Անհրաժեշտ է ձեւավորել տարբեր ճգնաժամային իրավիճակներում, իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, պատահարների եւ այլ դեպքերի համար ահազանգերի եւ դրանց արձագանքման՝ բնակչության համար առավել մատչելի եւ արդյունավետ համակարգ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում:
Հիմնական զեկուցողը նշել է, որ առաջարկվում է բոլոր ահազանգերի համար ստեղծել մեկ միասնական կառավարման կենտրոն՝ մեկ միասնական հեռախոսահամարով: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՆԳՆ կառուցվածքում ստեղծել Օպերատիվ կառավարման գրասենյակ:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ Արմեն Մկրտչյանի` ներկայում տարբեր արտակարգ իրավիճակների համար գործում են արագ արձագանքման տարբեր հեռախոսահամարներ եւ արդյունքում քաղաքացիները ստիպված են լինում ինքնուրույն որոշել եւ կողմնորոշվել, թե որ դեպքերում որ հեռախոսահամարով է անհրաժեշտ ահազանգել: «Մինչդեռ, այդպիսի իրավիճակներում պետությունը պարտավոր է ապահովել ահազանգի արդյունավետ սպասարկում, իսկ քաղաքացին կարող է ճշգրիտ չկողմնորոշվել: Նշված խնդիրները կարող են հանգեցնել արձագանքման ժամկետների երկարացման, որոշումների ուշացման, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների կառավարելիության թուլացման»,- ասել է հիմնական զեկուցողը:
Մանրամասն ներկայացնելով Օպերատիվ կառավարման գրասենյակի գործառույթները` Ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը ԵՄ-ում առավել տարածված եւ բնակչության կողմից ճանաչելի է` որպես արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար:
Նշվել է, որ Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծումից անմիջապես հետո աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման ու շտապ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը եւս գրասենյակին փոխանցելու ուղղությամբ: Միաժամանակ, կգործարկվեն ինքնաշխատ ազդարարման կատարելագործված մեխանիզմներ, կբարելավվի ահազանգերի տեղորոշման ճշգրտությունը:
Արմեն Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ Օպերատիվ կառավարման գրասենյակի գործառույթների վերաբերյալ:
Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:




