2024 թվականի նոյեմբերին ՀՀ հանրային կառավարման համակարգի համապարփակ գնահատման գործընթացի մեկնարկից մեկ տարի անց` դեկտեմբերի 9-ին, ՀՀ Կառավարությունն ու ՍԻԳՄԱ ծրագիրը համատեղ խորհրդաժողով կազմակերպեցին՝ գնահատման արդյունքները ներկայացնելու եւ մասնագիտական քննարկում անցկացնելու նպատակով: Դրանք, վստահ եմ, ուղենշային կլինեն հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման համար: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն Ազգային ժողովում կայացած միջոցառմանը, որտեղ ԱԺ մշտական հանձնաժողովներին ներկայացվել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցը:
Դավիթ Առաքելյանի խոսքով խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, օրենսդիր մարմինը մշտապես բարեփոխումների կիզակետում է: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ գնահատման գործընթացին ակտիվորեն մասնակցել է նաեւ ԱԺ աշխատակազմը՝ տրամադրելով անհրաժեշտ տվյալները եւ փաստաթղթերը:
Ելույթի ավարտին Դավիթ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետներին արհեստավարժ աշխատանքի համար:
Զեկույցի շրջանակում Հայաստանը գնահատվել է այն մեթոդաբանությամբ եւ չափանիշներով, ինչ ԵՄ հետ ինտեգրման գործընթացում գտնվող պետությունները: ՍԻԳՄԱ-ի գնահատման գործընթացում ակտիվորեն ներգրավված են եղել պետական կառավարման համակարգի բոլոր մարմինները: Առաջիկայում մեկնարկելու են Հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման աշխատանքները՝ հիմքում ունենալով այս զեկույցի առաջարկները:
ՍԻԳՄԱ ծրագրի ղեկավար Գրեգոր Վիրանտը նախ ներկայացրել է ծրագրի էությունը, նշել, որ իրենք այժմ աշխատում են ԵՄ թեկնածու 8 եւ եվրոպական հարեւանության անդամ 9 երկրի հետ: «Թեեւ Հայաստանը ԵՄ թեկնածու երկիր չէ, բայց գործընկերությունը ԵՄ-ի հետ եւ ԵՄ ինտեգրման ձեր ձգտումները շատ ավելի ուժեղ են, քան այլ հարեւան երկրներում»,- ընդգծել է Գրեգոր Վիրանտը: Զեկուցողը բարեփոխումների շարքում հատկապես կարեւորել է հանրային կառավարման ոլորտի բարեխումներն ու մանրամասն ներկայացրել հաշվետվությունը, գնահատման չափորոշիչներն ու հանրային կառավարման ոլորտում մեր երկրի առաջընթացն ու մարտահրավերները: «Կարծում եմ, որ Հայաստանի կառավարման համակարգը ե՛ւ ուժեղ, ե՛ւ թույլ կողմեր ունի: Ուժեղ կողմերից մեկը թվայնացման գործընթացներն են, թափանցիկությունը, մյուս կողմից էլ թույլ կողմեր ունեք քաղծառայության ոլորտում»,- փաստել է զեկուցողն ու հավաստիացրել, որ իրենց մանդատի շրջանակում շարունակելու են աջակցել ոլորտի զարգացմանը: Նա դրական է գնահատել օրենսդիր մարմնի գործունեությունը՝ նշելով, որ Հայաստանի խորհրդարանում օրենսդրական աշխատանքները թափանցիկ են:
«Օրենքների հասանելիությունը շատ բարձր է: Հայաստանը, ես կասեի, չեմպիոն է այն երկրների շարքում, որոնց մենք գնահատել ենք, որովհետեւ բոլոր օրենքները, կանոնակարգերը, որոնք ընդունված են Կառավարության կողմից, նույնիսկ նախարարի որոշումներն անվճար առցանց հասանելի են: Այսպիսով, Հայաստանը լավ օրինակ է ծառայում»,- փաստել է ԵՄ Արեւելյան հարեւանության ՍԻԳՄԱ ծրագրի տարածաշրջանային ղեկավար Իգլե Ռիմկուտեն ու խոսել մեր երկրում պետական կառավարման բնագավառի խնդիրների ու մարտահրավերների մասին:
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է, որ ԵՄ պատվիրակությունը պատրաստ է աջակցել ՍԻԳՄԱ-ի աշխատանքներին:
Այնուհետեւ թեմատիկ քննարկումների ու հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել պետական համակարգի արդիականացման կարեւորությանը, հանրային կառավարման ոլորտում պետական ֆինանսների կառավարման, ծառայությունների թվայնացման, հանրության հետ արդյունավետ հաղորդակցության, կադրային ռեսուրսների կառավարման, աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերին: Քննարկվել են իրավական ոլորտին եւ ԵՄ ինտեգրմանն առնչվող խնդիրները, հանրային ծառայության գրավչության առումով էլ՝ պետական կառավարման բնագավառի աշխատակիցների աշխատավարձերի վերանայման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է եղել ԱԺ գործունեության թափանցիկության ապահովմանը, օրենքների քննարկման եւ ընդունման ընթացակարգերին: Նշվել է, որ նման քննարկումները շարունակական են լինելու: Դրանք հնարավորություն կտան հասկանալ խնդիրները, գնահատել կատարված աշխատանքն ու բացահայտել հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում առաջիկա անելիքները:
Նշենք, որ ՍԻԳՄԱ-ն Եվրոպական միության եւ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) համատեղ ծրագիր է, որի առաքելությունը հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ աշխատանքն է ԵՄ ինտեգրման գործընթացում գտնվող երկրների համար:
Դեկտեմբերի 10-ին կայացած միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ու միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:




