Տպել
16.06.2008
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին հրավիրած նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, քննարկեց արտահերթ նիստի օրակարգում ընդգրկելու համար ներկայացված երկու հարց:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթով նախատեսվում է լուծել չորս հիմնական հարց, որոնց մասին հանձնաժողովի անդամներին հիմնավորումներ ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:   Կառավարությունն առաջարկում է   սպասարկման  առավել քաղաքակիրթ կանոններ սահմանել` առաջնորդվելով  սպառողների եւ զբոսաշրջիկների շահերով: Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերի, առեւտրի կենտրոնների համար, օրինագիծն ընդունելուց հետո,  պարտադիր կլինի վճարովի կամ անվճար սանիտարական հանգույցների եւ հասարակական զուգարանների առկայությունը: Նախարարի  խոսքերով` ժամանակն է, որ  նշված գործառույթներն իրականացնող կազմակերպությունները ստանձնեն սոցիալական պատասխանատվություն` նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը:  Այս ծառայության  վճարովի կամ անճար լինելու վերաբերյալ կարծիքները հանձնաժողովում տարբեր էին:  Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարծում է, որ հնարավոր է այս ծառայությունը  եւս ներառել սպասարկան մեջ  եւ մատուցել անվճար: Այդպես է նաեւ Եվրոպայում:  Նախարարը եւ պատգամավորներից ոմանք կարծում են, որ անվճար ծառայության դեպքում իրավիճակն առանձնապես չի փոխվի, սպասարկման  ոլորտը դեռ այդ մակարդակին չի հասել:  Երկրորդ խնդիրը, որին ուղղված է այս փաթեթը,  սպառողների տնտեսական շահերի պաշտպանությունն է: Կառավարությունն առաջարկում է  առեւտրի իրականացման վայրերում սպառողների համար` նրանց հասանելի վայրերում, տեղադրել տեսակը հաստատված  եւ ստուգաչափված  ստուգիչ չափման միջոց: Գործադիր իշխանությունն այսպես փորձելու է թերակշռումների դեմ պայքարել:  Հաջորդ խնդիրը, որի վրա նախարարը հրավիրեց պատգամավորների ուշադրությունը, վերաբերում է հացի գներին ու դրանց տատանման  հսկողությանը: Կառավարությունը նախատեսում է  վաճառվող հացի գնապիտակի վրա  մեկ միավոր հացի քաշը նշելու պարտադիր պայման:  Պատգամավորները միակարծիք են, որ գինը պետք է սահմանվի ոչ թե յուրաքանչյուր հացի, այլ հացատեսակի համար, եւ լինի քաշի մեջ մի փոքր` սահմանված չափով տատանման հնարավորություն: Հակառակ դեպքում, ըստ պատգամավորների, մեկ գրամ քաշի տատանումն անգամ  անհարկի շահարկման առիթ կհանդիսանա: Չորրորդ փոփոխութամբ կառավարությունն առաջարկում է «բուֆետապան»-ի վրա չտարածել  մասնագիտական կրթություն ունենալու պահանջը: Բացի դա, մեկ տարով առաջարկվում է հետաձգել Երեւանում եւ մարզկենտրոններում  գործող հանրային սննդի  աշխատողների համար կրթության եւ վերապատրաստման ժամկետը:  Հանձնաժողովը փաթեթը դրական գնահատեց` վիճահարույց հարցերն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակեցնելու պայմանով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին:  Ինչպես ներկայացրեց կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ ագիկ Խաչատրյանը, օրենքում որպես  թեմատիկ ստուգում նախատեսված է մաքսային վճարների հաշվարկման եւ վճարման  ճշտությունը  ստուգելու հնարավորություն` հետբացթողումային հսկողության ժամանակ: Սակայն մաքսային մարմինն ընդգրկված չէ ստուգում իրականացնող պետական մարմինների ցանկում, ինչը եւ առաջարկվում  է շտկել այս լրացմամբ:


16.06.2008
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 16-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին եւ «2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությ...

16.06.2008
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները Ազգային ժողովում
Հունիսի 16-ին Ազգային ժողովում էին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլումբիեն:  Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում, որին ներկա էր ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, համազեկուցողները նշեցին, որ իրենց այցը ...