Տպել
02.03.2008
Ազգային ժողովի արտահերթ նիստը

Մարտի 2-ին ԱԺ 60 պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու Ազգային ժողովի  հայտարարության նախագիծը մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Այն ներկայացրեց ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Անհանգստություն հայտնելով տեղի ունեցած իրադարձությունների
կապակցությամբ, դատապարտելով`

-մարտի 1-ին մայրաքաղաքում խժդժությունների հրահրումը հայտնի ուժերի կողմից, որի արդյունքում վնասվածքներ են ստացել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, իսկ մայրաքաղաքը կրել է զգալի բարոյական եւ նյութական վնաս,

-ատելության եւ չարության քարոզչությունը քաղաքական գործընթացներում,

-երկրի կայունությունը,  միջազգային վարկը եւ ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն,

կարեւորելով`

-մայրաքաղաքում կարգուկանոնի վերահաստատումը, բնականոն կյանքի վերականգնումը,

- մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգի չեզոքացումը,

- քաղաքական խնդիրների լուծումը երկխոսության հիման վրա,

- իրավական, մասնավորապես ընտրական գործընթացներին վերաբերող խնդիրների լուծումը երկրի Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան,

- հանդուրժողականության հարգումը` որպես հասարակության մեջ պառակտումների բացառման  հիմք,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` 

- անհրաժեշտ եւ իրավաչափ է համարում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թ. մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին, 

- զսպվածության եւ ողջամտության կոչ է անում մեր քաղաքացիներին այս բարդ իրավիճակը հնարավորինս արագորեն հաղթահարելու, երկիրը բնականոն ընթացքի վերադարձնելու համար:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը  քվեարկության դրեց ԱԺ հայտարարության նախագիծը, որը միաձայն ընդունեցին ԱԺ արտահերթ նիստին ներկա  81 պատգամավորները:

Սպառելով օրակարգը` ԱԺ արտահերթ նիստն ավարտեց աշխատանքը:


02.03.2008
Գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ
Մարտի 2-ին  ՀՀ Ազգային ժողովը գումարեց  հատուկ նիստ: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց, որ  մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված  ՀՀ նախագահը  խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ  մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել...