Տպել
02.09.2007
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության 16-ամյակի կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ԼՂՀ անկախության 16-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել.

«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Շնորհավորում եմ ձեզ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի կապակցությամբ. 16 տարին պատմության համար մեծ ժամանակ չէ, բայց պատերազմի բովով ու խաղաղության փորձությամբ անցած պետության համար կայացման կարեւորագույն շրջան է, որի ընթացքում ակնհայտ է դարձել ժողովրդի ազատության ու արժանապատիվ ապրելու կամքն ու կարողությունը:


Անառարկելի է հայկական երկրորդ պետության գոյության փաստը, եւ անշրջելի է այլեւս պատմության ընթացքը` Արցախն օրեցօր առավել զորացող, ազատ ու ժողովրդավարական երկիր է, որի միջազգային ճանաչումը միայն ժամանակի խնդիր է:


Վերստին շնորհավորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 16-րդ տարեդարձի կապակցությամբ` գլուխ եմ խոնարհում ազատամարտի նահատակների շիրիմների ու հիշատակի առաջ, վստահ, որ նրանց գործը արժանի շարունակողներ կան` հանուն հայրենիքի անվտանգության, խաղաղության ու զորացումի»: