««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-104-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթն ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ:
Փաթեթի ընդունումը պայմանավորված է դրանում ներառված օրենքների՝ ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգելու անհրաժեշտությամբ: Առաջարկվում է վերոնշյալ օրենքների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխել եւ 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2026 թվականի հուլիսի 1-ը:
Այդ օրենքներով կարգավորվում է չվճարված հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման, պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ եւ դրոշմանիշային վճարների անձնավորված հաշվառման համակարգերի ներդնումը: Այս մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը եւ ներկայացրել փոփոխությունների իրականացման շարժառիթները: Որոշ դեպքերում մրցույթները կայացել են, սակայն հաղթող չի ճանաչվել, որոշ դեպքերում էլ ծրագրավորման աշխատանքները կատարվում են, սակայն դեռեւս չեն ավարտվել: Հաշվի առնելով այն, որ համակարգին միանալու է շուրջ 15 լիազոր մարմին, ուստի համակարգի ծրագրավորման աշխատանքների համար պահանջվում է զգալի ժամանակ: Նշվել է, որ ներկայումս տեխնիկական համակարգի կառավարման խորհրդի կողմից այն հաստատվել է եւ ներկայացվել Համաշխարհային բանկի գործընկերներին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
ՊԵԿ փոխնախագահն իրազեկել է, որ թվային համակարգերի ժամկետի հետաձգումը քաղաքացիների եւ հարկ վճարողների համար որեւէ խնդիր կամ դժվարություն չի առաջացնի, այն վերաբերում է ՊԵԿ համակարգերի հաշվառմանն առնչվող թվայնացման ներքին աշխատանքներին:
Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:




