Տպել
19.06.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը

Սամվել Նիկոյանի նախագահությամբ հունիսի 19-ին տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը: 

Հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց իր աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու նպատակով արտախորհրդարանական ուժերին հրավիրելու սկզբունքը, հաստատեց ցանկը: Որոշվեց հրավիրել 2007 թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում 3%-ը հաղթահարած արտախորհրդարանական քաղաքական ուժերի մեկական ներկայացուցիչ («Ազգային միաբանություն», ՄԱԿ եւ «Նոր ժամանակներ» կուսակցություններ) եւ 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժ ներկայացրած նախագահի թեկնածուներին (Արամ Հարությունյան, Տիգրան Կարապետյան, Վազգեն Մանուկյան) կամ նրանց մեկական ներկայացուցչի` բացառությամբ այն քաղաքական ուժերի, որոնք ԱԺ որոշմամբ ընդգրկված են հանձնաժողովի կազմում:

Հանձնաժողովը որոշեց դիմել ՀՀ նախագահին` ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի կազմից մեկ ներկայացուցիչ առաջադրելու հանձնաժողովի   աշխատանքներին մասնակցելու համար: 
 
Հանձնաժողովը մեկ այլ  որոշմամբ նամակով դիմելու է   ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջովաննի Բուքիքիոյին եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ Լուցենբերգերին` խնդրելով ուղարկել համապատասխան միջազգային փորձագետներ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:

Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 24-ին, ժամը 12.00-ին: