National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
16.06.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
16.06.2008
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները Ազգային ժողովում

Հունիսի 16-ին Ազգային ժողովում էին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլումբիեն: 

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում, որին ներկա էր ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, համազեկուցողները նշեցին, որ իրենց այցը ԵԽԽՎ հերթական նստաշրջանից առաջ 1609 բանաձեւի կատարման ընթացքի ուսումնասիրության նպատակ ունի: Պարոն Կոլումբիեն ընդգծեց, որ վեհաժողովը մտահոգված է մարտի 1-2-ի իրադարձությունների  անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննության անցկացումով, պարոն Պրեսկոտը այս առումով առաջարկեց անկախ դատավորների մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին: Նրա գնահատականով` հանձնաժողովի աշխատանքներում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է լուրջ դերակատարություն ունենալ, թեպետ նրա ներկայացրած մանրակրկիտ զեկույցը գնահատվեց որպես իր լիազորությունների գերազանցում: 

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը համազեկուցողներին իրազեկեց այն աշխատանքների մասին, որ Ազգային ժողովում կատարվել են ԵԽԽՎ 1609 բանաձեւի ընդունումից հետո. նշվեց, որ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ ընդունվել է «Ժողովների, հանրահավաքների, երթերի եւ ցույցերի անցկացման մասին» օրինագիծը, որն արդեն ներկայացվել է ՀՀ նախագահի վավերացմանը եւ 1-2 օրում նախագահը կվավերացնի: Թեպետ ժամանակը շատ սակավ էր, բայց ԱԺ-ում արդեն նախագծեր կան ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի ձեւավորման կարգի փոփոխության, ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի փոփոխություններով վերանայվել են խորհրդարանում ընդդիմության իրավունքները` ընդլայնման առումով: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ մինչեւ 1601 բանաձեւի ընդունումը` նշված 27 կետերից 22-ը արդեն Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգով սահմանված էին, 5-ից երկուսը հակասում են ՀՀ Սահմանադրությանը, իսկ 3-ը նախագծով նախատեսված են: Բոլոր փաթեթները ուղարկված են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին: ԱԺ արտահերթ նստաշրջանում արդեն քվեարկությամբ համաձայնություն է տրվել մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրության համար Աժ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, որը գործող օրենքների եւ Սահմանադրության շրջանակներում պիտի տա բոլոր ակնկալվող հարցերի պատասխանը: Պարոն Թորոսյանը նշեց, որ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ եղել են ակտիվ ու շահագրգիռ քննարկումներ խորհրդարանում: Անդրադառնալով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությանը հանձնաժողովի աշխատանքներին, ԱԺ նախագահը նշեց, որ չի կարող որեւէ խոչընդոտ լինել հանձաժողովի աշխատանքներին նրա մասնակցությանը: Պարոն Թորոսյանը հույս հայտնեց, որ հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը իրապես բոլոր հարցերի պատասխանը կտա եւ դա նախեւառաջ կարեւոր է երկրի ներսում առկա հարցերի լուծման առումով: Պարոն Թորոսյանը համաձայնեց պարոն Պրեսկոտի առաջարկությանը` նշելով, որ հանձնաժողովի գործունեությանը կարող են մասնակցել եւ տեղական, եւ միջազգային փորձագետներ` ամեն ինչ պիտի արվի այս հարցին արժանապատիվ վերջակետ դնելու համար:

Համազեկուցողների խնդրանքով ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ ձերբակալվածների խնդրին: Նշվեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան` համապատասխան մարմինները մեղադրանք են ներկայացրել եւ պիտի լուրջ փաստարկներ բերեն կատարած հանցանքների վերաբերյալ: Մասնավորապես ձերբակալված պատգամավորների առնչությամբ նշվեց, որ գործի լիարժեք հետաքննության հնարավորության ստեղծման համար խորհրդարանը համաձայնություն տվեց նրանց ձերբակալմանը: Աժ նախագահը արդեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` պարզելու, թե անցած երեք ամիսներին ինչ է արվել նրանց գործերի հետաքննության առնչությամբ եւ տեղեկություններ ստանալու պարագայում կիրազեկի նաեւ համազեկուցողներին: 

ԵԽԽՎ համազեկուցող Ժորժ Կոլումբիեի խնդրանքով ԱԺ նախագահն անդրադարձավ քաղաքապետարանի կողմից հունիսի 20-ին ընդդիմության հանրահավաքի մերժմանը` նշելով, որ հարցն ավելորդ կարեւորում է ստանում, հանրահավաքի իրազեկմանն ի պատասխան քաղաքապետարանը առաջարկել է հանրահավաքն անցկացնել այլ վայրում: Եթե կազմակերպիչները համաձայն չեն, կարող են դիմել դատարան` դա օրենքից է բխում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլումբիեն Ազգային ժողովում հանդիպեցին ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: Հանդիպմանը ներկա էր ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

Համազեկուցողները նշեցին, որ երկօրյա այցի նպատակն  է  դիտարկել  Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարման գործընթացը, քանի որ ԵԽԽՎ նստաշրջանից առաջ  իրենք պետք է ներկայացնեն Հայաստանում մարտի 1-2-ից հետո իրադարձությունների զարգացման ամբողջական պատկերը եւ 1609 բանաձեւի կատարման ընթացքի մասին ամփոփ զեկույց: Պարոն Կոլումբիեն նշեց, որ որեւէ մեկը չպետք է հետապնդվի  եւ ձերբակալվի իր քաղաքական հայացքների կամ դիրքորոշման արտահայտման համար եւ եթե կան այդպիսիք, ապա պետք է ազատ արձակվեն:  Նա մտահոգություն հայտնեց ընդդիմության կողմից հունիսի 20-ին հրավիրվելիք  հանրահավաքը մերժելու քաղաքապետի որոշման վերբերյալ:

Դավիթ Հարությունյանը կարեւորեց համազեկուցողների այցը Հայաստան, նշվեց, որ մեր կողմից փորձ է արվել առավելագույնս նախապատրաստվել այցին: Մեծ աշխատանք է կատարվել օրենսդրության բարեփոխման  ուղղությամբ: Վերջին երեք օրվա ընթացքում կալանվածների հարցում զգալի առաջընթաց կա, մեծ թվով մարդիկ ազատ են արձակվել: 
 
Պարոն Պրեսկոտը անդրադարձավ մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությանը` շեշտելով ուսումնասիրության անաչառության եւ անկախության կարեւորությունը: Նրա համոզմամբ, եթե ուսումնասիրությունը անկախ չճանաչվի, ապա հասարակության  պառակտումը ավելի կխորանա: Համազեկուցողները առաջարկեցին, որ ավելի շատ տեղ տրամադրվի  մարդու իրավունքների պաշտպանին` նշելով, որ նրա կողմից ներկայացվող ուսումնասիրությունը շատ ավելի արժանահավատ կդիտվի հասարակության կողմից:  

Պարոն Հարությունյանը նշեց, որ կարեւոր քայլեր են արվել հանձնաժողովի անկախության ուղղությամբ. հանձնաժողովի կազմում առաջարկվում է ընդգրկել  ԱԺ խմբակցություններից երկուական ներկայացուցիչ,  մեկական ներկայացուցիչ  արտախորհրդարանական ուժերից եւ  մեկ ներկայացուցիչ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: Պարոն Հարությունյանը այդքան կարեւոր չի համարում քվեարկության իրավունքը, որքան  այն  հանգամանքը, որ արտախորհրդարանական ուժերին հնարավորություն է տրվում հատուկ կարծիք ներկայացնել, որը ամրագրվելու   է զեկույցին: Նրա կարծիքով, այս փուլի համար գտնված է լավագույն լուծումը: Դավիթ Հարությունյանի խոսքով` կարեւոր քայլեր են կատարվել նաեւ ընդդիմության դերի բարձրացման ուղղությամբ: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունները, որով  ընդդիմությանը իրավունք է վերապահվում   ԱԺ նիստում քննարկման դնել իր կողմից արտահերթ համարված ցանկացած հարց: Օրենքում ամրագրվում է, որ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը` ըստ օրենքում սահմանված բանաձեւի, որի հիմքում դրված է պրոֆեսոր Վիկտոր դ՝Օնտի  մեթոդը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնեղ այլ հարցեր եւս:

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլումբիեն նույն օրը հանդիպեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ստեփան Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի, Վարդան Խաչատրյանի հետ: Հանդիպմանը ներկա էր ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա ՈՒրումովան:

ԵԽԽՎ մոնիտորիգի հանձնաժողովի  համազեկուցող Ջոն Պրեսկոտը խմբակցության անդամներին տեղեկացրեց, որ այցի նպատակը Հայաստանի վերաբերյալ  ԵԽԽՎ  1609 բանաձեւի կատարման ընթացքի մասին տեղեկությունների ստացումն է եւ ակնկալում են լսել խմբակցության կարծիքը: Նշվեց, որ հատկապես կարեւորում են քաղբանտարկյալների ազատ արձակման  եւ հայտնի ողբերգական դեպքերի անկախ ուսումնասիրության անցկացման  վերաբերյալ  հարցերը:

Խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նախ նշեց, որ Հայաստանը ուշ սկսեց բանաձեւի պահանջների կատարումը, ինչը, ըստ նրա, ժամանակ շահելու միջոց էր: Ըստ պարոն Սաֆարյանի, արդեն արված որոշակի քայլերը բավարար չեն ասելու, որ բանաձեւի պահանջները կատարվում են: Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը շահագրգիռ է եղել  պահանջների կատարման հարցում, քանի որ դրանք Հայաստանի շահերից են բխում եւ այդ պատճառով էլ առաջարկներ են ներկայացրել  իշխանությանը, որոնք, սակայն, չեն ընդունվել: Առաջարկների փաթեթում եղել են հետեւյալ կետերը. չեղյալ համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին»  ՀՀ օրենքում մարտի 17-ին կատարված փոփոխությունները, քննարկել իրենց բնորոշմամբ` քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու, «Ընդդիմության մասին» օրենքի մշակումը միասին կատարելու  եւ այլ հարցեր:

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի զեկույցի կապակցությամբ օրերս Ազգային ժողովում անցկացված լսումներին, պարոն Սաֆարյանն այն թերի որակեց, քանի որ, իրենց կարծիքով, հրավիրված չէին կարեւոր պաշտոնատար անձինք, իսկ  խմբակցությունն էլ հնարավորություն չունեցավ ամբողջական ներկայացնելու իրենց տեսակետները: Խմբակցության անդամների կարծիքով, կազմակերպված լսումների նպատակը մեկն էր` մեղադրել օմբուդսմենին: 
 
Խմբակցության անդամներն անդրադարձան կատարված աշխատանքներին եւ մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ ներկայացրին իրենց տեսակետները:
 
Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ  օրենքում  կատարված որոշ փոփոխություններ կարելի է դրական համարել, բացասական համարվեց հանրահավաք անցկացնելու վերաբերյալ  մերժումը բողոքարկելու  դրույթը, քանի որ, ըստ պատգամավորի, Հայաստանում դատարանների հանդեպ վստահության պակաս կա եւ դրանք կատարում են իշխանությունների պատվերը:

Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ մարտի 1-2-ին կատարված ողբերգական դեպքերին, նշեց, որ առայսօր 10 զոհերի մահվան կապակցությամբ հարուցված չեն քրեական գործեր, ավելին, զոհերի հարազատները հրավիրվում են դատախազություն եւ շանտաժի ենթարկվում, որպեսզի հրաժարվեն բողոք ներկայացնելուց: Ըստ նրա, Ազգային ժողովում ստեղծվող հանձնաժողովը վստահելի չէ եւ չունի լծակներ` բացահայտելու  մեղավորներին:

Արմեն Մարտիրոսյանը խոսեց ՀՀ  Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ, նշելով, որ խմբակցության բազմաթիվ առաջարկներ չեն ընդգրկվում առաջարկների նախագծում, իսկ ընտրական գործընթացում կատարված որոշ խախտումների կապակցությամբ էլ չեն հարուցվում քրեական գործեր:

Անահիտ Բախշյանն անդրադարձավ ԶԼՄ-ների, մասնավորապես` հեռուստատեսության գործունեությանը, նշեց, որ դրանք այսօր էլ չեն ապահովում բազմակարծություն եւ իրենք չեն կարծում, թե ծրագրված փոփոխությունները դրական ազդեցություն կունենան:  

Վարդան Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմության կողմից հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ դիմումների մերժումը մեծացնում է հասարակության լարվածությունը եւ նախադրյալներ ստեղծում առճակատման համար:

Հունիսի 16-ին նախատեսված են ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հանդիպումները ԱԺ-ում քաղաքական կոալիցիայի անդամ խմբակցությունների եւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ՀՀ ԱԺ աշխատանքային խմբի անդամների հետ:


 



16.06.2008
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 16-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին եւ «2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությ...

16.06.2008
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին հրավիրած նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, քննարկեց արտահերթ նիստի օրակարգում ընդգրկելու համար ներկայացված երկու հարց:«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS