2026 թվականին Շրջակա միջավայրի նախարարության 6 բյուջետային ծրագրերի շրջանակներում ներառված 25 միջոցառման ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 15.4 մլրդ դրամ, որը 813 մլն դրամով ավելի է 2025 թվականին հաստատված բյուջեից: 2026 թվականին նախատեսված գումարից մոտ 2.4 մլրդ դրամը միջազգային դրամաշնորհներն են, իսկ շուրջ 13 մլրդ դրամը՝ պետական բյուջեի հատկացումները:
Այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը: Քննարկվել է 2026 թվականի բյուջեի նախագիծը:
Նախարարն անդրադարձել է 2026 թվականի հոկտեմբերին Երեւանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպչական աշխատանքներին ու ֆինանսական հատկացումներին: Նախարարությանը կհատկացվի 1 մլրդ դրամ, իսկ մնացած գումարի տրամադրումը կիրականացվի Կառավարության պահուստային ֆոնդից:
«Անտառների կառավարում» ծրագրի ընդհանուր հատկացումը կազմում է ավելի քան 7 մլրդ դրամ: «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի ընդունմամբ անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը պետք է իրականացվի էկոպարեկային ծառայության միջոցով: 2026 թվականի պետական բյուջեի նախագծով 5.7 մլրդ դրամ կհատկացվի էկոպարեկային ծառայությանը: Համակարգի ներդրման գործընթացի շրջանակում շարունակվում են էկոպարեկների հաստիքների համալրման ու վերազինման աշխատանքները՝ ներդրումային ծրագրերի ներգրավմամբ, միջազգային գործընկերների աջակցությամբ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերին կուղղվի 475.5 մլն դրամ, որը կազմում է ՊՈԱԿ-ի աշխատավարձի 42 տոկոսը: Կազմակերպության պահպանման ծապխսերի հիմնական մասը նախատեսվում է ապահովել ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող սեփական եկամուտների հաշվին:
Անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքների իրականացմանն ուղղված ֆինանսավորման ծավալը նվազել է 50 տոկոսով՝ կազմելով 500 մլն դրամ:
Անտառների վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համար նախատեսված է շուրջ 391 մլն դրամ:
Նախատեսված է 686 մլն դրամ բնապահպանական սուբվենցիա 17 ազդակիր համայնքների համար:
Նախարարը ներկայացրել է ընթացիկ մի շարք բնապահպանական ծրագրեր, խոսել 2026 թվականին նախատեսված միջոցառումների մասին: Կապան քաղաքում կիրականացվեն Ողջի գետի հունի մաքրման աշխատանքներ: Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում կիրականացվի անձրեւաջրերի հավաքման եւ ոռոգման համակարգի ստեղծման ծրագիր:
«Բնական ռեսուրսների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում» ծրագրի իրականացման համար կհատկացվի 1.11 մլրդ դրամ: 624.5 մլն դրամ կուղղվի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող 6 ՊՈԱԿ-ների պահպանման ծախսերին:
Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի առողջացման համար նախատեսված հատկացումը կազմում է 467.7 մլն դրամ, ինչը 2025 թվականի ցուցանիշից պակաս է շուրջ 28 մլն դրամով կամ 6 տոկոսով:
Համբարձում Մաթեւոսյանը մանրամասն ներկայացրել է ոլորտում իրականացվող մի շարք այլ ծրագրային ցուցանիշներ, որից հետո պատասխանել պատգամավորների հարցերին:




