National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.6.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
16.06.2008
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 16-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին եւ «2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծերը:

Այնուհետեւ Ազգային ժողովը քննարկեց ժամանակավոր հանձնաժողովի կազմում խմբակցություններում չընդգրկված պատգամավորի ընտրության հարցը. հանձնաժողովի անդամ ընտրվեց ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ ԱԺ խմբակցությունները երկուական պատգամավորների թեկնածություններ պետք է առաջադրեն. հանձնաժողովի ձեւավորվելուց հետո եռօրյա ժամկետում հանձնաժողովը խորհրդակցական ձայնի իրավունքով աշխատանքներին մասնակցելու հրավեր  կուղարկի արտախորհրդարանական քաղաքական ուժերին:

Ազգային ժողովը քննարկեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ կառավարության կառուցվածքում մեկ փոփոխություն է տեղի ունեցել. գործող 17 նախարարությունները համալրվել են եւս մեկով` ՀՀ սփյուռքի հարցերի նախարարությամբ, որը ՀՀ կառավարության կառուցվածքում կընդգրկվի եւ կգործի 2008 թ. հոկտեմբերի 1-ից:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պատգամավորների ելույթներում կարեւորվեց նոր նախարարության ստեղծումը, սակայն առաջարկություններ եղան փոխել անվանումը եւ կոչել սփյուռքի հետ կապերի նախարարություն, իսկ Վահան Հովհաննիսյանն առաջարկեց «ՀՀ սփյուռքի հետ կապերի եւ հայրենադարձության նախարարություն» անվանումը:

Ներկայացնելով «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը` Հովհաննես Մարգարյանը կարեւորեց նախագիծը եւ նկատեց, որ առաջին անգամ է խորհրդարանում քննարկվում ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ նման օրինագիծ: Խմբակցությունը նույնպես նպատակահարմար է գտնում նախարարության անվանումը փոխել եւ կոչել սփյուռքի հետ կապերի նախարարություն: «Օրինաց երկիրը» կողմ է քվեարկելու այս նախագծին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարը, մասնավորապես անդրադառնալով նախարարության անվանման հարցին, նկատեց, որ եթե Ազգային ժողովը պնդի, որ առաջարկվող անվանումը ավելի «տարողունակ» է, ինքը անձամբ դեմ չի լինի այդ առաջարկին, թեեւ ներկայացված անվանումը լիովին համապատասխանում է նախարարության գործառույթներին:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի, Կարեն Կարապետյանի, Հրայր Կարապետյանի, Դավիթ Հարությունյանի, Հեղինե Բիշարյանի եւ Ավետ Ադոնցի հեղինակած «Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի առաջարկությունների կատարման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը ներկայացրեց համահեղինակ Հրանուշ Հակոբյանը: Իրենց ելույթներում ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը եւ Լարիսա Ալավերդյանը պարտավորությունների կատարմանը վերաբերող հայտարարության մեջ նշված որոշ դրույթներ անիրական համարեցին, կատարված քայլերը` թերի եւ ոչ հետեւողական:

Պատգամավորներ Արտաշես Ավոյանը, Ռաֆիկ Պետրոսյանը եւ Արմեն Աշոտյանը նկատեցին, որ հայտարարության բովանդակությունը համահունչ է կոալիցիայի ներկայացրած հիմնադրույթներին, որոնք մեր երկրի առաջընթացի կարեւոր պայմաններն են: Դրանք  բխում են ոչ միայն ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորություններից, այլեւ մեր երկրի առաջընթացի ու ժողովրդի հանդեպ պատասխանատվության գիտակցումից ու վճռականությունից:

Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ մենք առաջընթաց ապահովող քայլեր պետք է անենք ոչ թե ուրիշների պարտադրանքով, այլ ելնելով մեր շահերից:

Հայտնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը` Վարդան Խաչատրյանը տեղին համարեց հիշատակել  չինական  իմաստուն մի միտք. «Երբ երիտասարդ էի, լսում էի մարդկանց ու հավատում նրանց ասածներին, երբ իմաստնացա, լսում էի մարդկանց ու նայում նրանց գործերին»: «Ժառանգությունը» ուշադիր հետեւելով պարտավորությունների կատարման ընթացքին` տեսնում է, որ հիմնախնդիրների մեծ մասը մնում են չլուծված, իշխանությունները եւ քաղաքական կոալիցիան երկրի զարգացումն ապահովող հետեւողական ու նպատակային քայլեր չեն ուզում կատարել: Նա տեղեկացրեց, որ խմբակցությունը  հայտարարությունը հավուր պատշաճի քննարկելուց հետո կտա իր վերջնական պատասխանը`  հարցի վերաբերյալ արտահայտելով իր  դիրքորոշումը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը` հավաստիացնելով, որ այս հայտարարությունը հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին եւ անհիմն են այն շահարկումները, որ սա հերթական «գալըչկա» ստանալու փորձ է ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհին: Խմբակցությունը անհիմն է համարում մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նպատակով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ ընդդիմության անվստահությունը եւ կոչ արեց «Ժառանգությանը» մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին եւ ոչ օբյեկտիվ քննարկումների դեպքում այդ մասին հայտարարությամբ հանդես գալ եւ դուրս գալ հանձնաժողովից:

Եզրափակիչ ելույթում Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար: Նա համաձայնեց, որ անելիքներ դեռ շատ կան. 8 տարում մեր երկրում չէին կարող ձեւավորվել եվրոպական չափանիշներին համապատասխանող ինստիտուտներ: Մեր երկիրը պարտավորություններ է ստանձնել եւ հետեւողականորեն կատարում ենք դրանք. հայտարարության մեջ փորձ է արվել հենց այդ պարտավորությունների կատարման փաստերն արձանագրել: Նա հորդորեց «Ժառանգություն» խմբակցությանը  չվատաբանել այն ամենը, ինչ իրականում կատարվում է. լավին պետք է լավ ասել, վատին` վատ: Նա հավաստիացրեց, որ կառուցողական բոլոր առաջարկները կընդգրկվեն հայտարարության մեջ:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ Ազգային ժողովի նորաստեղծ 3 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ խմբակցության անունից ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրեց ՕԵ խմբակցության անդամ, պատգամավոր Խաչիկ Հարությունյանի, իսկ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար` ՕԵ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի թեկնածությունները: Նա նաեւ տեղեկացրեց, որ խորհրդակցության արդյունքում կոալիցիայի անդամ քաղաքական ուժերը որոշել են խորհրդարանական ընդդիմության իրավունքներն ընդլայնել, ուստի կոալիցիայի անդամ քաղաքական ուժերը առաջարկում են «Ժառանգություն» խմբակցությանը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար իր կազմից առաջադրել թեկնածություն:

Քանի որ «Ժառանգությունը» թեկնածու չառաջադրեց, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ այս հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի ընտրության հարցը օրակարգից դուրս է գալիս. այդ հարցին Ազգային ժողովը կանդրադառնա աշնանային նստաշրջանում կամ էլ անհրաժեշտության դեպքում` արտահերթ նիստում:

Հանձնաժողովների նախագահների թեկնածուներ Խաչիկ Հարությունյանը եւ Հովհաննես Մարգարյանը  ելույթներում իրենց պատկերացումները շարադրեցին հանձնաժողովների կատարելիք աշխատանքների վերաբերյալ եւ հավաստիացրին, որ ջանք չեն խնայի խորհրդարանի  վստահությունն արդարացնելու համար:

Թեկնածուների վերաբերյալ դրվատանքի խոսքեր ասացին ԱԺ պատգամավորներ Արամ Սաֆարյանը, Ռաֆիկ Պետրոսյանը եւ Էդուարդ Շարմազանովը:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը` Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ ընդդիմությանը խորհրդարանական աշխատանքներին մասնակից դարձնելու քայլերը ողջունելի են, բայց բավարար չեն, ուստի խմբակցությունը չի կարող հանձնաժողովի նախագահի թեկնածություն ներկայացնելու կոալիցիայի առաջարկն ընդունել: Խմբակցությունը կարծում է, որ նախ պետք է ընդլայնել ընդդիմության ընթացակարգային իրավունքները եւ նոր միայն մտածել հանձնաժողովի նախագահ ունենալու մասին:

ՀՀԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանը համոզմունք հայտնեց, որ կոալիցիոն ուժերի միջեւ համաձայնությունը ավելի պետք է նպաստի համատեղ աշխատանքի արդյունավետությանը: Նա տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու առաջադրված թեկնածուներին:

Քննարկվեց «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին»  եւ դրանց հետ կապված այլ օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, ֆինանսական միջնորդության ավելացումը: 

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, նրանց բողոքների արագ, արդյունավետ եւ անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը եւ ֆինանսական միջնորդության ավելացումը: Օրենքը կարգավորում է ‎ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ սպառողների կողմից ներկայացված պահանջների քննության կարգը, ‎ֆինանսական համակարգի հաշտարարի կարգավիճակը, ‎ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստեղծման եւ գործունեության կարգն ու պայմանները եւ սպառողների պաշտպանության հետ կապված այլ իրավահարաբերություններ:

«Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման նպատակը բանկերի կողմից ավանդների ներգրավման պայմանների եւ կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանումը եւ այդ կանոնների միջոցով սպառողների իրավունքների պաշտպանությունն է: Օրենքը կարգավորում է բանկերի կողմից ավանդների ներգրավման ժամանակ բացահայտվող տեղեկատվության շրջանակը, այդ տեղեկատվության տրամադրման, հաշիվների եւ ավանդային պայմանագրերի գովազդման, ավանդների նկատմամբ տոկոսների հաշվարկման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ ավանդատուների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանող այլ իրավահարաբերություններ: 

Ազգային ժողովը քննարկեց նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2007-2008 թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի հունիսի 17-ին, ժամը 11-ից:



16.06.2008
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները Ազգային ժողովում
Հունիսի 16-ին Ազգային ժողովում էին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլումբիեն:  Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում, որին ներկա էր ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, համազեկուցողները նշեցին, որ իրենց այցը ...

16.06.2008
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին հրավիրած նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, քննարկեց արտահերթ նիստի օրակարգում ընդգրկելու համար ներկայացված երկու հարց:«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am