National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.11.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.11.2025
Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
1 / 1

Նոյեմբերի 11-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ:

«Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:

Նախատեսվում է պետական այլ մարմիններում ծառայած եւ պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակված պրոբացիայի ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի առնել այդ մարմիններում տվյալ կոչումով կամ դասային աստիճանով ծառայության ժամկետը:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա բարձրաձայնել է նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել:

Հաջորդիվ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Վլադիմիր Վարդանյանը:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Հասմիկ Հակոբյանի խոսքով նախաձեռնության ներկայացման համար հիմք են հանդիսացել բազմաթիվ այն դեպքերը, երբ հիվանդների կամ նրանց ընտանիքի անդամների կողմից բուժաշխատողները ենթարկվել են բռնության, ծեծի ու վիրավորանքի: Նշվել է, որ Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023-2025 թվականների ընթացքում արձանագրվել է բուժաշխատողների՝ բռնության ենթարկվելու 27 դեպք: Հեղինակներն առաջարկում են խնդիրը լուծել քրեական պատասխանատվության սպառնալիք նախատեսելով:

Ըստ զեկուցողի՝ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը լրամշակվել է:

Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը:

Կառավարությունը եւս կարեւորում է նախագծի ընդունումը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը քննարկման է ներկայացրել ՀՀ ընդերքի մասին ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունները:

Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հարակից զեկուցմամբ ելույթ է ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկվել է նաեւ «Ռիելթորական գործունեության մասին» օրենքն ու հարակից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով նախատեսվում է ներդնել անշարժ գույքի կառավարման ինստիտուտ:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Առաջինից երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկների հիման վրա նախաձեռնությունը փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես, պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկել է օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մուտքագրման համար՝ ֆիզիկական անձանց համար յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի բազային տուրքը 5000 դրամի փոխարեն սահմանել 1000դրամ: Առաջարկն ընդունվել է:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ընդլայնել օրենքի կարգավորման առարկան: Կսահմանվեն պահանջների, մեծությունների, չափման միավորների, չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների եւ մեթոդների կիրառման ու պահպանման վերաբերյալ դրույթներ: Վերանայվել եւ ճշգրտվել են մի շարք սահմանումներ, նոր տերմիններ են ներդրվել՝ սոցիալական եւ տնտեսական նշանակություն ունեցող չափման միջոց, մասնավորպես` չափման մեթոդ, չափման ռեֆերենս մեթոդիկա, չափածրարված արտադրանք, չափագիտության խորհուրդ եւ այլն:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումից հետո առաջարկներ չեն եղել, կատարվել են միայն խմբագրական բնույթի փոփոխություններ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության գործընկերների հետ համատեղ մի շարք աշխատանքներ է իրականացրել հեղեղների ռիսկերի կառավարման, կանխման, անհետաձգելի փրկարար եւ վերականգնողական գործողությունների ընթացքում առկա խնդիրները վեր հանելու եւ դրանց համապատասխան լուծումներ գտնելու ուղղությամբ:

Առաջին ընթերցումից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է առաջարկ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ շատ ավելի տրամաբանական է, որպեսզի տնտեսավարողը մինչեւ ՇՄԱԳ փորձաքննություն անցնելը հնարավորություն ունենա նախագծային աշխատանքներ կատարելու համար դիմել եւ ստանալ ջրօգտագործման ժամանակավոր թույլտվություն՝ տվյալ տեղանքում օգտագործման ենթակա ջրի քանակի վերաբերյալ: Եվ միայն ՇՄԱԳ փորձաքննության ավարտից հետո այդ թույլտվությունն օրինական ուժ ստանա:

Նշվել է, որ դա կբացառի այն դեպքերը, երբ տնտեսավարողը, անցնելով ՇՄԱԳ փորձաքննությունը, ծախսելով ռեսուրսներ եւ ժամանակ, պարզվի, որ այդ աշխատանքն անիմաստ էր, քանի որ օգտագործվող ջրի հնարավոր քանակը բավարար չէ պրոյեկտի իրականացման համար: Սա նաեւ ավելի մեծ ճկունություն կհաղորդի ներդրողներին եւ կնպաստի գործընթացների արագությանը, ինչը չափազանց կարեւոր է ներդրումային միջավայրի բարելավման եւ տնտեսական աճի տեսանկյունից:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

««Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ամրագրել վտանգավոր թափոնների գործածության, գործունեության լիցենզավորման պահանջները եւ գործընթացի հիմնական կարգավորումները, հստակեցնել Կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները: Առաջարկվող լրացումներով կամրագրվեն ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար լիազորող նորմեր, կհստակեցվեն վտանգավոր թափոնների անձնագրավորման, հաշվառման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացները:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո օրենքի նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին իրենց համախառն եկամտի մինչեւ 2.5 տոկոսի չափով պետական հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին եւ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել համախառն եկամտից:

Էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել են տեխնիկական բնույթի շտկումներ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման մասով սահմանել, որ ոչ ռեզիդենտ կազմակերպությունները ձեւավորեն մշտական հաստատություն: Միաժամանակ, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների վարձու աշխատողների ՀՀ տարածքում կատարվող աշխատանքների մատուցված ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները կհամարվեն ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ եւ կհարկվեն ՀՀ-ում: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են փոփոխություններ: «Հաշվի առնելով, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստները 2025 թվականի սեպտեմբերի 1-ից վճարվում են Միասնական սոցիալական ծառայության կողմից՝ Հարկային օրենսգրքի 154-րդ հոդվածում համապատասխան փոփոխություններ են կատարվել, համաձայն որոնց՝ եկամտահարկից այլեւս նվազեցումներ չեն կատարվի»,- ասել է Համլետ Սահակյանը՝ հավելելով, որ մյուս առաջարկվող փոփոխությունները խմբագրական բնույթի են:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ նույնականացման նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներն օտարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվության  շրջանակում որոշակիացնել խախտում համարվող արարքները եւ ավելացնել գործող տուգանքների չափերը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է կանոնակարգել մաքսային վճարների վճարման այսօրվա գործող համակարգը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը տեղեկացրել է, որ նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են խմբագրական փոփոխություններ:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

««Հարկային ծառայության մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի ընդունման արդյունքում առաջարկվող կարգավորումները կհամապատասխանեցվեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին եւ կհստակեցվեն հարկային ու մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառման հետ կապված հարաբերությունները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում որեւէ առաջարկ չի եղել: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:  


11.11.2025
Կսահմանվեն կլիմայական քաղաքականության մշակման եւ իրականացման համար անհրաժեշտ եւ լիազորվող նորմեր
ՀՀ ԱԺ նոյեմբերի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կլիմայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվի Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, դրան...

11.11.2025
Նախագծով առաջարկվում է հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական ու ճանապարհային հարկերի եւ պետական տուրքի վճարումները
Պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցմանը եւ որոշակի դեպքերում ճանապարհային հարկի արտոնությունների սահմանմանը միտված նախաձեռնությունը քննարկվել է Ազգային ժողովի՝ նոյեմբերի 11-ի հերթական ն...

11.11.2025
Քննարկվել է աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական առաջարկ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշման կատարմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննել եւ համարել է Սահմանադրությանը հակասող «Արհեստակցական միությունների մասի...

11.11.2025
Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» գործող օրենքը սահմանում է, թե ովքեր են հավերժացման ենթակա: Սահմանվում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձեւերը: Դրանց շարքում է նաեւ հիշարժան օրերի եւ համապետական հիշատակի օրվա ընդունումը, ս...

11.11.2025
Առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը Հայաստանի Հանրապետության անվերապահ պարտավորությունն է: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ սահմանված ժամկետում արդարացի փոխհատուցում ստանալու համար դիմումատուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ ...

11.11.2025
Քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ
Առաջարկվում է սահմանել ընդհանուր կարգավորում՝ ըստ որի քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես կանոն պետք է քննվեն գրավոր ընթացակարգով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ նոյեմբերի 11-ին ԱԺ հերթական նիստի ընթացքում ներկայացնելով ՀՀ քրեական դատավարության ...

11.11.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը եւ խորհրդարանական մակարդակում հարաբերությունների խորացմանն առնչվող ...

11.11.2025
Փոփոխություն «Պետական տուրքի մասին» օրենքում
Նախագծով առաջարկվում է  «Պետական տուրքի մասին» գործող օրենքի 19.6-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքը բազային տուրքի 29-ապատիկի փոխարեն սահմանել 55-ապատիկի չափով: Պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությու...

11.11.2025
Խորհրդարանում հյուրընկալվել են ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպանների հետ: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանն առնչվող հարցեր: Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է տարածաշրջանային ...

11.11.2025
Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային ծանուցման ամբողջական մեխանիզմ
Ունենք իրավիճակ, երբ պետություն-քաղաքացի, որոշ դեպքերում նաեւ քաղաքացի-քաղաքացի հարաբերություններում անձինք չեն կարողանում պատշաճ ծանուցվել եւ իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները, քանի որ մեր երկրում չի գործում էլեկտրոնային ծանուցումների միասնական համակարգը: Կառավարության ներկայացրած օ...

11.11.2025
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «ՀՀ ԱԺ 8-րդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ԱԺ 2025 թվականի նոյեմբերի 11-ին գումարվող հերթական նիստ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am