«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարակից զեկույցներով հանդես են եկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի խոսքով 2026 թվականի պետական բյուջեն Կառավարությունը մշակել է պատմական շրջադարձի պայմաններում: «Այն ոչ միայն սահմանում է մեր երկրի տնտեսական եւ սոցիալական քաղաքականության ուղենիշները, այլեւ արտահայտում է մեր մտածողությունը՝ խաղաղության հաստատման նոր պայմաններում»,- ընդգծել է զեկուցողը՝ հավելելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագիրը Հայաստանի համար բացում է նոր հորիզոններ տնտեսական աճի, տարածաշրջանային համագործակցության եւ ներդրումային հնարավորությունների տեսանկյունից: Նշվել է, որ միեւնույն ժամանակ այն առաջ է բերում նոր մարտահրավերներ, որոնք պետք է հաշվարկված կերպով արտացոլվեն բյուջեի կառուցվածքում:
Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ քննարկվող բյուջեն պարզապես ֆինանսական փաստաթուղթ չէ, այլ պետական պատասխանատվության եւ քաղաքական կամքի դրսեւորում:
«2026 թվականի բյուջեն կառուցված է կայուն մակրոտնտեսական միջավայրի վրա, կանխատեսում է 5,4 տոկոս տնտեսական աճ, ինչը համապատասխանում է նաեւ միջազգային կազմակերպությունների կանխատեսումներին»,- ասել է պատգամավորը: Ըստ նրա՝ 2026-2028 թվականների պետական պարտքը կպահպանվի վերահսկելի՝ 54-55 տոկոս մակարդակում:
Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ իր գլխավորած հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել պետբյուջեի նախագծին:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումներում բարձրացված մտահոգություններին:
«Քննարկման արդյունքում պարզվեց, որ ՀՀ ներքին գործերի նախարարության մասով արձանագրվել են՝ ըստ վիճակի, կառուցվածքի ու դինամիկայի տարբեր հանցագործությունների վերաբերյալ համեմատական վիճակագրական տարբերակված արդյունքներ»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ, մասնավորապես, որոշակի աճ է արձանագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, տրանսպորտային միջոցներից կատարված հափշտակությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների մասով: Նշվել է, որ վերջինիս մասով զոհերի թիվը նվազել է 43-ով:
Հանձնաժողովի նախագահի խոսքով չնայած այն հանգամանքին, որ անցած ժամանակահատվածում անձի կյանքի ու առողջության դեմ ուղղված առանձնապես ծանր ու ծանր հանցագործությունները, այդ թվում՝ սպանությունները, ընտանեկան բռնությունները եւ այլն, հիմնականում վերաբերել են կենցաղային, միջանձնային հարաբերություններին ու դրսեւորվել հանկարծակի ծագած դիտավորությամբ՝ այնուհանդերձ հանցավորության ու դրա դեմ պայքարի գործընթացում խրախուսելի պետք է համարել ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականությունը՝ առավել խորացված կանխատեսումներ իրականացնելու ու առաջնային պայքար մղելու, հատկապես՝ հանցավոր կազմակերպությունների եւ խմբերի բացահայտման ուղղությամբ:
Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է ՆԳՆ համակարգում անցած ժամանակահատվածում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումները:
Արտահերթ ելույթում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է 2026 թվականին իրականացվելիք ծրագրերին՝ մասնավորապես խոսելով «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության» ծրագրի մասին: Նա նշել է, որ ծրագրի շրջանակում բազմաթիվ ընտանիքներ կառուցել եւ շարունակում են կառուցել իրենց սեփական տունը: Ծրագրի շրջանակում հաստատվել է 2299 շահառուի հայտ, որից 2242-ն արդեն վարկավորվել է: Ըստ նախարարի՝ Գեղարքունիքում կառուցվել է 108, Արարատում՝ 145, Սյունիքում՝ 225, Վայոց ձորում՝ 306, իսկ Տավուշում՝ 1515 տուն:
«2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին տրամադրվող հետվճարի չափը կբարձրանա՝ 12 տոկոսից հասնելով 20 տոկոսի»,- հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը՝ ընդգծելով, որ «Անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին տրամադրվող հետվճարի» միջոցառումն ունի սոցիալական եւ տնտեսական դրական ազդեցություն:
Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ ելույթներ են ունեցել նաեւ պատգամավորները:
Նախագծի վերաբերյալ քննարկումը կշարունակվի նոյեմբերի 13-ի ԱԺ նիստում:
Վերջին նիստում Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:




