Նախագծի ընդունման անհրաժեշտությունը 2026 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50.000 դրամ աջակցություն նշանակելու ու վճարելու շարունակականությունն ապահովելն է, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցումը եւ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումը: Կառավարության հեղինակած ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ մշտադիտարկումներից ու վերլուծություններից ակնհայտ է, որ համակարգում իրականացվող բարեփոխումներից էական, դրական արդյունքներ են արձանագրվել:
Մանրամասն ներկայացնելով նախագծերի փաթեթով նախատեսվող իրավական կարգավորումները՝ հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը: Նա հայտնել է, որ հունվարի 1-ից սկսած Կառավարությունը կհաստատի կենսաթոշակների եւ նպաստների վճարման նոր կարգ, համաձայն որի՝ 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով:
Դավիթ Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ նախատեսվող կարգավորումների վերաբերյալ:
Ելույթներում պատգամավորները կարեւորել են առաջարկվող փոփոխությունները:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն կքննարկվի դեկտեմբերի 16-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստում:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենքների նախագծերի փաթեթը 24-ժամյա ռեժիմով քննարկելու Կառավարության առաջարկին:




