Տպել
06.06.2007
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանումը

Չորրորդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռա ֆ ֆի Հովհաննիսյանն այսօր նամակով դիմել է երրորդ գումարման ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին` բացատրելով հունիսի 7-ին գումարվող չորրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանին խմբակցության չմասնակցելու պատճառները:

Ըստ պարոն Հովհաննիսյանի` դրանք երկուսն են. նախ, որ իրեն չի ծանուցվել նստաշրջանի հրավիրման մասին, եւ ապա` Սահմանադրական դատարանում այժմ քննվում է մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների վավերականության հարցը:

Պարոն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել պարոն Հովհաննիսյանի հետ եւ նրան ուղարկել է նամակ, որտեղ պարզաբանել է, որ. նախ` պարոն Հովհաննիսյանի նամակը հասցեատիրոջը չի ուղղված, որովհետեւ երրորդ գումարման ԱԺ նախագահը որեւէ առնչություն չունի չորրորդ գումարման ԱԺ խնդիրների հետ, ապա` Հայաստանի Հանրապետությունում չկա նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանին խմբակցություններին հրավիրելու կամ ծանուցելու ավանդույթ: Եվ` Սահմանադրությունն ու «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքը սահմանում են, թե երբ է տեղի ունենալու այդ նստաշրջանը: Ակնհայտորեն, որեւէ հանգամանքով պայմանավորված չէ ԱԺ առաջին նստաշրջանը հրավիրելու հարցը, այդ թվում` նաեւ Սահմանադրական դատարանում քննարկվող հարցերով:

Հետեւաբար` Սահմանադրության եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջն է նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը սահմանված ժամկետում գումարելը եւ պատգամավորներին դրանց մասնակցությունը:

Բերված բացատրությունները չեն կարող որեւէ մեկի համար հիմք հանդիսանալ չորրորդ գումարման ԱԺ նստաշրջանի աշխատանքներին չմասնակցելու համար: