Տպել
04.09.2007
Երիտասարդական կազմակերպությունների անդամներն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 4-ին Եվրոպական հանձնախմբի «Երիտասարդությունը` շարժման մեջ» ծրագրի աջակցությամբ Եվրամիության անդամ հինգ եւ տարածաշրջանի չորս երկրների երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները ճանաչողական այցով եղան Ազգային ժողովում: Նրանց ընդունեցին  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը:
 

Տիկին Հակոբյանը երիտասարդներին ներկայացրեց Ազգային ժողովի գործառնությունները, աշխատակարգը, կառուցվածքը: Անդրադառնալով երիտասարդական քաղաքականության խնդիրներին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Ազգային ժողովը եւ իր ղեկավարած հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում են պահում երիտասարդության հիմնախնդիրները, սերտ աշխատում են երիտասարդական կազմակերպությունների հետ` երիտասարդներին հնարավորություն է տրվում մասնակցել իրենց առնչվող օրինագծերի քննարկումներին, ներկայացնել իրենց առաջարկությունները: Տիկին Հակոբյանը կարեւորեց երիտասարդական խորհրդարանի գործունեությունը, նրանց համագործակցությունն Ազգային ժողովի, կառավարության հետ: Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաեւ կրթական համակարգի բարեփոխումների խնդիրներին: Նշվեց, որ Հայաստանի զարգացման վեկտորը տանում է դեպի Եվրոպա: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները Հայաստանում համարվում են բարձրագույն արժեք, ինչն ամրակայված է ՀՀ Սահմանադրությամբ, եւ Ազգային ժողովի կարեւորագույն խնդիրը երկրի օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելն է:

ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը երիտասարդներին ներկայացրեց իր ղեկավարած, նորաստեղծ մշտական հանձնաժողովի խնդիրներն ու գործունեության ոլորտները` նշելով, որ 2001 թ. Եվրոպայի Խորհրդին անդամակցած Հայաստանը ստանձնել է պարտավորություններ, որոնք մշտապես եղել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուշադրության կենտրոնում եւ արդեն 95 տոկոսով կատարված են: Հանձնաժողովի նախագահը ցավով նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման պարտավորության կատարումը դեռ որոշ ժամանակ կմնա իբրեւ պարտավորություն: Նրա գնահատմամբ` Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը որակական նոր փուլ է մտել, սեպտեմբերից սկսվել է «ԵՄ. նոր հարեւաններ» գործողությունների ծրագրի իրականացումը, որտեղ ընդգրկված են Հարավային Կովկասի երեք հանրապետությունները:

Հանդիպման վերջում պարոն Ադոնցը եւ տիկին Հակոբյանը պատասխանեցին հյուրերի հարցերին:


04.09.2007
«Գրքի ճանապարհը» ծրագրի ներկայացուցիչները Ազգային ժողովում
Սեպտեմբերի 4-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Եվրախորհրդի 4-րդ գլխավոր տնօրինության Մշակույթի եւ մշակութային ու  բնական  ժառանգության հարցերով տնօրինության  «Մշակութային ուղիներ»   ծրագրի...

04.09.2007
Շարունակվում են «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի մասին» օրենքի կատարման հաշվետվության քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովներում
Սեպտեմբերի 4-ին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ֆինանսավորման կտրվածքով: Ֆինանսների եւ էկ...