Տպել
04.03.2008
Ազգային ժողովն ընդունեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը

Մարտի 4-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ  Ազգային ժողովը արտահերթ նիստ  է գումարում, որի օրակարգում մեկ հարց է.«Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Վարդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին»:

Պարոն Թորոսյանը տեղեկացրեց նաեւ, որ ԱԺ կանոնակարգի համաձայն` միջնորդագիրն ստանալուց հետո նշված չորս պատգամավորներին ուղարկվել է ծանուցագիր, որն ստանալու մասին տեղյակ են պահել միայն Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը, իսկ պատգամավորներ Սասուն Միքայելյանի ու Խաչատուր Սուքիասյանի գտնվելու վայրը հայտնի չէ, ուստի ծանուցագիրը հանձնվել է ընտանիքի անդամներին:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Վարդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալներ ներգրավելու եւ կալանավորելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա նշեց, որ սկսած 2008 թ. փետրվարի 20-ից` Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան իբրեւ ընտրված նախագահ հռչակած իր համախոհներն ու աջակիցները, Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպել եւ 10 օր տեւողությամբ անընդմեջ անցկացրել են մայրաքաղաքի կենսագործունեությունը, ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը, պետական հիմնարկների բնականոն գործունեությունն ու ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խանգարող չարտոնված զանգվածային հրապարակային միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ, որոնց ընթացքում զանգվածային հոգեխանգարմունքի ձեւավորման  տարատեսակ հնարքների կիրառմամբ հանդես են եկել քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու, պետական մարմինների, մասնավոր ձեռնարկությունների եւ ուսումնական հաստատությունների բնականոն գործունեությունը  խաթարելու, իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու հրապարակային կոչերով, որոնք զուգորդվել են  ապատեղեկատվական բնույթի սադրիչ ելույթներով եւ հայտարարություններով, հասարակական կարգի պահպանությունն իրականացնող պետական ծառայողների բացահայտ շանտաժով:

Գլխավոր դատախազը նշեց նաեւ, որ ցուցարարները գաղտնի զինվել են փայտե մահակներով, երկաթյա ձողերով, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված այլ առարկաներով, ինչպես նաեւ  դյուրավառ ու պայթուցիկ նյութերով, ապօրինի հրազենով ու ռազմամթերքով` նախապատրաստելով հատուկ գրոհային խմբեր` իրավապահ մարմինների հետ բախումներ սադրելու, ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու, օրինաչափ միջամտությունը բռնությամբ հաղթահարելու նպատակով:

Իրավիճակը վտանգազերծելու նպատակով մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ձեռնարկել է հանրավտանգ այդ նյութերն առգրավելուն ուղղված օպերատիվ միջոցառում, սակայն նստացույցի մասնակիցները կատաղի հարձակում են գործել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իրավապահների նկատմամբ. ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է հաղթահարել զինված դիմադրությունը: Ազատության հրապարակում սկիզբ առած զանգվածային անկարգությունները շարունակվել են րիգոր Լուսավորիչի պողոտայում, կրկեսի, Ֆրանսիայի դեսպանատան, Երեւանի քաղաքապետարանի եւ «Մետրոպոլ» հյուրանոցի միջեւ ընկած տարածքում, վնասվել են պետական ու մասնավոր սեփականություն հանդիսացող շինություններ, մեքենաներ: Առնվազն 160 անձ, այդ թվում ավելի քան 100 ոստիկաններ եւ զինծառայողներ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Զոհվել է 8 մարդ:

Անկարգությունները դադարեցվել են միայն ՀՀ նախագահի 2008 թ. մարտի 1-ի հրամանագրով Երեւան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոստիկանության, ազգային անվտանգության եւ զինված ուժերի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում:

Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս այն մասին, որ հրապարակային կոչերով բռնարարքներ հրահրելուն, անմիջական մասնակցությամբ, դրդումներով, տարաբնույթ օժանդակություններով, այդ թվում գրոհայինների հավաքագրումներով եւ նրանց զինելով զանգվածային անկարգությունները կազմակերպելուն ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ ԱԺ վերը նշված չորս պատգամավորները, որոնք ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված զանգվածային անկարգություններ են կազմակերպել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու օրենքով նախատեսված հիմք են հանդիսանում նրանց կատարած արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչի մասին վկայում են նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցները: լխավոր դատախազը նշեց, որ նրանք կատարել են հանրորեն վտանգավոր արարքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով:

Իրենց ելույթներում ԱԺ պատգամավորներ Հակոբ Վարդանեսի Հակոբյանը եւ Մյասնիկ Ժորայի Մալխասյանը հավաստիացրին, որ իրենք չէին կարող մեր երկրի անվտանգությունը խարխլող քայլեր անել, իրենց գործողությունները բացառապես խաղաղ բնույթ են կրել, իսկ հանրահավաքներում հնչած իրենց ելույթները, կոչերը սադրիչ գործողությունները կանխելու, ժողովրդին բախումներից հեռու պահելու նպատակ են հետապնդել: Նրանք հույս հայտնեցին, որ քննությամբ կպարզվի իրենց անմեղությունը: Հակոբ Հակոբյանը նաեւ հայտարարեց, որ պատրաստ է կալանքը ընդունել որպես խափանման միջոց, միայն թե պարզվի ճշմարտությունը:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան «Ժառանգություն» խմբակցության վեց պատգամավորները` այդ թվում եւ խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանց գնահատմամբ,  չորս պատգամավորների նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, եւ դատախազի ներկայացրած միջնորդությունը չունի բավարար հիմքեր, ոմանք էլ հայտարարեցին, որ իրենք էլ պատրաստ են  կալանավորվել:

Արտահերթ ելույթում Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց.
«Հարգելի գործընկերներ: Մինչ այսօր քննարկվող հարցին անդրադառնալը, ես ուզում եմ կոչ անել մեր գործընկերներին զգույշ եւ զուսպ լինել: Կորածների, մահացածների վերաբերյալ անպատասխանատու հայտարարություններ չանել:  Եթե կան հայտարարություններ կորածների վերաբերյալ, ապա պիտի անպայման դրանք ուղղվեն  համապատասխան պետական մարմիններին, որպեսզի պարզվի` ովքեր են կորել, փորձել բացահայտել  եւ ճշգրիտ   պատասխաններ տալ: Պատգամավորներն ունեն մեծ պատասխանատվություն, լիովին համաձայն եմ, բայց պատգամավորները չէ, որ պիտի զբաղվեն այս հարցերով: Նրանք կարող են աջակցել, օգնել, փորձել պարզել, բայց շատ կարեւոր է տեղեկությունները  ներկայացնել համապատասխան մարմիններին, ճշտումներ անել եւ դրանից հետո միայն  հայտարարութուններ անել:    Առաջին քայլը, որ այսօր պիտի արվի, դա զուսպ վերաբերմունքն է տեղի ունեցածին, ինչքան էլ ցավը խորն է, իսկապես` անդարմանելի: Իսկապես  այդպես է, որովհետեւ տեղի ունեցավ մի երեւույթ, որը բացառիկ է մեր նորանկախ երկրի ողջ պատմութայն ընթացքում: Ցավալի երեւույթ: Դաժան երեւույթ ու դատապարտելի երեւույթ:  Եւս մի քանի` այստեղից հնչած հայտարարությունների մասին: Ես չեմ ուզում գնահատական տալ այդ հայտարարություններին, ուղղակի ուզում եմ հուսալ, որ սայթաքում է, երբ հայտարարվում է, թե կարեւոր է ` երբ է զոհվել  ոստիկանության գնդապետը. քաղաքացիական անձանցից հետո՞,  թե՞ առաջ: Մարդը զոհվել է եւ զոհվել է, որ ավելի մեծ թվով մարդիկ չզոհվեն:   Մի՞թե ճիշտ եւ արդարացի է նման հարցադրումներ ներկայացնելը:  Մեր գործընկերոջ կատարած քայլի մասին այստեղ խոսվել է: Երբ այստեղ հատուկ նիստ էինք գումարել, մենք տեղեկություններ չունեինք զոհված մարդկանց մասին: Դժբախտաբար, ողբերգությունը շատ ավելի խորն էր, քան անգամ հատուկ նիստ գումարելու ժամանակ հնարավոր էր պատկերացնել:  Ես համարում եմ ակնհայտ շահարկում, երբ այստեղից ասվում է, որ անհամապատասխան էր եւ իրավաչափ չէր   հանրապետության նախագահի  հատուկ դրություն մտցնելու վերաբերյալ հրամանագիրը: Ի՞նչ պիտի լիներ այլեւս: Բացի նրանից,  ինչ տեղի ունեցավ: Մարդիկ զոհվեցին: Ութ մարդ, ութ հայ մարդ զոհվեց Հայաստանի մա յրաքաղաքում: Վանդալիզմ տեղի ունեցավ, մի բան, որ այս քաղաքում  տեղի չէր ունեցել : Ջարդարարություն տեղի ունեցավ, որ այս քաղաքում տեղի չէր ունեցել:  Ես անցած անգամ եւս ասացի, որ կար այդ հրամանագիրը, բայց նաեւ մեծ հույս կար, որ բանը նման իրավիճակների ու նման գործողությունների չի հասնի: Ու փորձ էր արվում ինչքան հնարավոր է հետաձգել պահը: Բայց մարդկանց  զոհվելուց հետ,  ջարդարարությունից հետո է՞լ միթե չպիտի մտցվեր այդ հատուկ դրությունը:  Ազատություն, ժողովրդավարություն, քաղաքացիական պարտք եւ այլն,   գեղեցիկ խոսքեր են: Բայց, անկեղծ ասեմ, այսօր դրանք բոլորովին այլ հարթությունում  եւ այլ ենթատեքստով են հնչեցվում, բոլորովին այլ տպավորություն է ստեղծվում. այստեղ ոչ մի կապ  չունի ոչ ազատությունը, ոչ  ժողովրդավարությունը: Համատեղելի՞ է ժողովրդավարության եւ ազատության հետ, երբ մարդիկ են զոհվում:  Երբ ջարդարարություն է տեղի ունենում ակնհայտորեն բոլորի աչքի առջեւ: Սա՞ է ժողովրդավարությունն ու ազատությունը: Ցավոք սրտի,  կա նաեւ շփոթմունք: Մարդիկ ավելի շատ խոսում էին, թե ինչ է տեղի ունեցել, անգամ հայտարարվում էր, թե ես էլ այս եմ արել, մյուսն էլ այն է արել, ինչու դրա մասին  այստեղ չկա: Մենք այսօր այստեղ այդ ողբերգական ժամերի գնահատականը չենք տալիս:     Այսօր բոլորովին  այլ հարց է ներկայացված: Եւ  հարցի շեղումը, կարծում եմ, բոլորովին էլ արդարացված չէ, հարգելի գործընկերներ, եւ ոչ էլ  այստեղ մրցակցություն է, թե ինչի մասին ասվեց եւ ինչի մասին չասվեց:   Այստեղ` այս քննարկման ժամանակ, գնահատական չի տրվում այն երեւույթին, որը տեղի ունեցավ:  Դա տրվում էր երբ մենք հատուկ նիստ, արտահերթ նիստ  էինք անում: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ որեւէ մեկը  ներկա 91 պատգամավորներից, ընդ որում` բոլոր խմբակցությունների  մասին է խոսքը, չներկայացրեց ԱԺ որոշման նախագիծ ` մերժելու համար հանրապետության նախագահի մտցրած արտակարգ  դրության այդ հաստատումը:  Սա է իրականությունը եւ կներեք, գոնե այսօրվան դա հարիր չէ: Եկեք գոնե այսօր, մոտակա ժամանակշրջանում անենք քայլեր, որոնք դուրս են սովորական քաղաքական մոլորություններից: Այսօր քննարկվում է մեկ հարց ընդամենը: Քննարկվում է, թե մենք  ինչպիսի դիրքորոշում պետք է ունենանք գլխավոր դատախազի   միջնորդության նկատմամբ: Անկեղծորեն պիտի ասեմ, որ ես ամեն ինչ կտայի, որ նման քննարկում չլիներ այս դահլիճում:  Ոչ միայն այն պատճառով, որ  չորս մարդկանց հետ, չորս պատգամավորների հետ ես այս դահլիճում  աշխատել եմ ինը տարի,  դեռ չեմ ասում այն մնացած մեր հարաբերությունների մասին, որ եղել են այս դահլիճից դուրս: Սակայն մեկ բան կա, որը մենք չենք կարող չտեսնել: Դա այն է, ինչ տեղի է ունեցել, դա ողբերգությունն է,  այն ցավն է, որ այսօր կա: Ավելին, դա այն ամոթն է, որ այսօր կա:  Ամոթ, որը վերացնելու համար շատ ժամանակ  է պետք լինելու: Ամոթ, որ մեր երկրում նման բան է տեղի ունեցել:    Մի բան, որը բացարձակապես որեւէ կապ չունի ոչ ընտրության, ոչ էլ քաղաքական գործընթացների հետ: Ընտրություններ եղել են, կան եւ կլինեն: Ի՞նչ կապ ունի վայրագությունը,  ի՞նչ կապ ունի մարդկանց զոհվելը ընտրության հետ: Մի՞թե սեփական կարծիքի ազատության ու իրավունքների համար նման ձեւով են պայքարում: Չկա, չի եղել մարդկության պատմության մեջ նման ձեւերով պայքար այդ արժեքների համար: Ճիշտ հակառակը: Նրանք, ում համար թանկ են  այդ արժեքները, երբեք նման ձեւեր չեն ընդունում, երբեք նման քայլեր չեն անում:  Եկեք շիտակ խոսենք. տեղի է ունեցել մի բան, որը բացարձակապես դուրս է այն  քաղաքական հարցադրումներից, որոնք այստեղ ներկայացվեցին: Իհարկե, կարելի է գեղեցիկ խոսքեր, արտահայտություններ, հուզական ելույթներ ունենալ, բայց կա այսօրվա դաժան իրողությունը, եւ պետք է այստեղից ելք գտնել: Ասվում է` եկեք դնենք  ամեն ինչ մի կողմ, հիմա երկխոսություն անենք եւ լուծումներ գտնենք: Երկխոսությունը ոչ մեկին արգելված   չէ, ճիշտ հակառակը` բազմաթիվ  երկխոսության կոչեր հնչեցին: Ցավոք սրտի, դրանք ոմանց կողմից կտրականապես մերժվեցին եւ պայմաններ դրվեցին դրա  համար: Երկխոսությունը խնդիրներ լուծելու համար է, որ թե պայման թելադրելու համար: Բայց ես դրան էլ չեմ ուզում անդրադառնալ:    Կարեւորը մեկն է. տեղի է ունեցել այդ դաժան իրադարձությունը, եւ   այսօր շատ կարեւոր է պարզել` ովքեր էին դրա մեղավորները, ով ուզում է լինի` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից , դիրքից, ազդեցությունից`   այդ մարդիկ պիտի պատասխան տան, որովհետեւ որեւէ մեկին` անկախ իր  նպատակներից ու իր դիրքորոշումից, այս քաղաքում ջարդարարություն   անելու, այս քաղաքում մարդ սպանելու իրավունք վերապահված չէ: Եւ որեւէ երկխոսությամբ չի կարելի դարմանել այդ վերքը: Պիտի ամենայն խստությամբ պատժվեն մարդիկ: Դա ասելով ես նկատի չունեմ մեր գործընկերներին, որոնք այստեղ են եւ երկուսը այստեղ չեն: Տպավորություն էր ստեղծվում, թե իբր մենք այստեղ դատարան ենք եւ որոշում ենք   մեր գործընկերները մեղավոր են,  թե չէ: Մենք նման իրավասություն չունենք, հարգելի գործընկերներ: Այո, կարեւոր է պատգամավորի դիրքը, բայց մենք որեւէ մեկին դատապարտելու կամ մեղադրելու   իրավունք չունենք:  Եւ մեզանից չեն էլ խնդրում այստեղ որեւէ մեկին համարել որեւէ հանցագործություն կատարող, դա դատարանի իրավասությունն է: Քննությունն է պարզում`  որեւէ մեկը մեղավոր է, թե ոչ: Ես բարձր եմ գնահատում Հակոբ Հակոբյանի  ելույթն այստեղ եւ իր հայտարարությունը: Եւ ես հիշեցի մեր հանգուցյալ գործընկերոջը` Մուշեղ Մովսիսյանին, երբ հոկտեմբերի 27-ի հետ կապված   նա այստեղ ասաց գրեթե նույն խոսքերը: Մենք պիտի հնարավորություն ստեղծենք, որ լիարժեքորեն բացահայտվի, թե ինչ է կատարվել:    Սա է խնդիր եւ ես հենց այդպես եմ գնահատում Հակոբ Հակոբյանի խոսքերը եւ գնահատում եմ որպես արժանապատվություն ունեցող մարդու խոսք: Եւ ես անկեղծորեն շատ ուրախ էի, երբ մեր գործընկեր Մուշեղ Մովսիսյանը վերադարձավ  եւ   պարզվեց, որ որեւէ  հանցանք չի կատարել մարդը, եւ մենք սիրով եւ ուրախությամբ նորից իր հետ աշխատեցինք այս դահլիճում:  Մենք մեկ խնդիր ունենք, ստեղծել հնարավորություններ: լխավոր դատախազը եկել է այդ առաջարկով: Ստեղծել հնարավորություններ, որ քննությունը թույլ տա պարզելու, թե ինչ է կատարվել այդ ժամանակ: Կանե՞նք դա, թե չէ.  սա է խնդիրը:  իտեք, ես անկեղծ պիտի լինեմ: Հայտարարությունները, թե մեր գործընկերները քաղբանտարկյալներ են,  թե մենք էլ ենք պատրաստ...Ներողություն, հարգելի, գործընկերներ, ես ձեզ չեմ հավատում: Մի մարդ էլ հայտարարեց, որ ինքն է լինելու միակ զոհը. տեսանք, թե ովքեր զոհ  եղան: Սա է իրականությունը եւ մենք պարտավոր ենք այդ իրականությանը շիտակ նայել: Եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել ` ինձ համար շատ ավելի բարձր  է,  շատ ավելի մարդկային եւ շատ ավելի ժողովրդավարական Հակոբ Հակոբյանի  հայտարարությունը, որ այո, ես պատրաստ եմ, որ կալանքը լինի խափանման միջոցը`   միայն թե պարզվի իրականությունը, քան թե կեղծ հայտարարությունները ազատության եւ ժողովրդրավարության մասին»:

Եզրափակիչ ելույթում գլխավոր դատախազն անդրադարձավ մի քանի հարցադրումների. մասնավորապես իրավապահ մարմինների գործողությունների համարժեքության խնդրին: լխավոր դատապազի համոզմամբ,  հետեւանքներն ավելի ծանր ու  անկանխատեսելի կլինեին` մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, եթե իրավապահ մարմիններն  ավելի հանդուրժող, խելամիտ  չլինեին եւ իրենց լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ չիրականացնեին: Կանխվեց ավելի ողբերգական հետեւանքներ, եզրափակիչ ելույթում  ասաց Աղվան Հովսեփյանը: Ձերբակալված անձանց հետ տեսակցություն ունենալու խոչընդոտների մասին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հարցին ի պատասխան գլխավոր դատախազը հայտատարեց, որ այդ պահանջները չեն բխում օրենքից եւ այսուհետ չի թույլատրվելու ձերբակալվածների հետ որեւէ պատգամավորի հանդիպում:      
      
ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդարանին ներկայացրեց  քվեարկության արդյունքները: Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ. Խաչատուր Ալբերտի Սուքիասյան`  կողմ 85 ,  դեմ 22 դեմ, Հակոբ Վարդանեսի Հակոբյան` կողմ 84, դեմ 20,  Մյասնիկ Ժորայի Մալխասյան` կողմ 84, դեմ  22, Սասուն Մեխակի Միքայելյան` կողմ 86, դեմ  20:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ քվեարկության արդյունքների համաձայն  Ազգային ժողովը համաձայնություն տվեց ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Հակոբ Վարդանեսի Հակոբյանին եւ Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալներ ներգրավելու եւ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ  ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին:
 
Ազգային ժողովի արտահերթ նիստը ավարտեց աշխատանքը:


04.03.2008
ՀՀ ԱԺ արտահերթ նիստ մարտի 4-ին
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, 2008 թ. մարտի 4-ին, ժամը 14-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.ԱԺ պատգամավորներ Հակոբ Վարդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխա...