Տպել
13.11.2025
Այսօրվա Հայաստանը պետություն է, որի ճակատագրի ղեկն իր եւ իր ժողովրդի ձեռքին է. ՀՀ վարչապետ
1 / 2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Վարչապետը նախ անդրադարձել է այս օրերին խորհրդարանում բյուջետային քննարկումների տրամաբանությանը, խոսել ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ ընդդիմադիր գործիչների հնչեցրած հայտարարությունների ու մեղադրանքների մասին ու հակափաստարկներ ներկայացրել:

«Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականին երկիր է, որն ի վիճակի է առերեսվել իր խնդիրներին եւ իր ճակատագրին»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Խաղաղության գաղափարի շուրջ հնչած տեսակետների մասով Նիկոլ Փաշինյանը փաստել է. «Խաղաղությունն այն է, որ 1 տարի 8 ամիս Հայաստանի սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվում: Խաղաղությունն այն է, որ սահմանամերձ բնակավայրերում արդեն երեք ամիս կրակոցների ձայն մարդիկ չեն լսում:  Խաղաղությունն այն է, որ գնացք է մտել Հայաստան Ադրբեջանի տարածքով...»:

Վարչապետն անդրադարձել է ներքաղաքական ու արտաքին քաղաքական մի շարք իրողություններին ու արձանագրել, որ եթե 2018 թվականի դրությամբ իրենք իշխանության չլինեին, ուրիշը լիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինելու: «Սա առաքելություն է, եւ մենք այս առաքելությունն անում ենք: 2021 թվականին ընտրություն էինք անում, ասեցի, եթե մեր ժողովուրդը որոշի՝ ինձ գնդակահարելու է, ես լուռումունջ պատի տակ կանգնելու եմ: Հիմա էլ եմ ասում: Բայց եթե այն ժամանակ շփոթված էինք ինչ-որ առումով, հիմա վստահ ենք: Հիմա ես վստահ եմ այն ճանապարհի մեջ, որն անցել ենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով իշխանության ծրագրերի մասին՝ գործադիրի ղեկավարը փաստել է. «Մեր ամենաառաջին եւ ամենակարեւոր ծրագիրը եղել է ՀՀ հարատեւությունն ապահովելը: Մենք ապահովում ենք ՀՀ հարատեւությունը՝ որպես ինքնիշխան պետություն»:

ՀՀ վարչապետի դիտարկմամբ պատմական շրջադարձ է տեղի ունեցողը, Հայաստանը պատմության ընթացքում պետություն լինելու, բարեկեցիկ, երջանիկ, անկախ ու անվտանգ լինելու այսպիսի հնարավորություն երբեք չի ունեցել: «Խոսքը վերջին 5 տարվա մասին չէ: Խոսքը վերջին 500 տարվա մասին է»,- նշել է Նիկոլ Փաշինյանն եւ հավելել. «Մենք այդ խնդիրը լուծել ենք շատ դառը, դաժան փորձությունների միջով անցնելով: Մենք այս անկախությունը ձեռք ենք բերել մեր նահատակների կյանքի գնով»: Գործադիրի ղեկավարի գնահատմամբ Հայաստանն ապրում է իր վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը:

ՀՀ վարչապետը մանրամասն խոսել է տնտեսական քաղաքականության դրական տեղաշարժերի, ֆինանսական աճի միտումների, մարզերի համաչափ զարգացման, գործարար ոլորտի համար ստեղծված բարենպաստ միջավայրի եւ բազմաթիվ ոլորտներում իրականացված բարեփոխումների մասին:

Բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջվել է առնվազն 4 օրով: Պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

ՀՀ վարչապետի ելույթն ամբողջությամբ կից տեսանյութում: