Տպել
13.11.2025
Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները
1 / 4

ՀՀ 2026 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ ելույթ են ունեցել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով բյուջետային փաստաթղթի այն տողերին, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել՝ պատգամավորը նշել է. «Խաղաղությունը հրադադարի հետ մի՛ համեմատեք, խաղաղություն չի լինում, երբ թշնամական զորքերը քո տարածքում են: Խաղաղություն չի լինում, երբ թշնամին միջամտում է քո ներքին գործերին: Խաղաղություն չի լինում, երբ թշնամին անընդհատ նոր պահանջներ է դնում»: Արթուր Խաչատրյանը խոսել է Հայաստանի ապաշրջափակման հարցի մասին, անդրադարձել բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների սոցիալական աջակցության տրամադրմանը:

Պատգամավորի խոսքով ներկայացված բյուջեն ունակ չէ լուծելու երկրի պաշտպանական խնդիրները, ապահովելու տնտեսական առաջընթաց:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա խոսել է նախկին իշխանությունների օրոք գործող համակարգի մասին եւ դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ ասել է. «Ձեր հավաքական աշխարհը երջանիկ չէ, դուք դժբախտ եք, որովհետեւ իշխանության կորուստը ձեզ համար քաղաքական իրողություն չէ, այլ՝ անձնական դժբախտություն»:

Անդրադառնալով գործող Կառավարության հինգերորդ տարվա բյուջեին՝ խմբակցության ղեկավարը փաստել է. «Մենք կարողացել ենք պահպանել, պաշտպանել եւ ինստիտուցիոնալիզացնել ժողովրդավարությունը Հայաստանում»:

Հայկ Կոնջորյանը նշել է, որ խմբակցությունը հավանություն է տալու բյուջեի նախագծին:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Մասնավորապես առաջարկվում է մետաղական ամրանների մասով ներմուծման համար սահմանված տուրքն ավելացնել՝ դրանով իսկ պաշտպանելով նաեւ տեղական արտադրողի շահերը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից առաջարկվել է պետական տուրքը բազային տուրքի 55 հազարապատիկի փոխարեն սահմանել 45 հազարապատիկ: Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հիմնական զեկուցող Սերգեյ Բագրատյանը տեղեկացրել է, որ նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական  եզրակացություն:

Այնուհետեւ Ազգային ժողովը քվեարկություններով ընդունել է հերթական նիստերի ընթացքում քննարկված օրենքների նախագծերը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է աշխատանքները:


13.11.2025
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան նոյեմբերի 14-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00:...

13.11.2025
Այսօրվա Հայաստանը պետություն է, որի ճակատագրի ղեկն իր եւ իր ժողովրդի ձեռքին է. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Վարչապետը նախ անդրադարձել է այս օրերին խորհրդարանում բյուջետային քննարկումների տրամաբանությանը, խոսել ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ ընդդիմադիր գո...

13.11.2025
ԱԺ նիստում պատգամավորներն ու Կառավարության անդամները խոսել են 2026 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ
Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումը: Ելույթներում պատգամավորներն ու Կառավարության անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ: «Քաղաքացիա...