափակելու մաuով ճանաչվել է ՀՀ Uահմանադրության 6, 18 (1-ին մաu) եւ 19 (1-ին մաu) հոդվածներին հակաuող եւ անվավեր:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանն առաջարկեց նախագիծը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրինագծի հետ շրջանառության մեջ դնել այլընտրանքային տարբերակով:

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը  ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նա տեղեկացրեց, որ օրինագծի ընդունումը պայմանավորված է կառավարության կազմում եւ կառուցվածքում կատարված փոփոխություններին համապատասխանեցման անհրաժեշտությամբ:

Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանն առաջին ընթերցման ներկայացրեց «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը` նշելով, որ օրենքի ընդունումը պայմանավորված է իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ: Իրավաստեղծ համակարգում ունենալով ազդեցության գնահատում իրականացնելու մեխանիզմներ` կբարձրանան իրավական ակտերի ստեղծման աշխատանքների եւ ընդունվելիք իրավական ակտերի որակը, հնարավոր կլինի կանխատեսել նրանց ազդեցությունը տնտեսական, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, մրցակցության, բյուջետային, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, հակակոռուպցիոն բնագավառներում այս կամ այն հասարակական հարաբերության վրա: Կարգավորման ազդեցության գնահատումը կապահովի նաեւ օրենքի մշակման եւ իրականացման ժամանակ առաջացող ծախսերի եւ օգուտների գնահատումը:   Oրինագծի ընդունմամբ կհստակեցվեն նաեւ իրավական ակտերի թարգմանություններին վերաբերող դրույթները, իրավական ակտը հայերենից անգլերեն կթարգմանի արդարադատության նախարարության ենթակայության «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, որը կապահովի իրավական ակտերի անգլերեն թարգմանությունների միատեսակությունը: Օրինագծի ընդունմամբ ՀՀ կառավարության կողմից Ազգային Ժողով օրենքի նախագիծ ներկայացնելիս նախագծին կկցվեն նաեւ ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները, տեղեկանք ընդունված առարկությունների եւ առաջարկությունների,  տարաձայնությունների մասին` չընդունման պատճառների հիմնավորմամբ,  նորմատիվ իրավական ակտի ընդունվելու դեպքում` կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները գնահատելու վերաբերյալ ամփոփ ժամանակացույց, իսկ պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված նախագծերի վերաբերյալ կառավարության եզրակացությունը կներառի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը, նորմատիվ իրավական ակտի ընդունվելու դեպքում` կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները գնահատելու վերաբերյալ ամփոփ ժամանակացույցը:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված նախագծերն ընդգրկվեցին ԱԺ չորրորդ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Տիկին Փոստանջյանն անդրադառնալով պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պահանջվող իրավական չափանիշներին` ընդգծեց, որ դատապարտյալները պետք է իրավունք ունենան, որ իրենց անձամբ լսեն եւ օգնեն օրենքով սահմանված կարգով, որոշում կայացնող մարմինը պետք է մանրամասն եւ զգուշորեն քննության առնի յուրաքանչյուր փաստ` այդ թվում նաեւ դատապարտյալների` իրենց գործի վերաբերյալ արված հայտարարությունները, պետք է ապահովել գործերի մատչելիությունը դատապարտյալների համար, որոշումներում պետք է նշվեն  պատճառները եւ այդ մասին հաղորդվի գրավոր: Դատապարտյալները պետք է հնարավորություն ունենան բողոքել օրենքով սահմանված անկախ եւ անաչառ վերադաս մարմնին որոշման էության դեմ,  ընթացակարգային երաշխիքները չհարգելու դեմ: Բողոքարկման ընթացակարգ պետք է տրամադրվի նաեւ պայմանական վաղաժամկետ ազատելու կիրառության դեմ:

Հանձնաժողովի որոշմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունը կընդգրկվի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում կառավարության ներկայացրած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի հետ այլընտրանքային տարբերակով:

Քննարկելով Ազգային ժողովի 4-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորների բացակայությունների մասին հարցը` պատգամավորները որոշեցին բացակայությունները համարել հարգելի:  

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Դավիթ Հարությունյանի, Արմեն Ռուստամյանի, ագիկ Ծառուկյանի եւ Հեղինե Բիշարյանի նածագիծը եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության օրինագիծը:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագծերն ընդգրկվեցին ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Մինչեւ 60 օրով հետաձգվեցին «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը, մինչեւ 30 օրով` «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերն ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենսդրական փաթեթը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Հերմինե Նաղդալյանի նախագահությամբ, քննարկեց «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ  ագիկ Խաչատրյանը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով, համաձայն որոնց` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են մաքսային մարմինները:   Նախագծով նախատեսվում է մաքսային ծառայության պաշտոնների դասակարգման խմբերում ներառել վերադաս մաքսային մարմնի քննիչ եւ ավագ քննիչ պաշտոնները, ինչպես նաեւ լրացում կատարել  մաքսային ծառայողների դրամական բավարարման պաշտոնային դրույքաչափերի աղյուսակում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: 

Նախագծով առաջարկվում է հստակեցնել  անժամկետ ստուգման կասեցման ժամկետները, քանի որ գործնականում կասեցման անսահմանափակ ժամկետը առաջացնում է ստուգումների արդյունքների ամփոփման հետ կապված խնդիրներ եւ թուլացնում  վարչարարության որակը: Նախագծում սահմանվել է, որ ստուգման ժամկետի կասեցումը չի կարող գերազանցել 90 աշխատանքային օրը, իսկ օտարերկրյա պետություններ հարցումներ կատարելու դեպքում հարցման պատասխանը ստանալուց հետո ոչ ավել, քան 10 աշխատանքային օրը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց` օրինագիծը չորրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է ՀՀ-ում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարման ենթակա գումարի չափը սահմանել` էթիլային սպիրտի արտադրանքի համար` 100 դրամ, ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ: Ակցիզային դրոշմանիշի ձեռքբերման համար վճարման ենթակա գումարի չափը սահմանվել է գործող չափերով եւ որեւէ փոփոխություն չի նախատեսվել:

Նախագիծը դրական եզրակացությամբ երաշխավորվեց` նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2007 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծում ներկայացված էին ընկերությունների` ուղղակի վաճառքի ձեւով, մրցույթով եւ աճուրդով մասնավորեցման կատարողականները, մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորություններն ու դրանց կատարումը,  ընկերությունների լուծարման եւ սնանկացման գործընթացը:

Հեղինակների առաջարկով հանձնաժողովը մինչեւ 15 օրով հետաձգեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», մինչեւ 30 օրով` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաթեթ), «նահատման գործունեության մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիզինգի մասին» (փաթեթ),   «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»(փաթեթ), «Մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մանսավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու  մասին», «Հանրային ծառայությունները  կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գյուղատնտեսական  նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողներին արտոնություններ տրամադրելու մասին», մինչեւ 60 օրով` «Պետական ոչ առեւտրային  կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (փաթեթ),   «յումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Աղետի գոտու վերականգնման 1989-2007 թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»,  «Ծխախոտի արտադրանքի հարկման մասին», «ՀՀ հարկային օրենսգիրք», մինչեւ 90 օրով` «Ծխախոտի   արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը, Գագիկ Մինասյանի նախագահությամբ, դրական եզրակացություն տվեց նիստի օրակարգում ընդգրկված  բոլոր օրենսդրական նախաձեռնություններին:
 
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացարեց երեք օրենսդրական փաթեթ, որոնք, իր խոսքերով,  ուղղված են երկրի վարկանիշի բարձրացմանը` ֆինանսական հատվածում  բարեփոխումներին եւ ֆինանսական միջնորդությունների ավելացմանը: «Հաշվապահական հաշվառման մասին»  եւ կից վեց օրենքներում փոփություններ նախատեսող օրենսդրական փաթեթով ֆինանսական կազմակերպությունների համար սահմանվել է հաշվապահական հաշվառման միջազգային  ստանդարտներով հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն, այլ կազմակերպությունների համար այս ստանդարտների կիրառումը պարտադիր կլինի դրանք պաշտոնապես թարգմանելու եւ հրապարակելու տարվան հաջորդող հունվարի 1-ից: ԿԲ նախագահի համոզմամբ` այսպես Հայաստանի տնտեսական միջավայրը օտարեկրյա ներդրողների համար  կդառնա առավել թափանցիկ եւ գրավիչ, ֆինանսական կազմակերպություններում օտարեկրյա ներդրողները կաշխատեն մեկ միասնական` միջազգայնորեն ընդունված ստանդարտներով: Այսպես հնարավոր կլինի նաեւ միջազգային շուկայում մեր բանկերի մրցունակությունը  մեծացնել:

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենսդրական փաթեթը նպատակ ունի կարգավորել կանխիկ դրամաշրջանառությունը, ինչն էլ իր հերթին, ԿԲ նախագահի կարծիքով,   կհանգեցնի տնտեսության մեջ ստվերի կրճատմանը եւ հարկերի հավաքագրման մակարդակի բարելավմանը:  Կառավարությունը նախատեսում է սահմանափակումը տարածել թե եկամուտների եւ թե ծախսերի վրա` ամրագրելով, որ անկանխիկ կարող են ստանալ մինչեւ 60 հազար դրամ եկամուտները (աշխատավարձ, կրթաթոշակ, կենսաթոշակ, նպաստ) եւ կատարվել 3 մլն. դրամից ավելի վճարումները:  Սա` 2009 թ. հունվարի 1-ից, որին հաջորդող յուրաքանչյուր տարում այդ թվերը կնվազեն: Հաշվի առնելով հանրապետության համայնքների անհամաչափ զարգացածությունը` կառավարությունը գոտիավորել է կանխիկ դրամի շրջանառության սահմանափակումների կիրառման ժամկետները:
 
Պատգամավորները նախաձեռնությունն ընդհանուր առմամբ դրական գնահատելով` քննարկումների ընթացքում որոշ մտահոգություններ հայտնեցին այս քայլով բանկային համակարգի գործունեությունն ընդլայնելու, ինչպես նաեւ  անկանխիկ գործարքների դեպքում սպառողների համար լրացուցիչ ծախսեր առաջացնելու մասին:

«Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին»` երրորդ օրենսդրական փաթեթով   նախատեսվում է ստեղծել վարկային բյուրո` բաժնետիրական ընկերություն, որը ԿԲ-ի կողմից տրված լիցենզիայի հիման վրա  կարող է հավաքագրել վարկային տեղեկատվություն,  մշակել վարկային պատմություն եւ պատրաստել վարկային զեկույց: Այս կառույցը, ԿԲ նախագահի գնահատմամբ,   կպաշտպանի թե սպառողների,  թե վարկատուների շահերը. առաջինների համար ստեղծելով վարկային պատմության միջոցով մեծ  վարկեր ստանալու հնարավորւթյուն եւ երկրորդների համար նվազեցնելով վարկային ռիսկերը: Բացի դա, վարկային բյուրոյի  տեղեկատվությունը մատչելի կլինի սպառողի համար.  անձը կարող է տարին մեկ անգամ անվճար ստանալ վարկային զեկույց: Թեեւ ԿԲ-ում այսօր գործում է վարկային ռեգիստր, սակայն այնտեղ հաշվառվում են միայն 1 մլն. դրամից ավելի վարկերը եւ   այն ունի նաեւ մի փոքր այլ` վերահսկողական գործառույթ:

Քննարկված երեք փաթեթները դրական եզրակացություն ստացան թե նստաշրջանի, թե առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:



05.09.2008
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչն Ազգային ժողովում
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերին: Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը:Ողջունելով հյուրին` Աժ նախագահը գոհունակութ...

05.09.2008
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին  չորրորդ գումարման ԱԺ չորրորդ  նստաշրջանի օրակարգի եւ 2008թ. սեպտեմբերի 8-11-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Չորրորդ գումարման ԱԺ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am