Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ««Կրիպտոակտիվների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:
Ըստ նախագծի՝ 2025 թվականի հուլիսի 4-ից ուժի մեջ մտած «Կրիպտոակտիվների մասին» օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը ենթակա է լիցենզավորման Կենտրոնական բանկի կողմից: Օրենքի 94-րդ հոդվածը նախատեսում է անցումային ժամանակահատված այն իրավաբանական անձանց համար, որոնք օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ:
Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորումը կարգավորող ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, վերը նշված անձինք պետք է գրանցվեն եւ լիցենզավորվեն ԿԲ-ի կողմից՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, եթե ցանկանում են շարունակել այդ ծառայությունների մատուցումը: Միեւնույն ժամանակ, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ին, կրիպտոակտիվներով գործարքները կարող են իրականացվել միայն անկանխիկ եղանակով:
Նշվել է, որ վերոնշյալ կարգավորումների կիրառման ժամանակային անհամապատասխանությունը խնդիրներ է առաջացնում անցումային ժամանակահատվածում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար: Փաստացի ստացվում է իրավիճակ, երբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք դեռեւս չեն գրանցվել եւ լիցենզավորվել Կենտրոնական բանկի կողմից, սակայն բոլոր գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Դա նշանակում է, որ մի կողմից՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է հաստատեն հարաբերություններ բանկերի հետ՝ անկանխիկ գործարքների սպասարկումն ապահովելու համար, մյուս կողմից՝ բանկերի համար չլիցենզավորված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց սպասարկումը խնդրահարույց է, քանի որ վերջիններս դեռեւս չեն գործում օրենսդրությամբ սահմանված պահանջների ներքո:
Վերոնշյալ խնդրի լուծման նպատակով առաջարկվում է անցումային ժամանակահատվածում թույլատրել կրիպտոակտիվներով կանխիկ գործարքների կատարումը՝ պայմանով, որ գործարքի գումարը չի գերազանցում 300.000 ՀՀ դրամը եւ անկախ գործարքի գումարից՝ ծառայություններ մատուցող անձն իրականացնում է հաճախորդի պատշաճ նույնականացում, ինչպես նաեւ վարում է նշված գործարքների վերաբերյալ պատշաճ հաշվառում: Միեւնույն ժամանակ, Կենտրոնական բանկը պետք է ունենա իրավասություն՝ իրականացնելու վերահսկողություն հաճախորդների նույնականացման եւ գործարքների վերաբերյալ գրանցումների պահանջների պահպանման նկատմամբ:




