National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.01.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
04.11.2025
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը կհատկացվի 420 մլրդ 224 մլն դրամ, որը 57 մլրդ 560 մլն դրամով ավելի է նախորդ տարվա բյուջեից
1 / 22

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին շարունակվել են բյուջետային քննարկումները: Ներկայացվել են գալիք տարվա ֆինանսական փաստաթղթով ոլորտային հատկացումները:

Հանրային հեռարձակողի խորհրդին առաջարկվում է հատկացնել 8 մլրդ 285 մլն դրամ, որը 88 մլն 905 հազար դրամով պակաս է 2025 թվականի բյուջեից:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին կհատկացվի 374 մլն 380 հազար դրամ, որը 6 մլն 811 հազարով ավելի պակաս է նախորդ տարվանից:

Սփյուռքի գծով ծրագրերի իրականացման համար նախատեսվում է 762 մլն դրամ, որը 82 մլն դրամով ավելի պակաս է նախորդ տարվա բյուջետային հատկացումից:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն առաջարկվում է հատկացնել 420 մլրդ 224 մլն դրամ, որը 57 մլրդ 560 մլն դրամով ավելի է 2025 թվականի բյուջեից՝ շուրջ 16 տոկոս: Այս ոլորտի գրեթե բոլոր ուղղություններով կան ավելացումներ:

Ֆինանսական հատկացումներն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որից հետո ծրագրերին ու միջոցառումներին անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նշվել է, որ ծախսերի 85 տոկոսը կրթության ոլորտին է ուղղվում՝ 356 մլրդ դրամ: Ոլորտում նախատեսված է 200-ից ավելի միջոցառումների իրականացում: Կրթության ոլորտի ծախսերը ՀՆԱ-ի շուրջ 3 տոկոսն են կազմելու: «Մենք այս իրողությունն արձանագրում ենք մի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհում նույնիսկ զարգացած երկրները կրթության ոլորտին հատկացվող պետական բյուջեի նվազում են գրանցում»,- նկատել է նախարարը:

Բյուջեի շուրջ 38 տոկոսը կազմում են կապիտալ ծախսերը՝ 168.7 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերը 2021 թվականի համեմատ աճել են 1168 տոկոսով: 2025 թվականի համեմատ աճը կազմել է 34.8 տոկոս:

«Երբեք անկախության շրջանում որեւէ Կառավարություն այնքան ներդրում չի արել այս ոլորտներում, որքան արվում է այս Կառավարության օրոք»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանն ու հավելել, որ 2025 թվականի 10 ամիսներին դպրոցաշինության ծրագրով կապիտալ ծախսերի 64 մլրդ կատարողական է գրանցվել: 2023 թվականի ընթացքում կատարողականը եղել է 20 մլրդ, 2024 թվականին՝ 40 մլրդ: «Այսինքն՝ կապիտալ ծախսերի կատարողականի առաջընթացը ցույց է տալիս, որ մենք մեկ եռամսյակում անում ենք այնքան կապիտալ ծախսեր, որքան նախկինում կարող էինք անել մեկ ամբողջ տարվա ընթացքում»,- նշել է գերատեսչության ղեկավարը:

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի մասով ընդհանուր առմամբ 385 մլրդ դրամի չափով բյուջե կա, որից այս տարվա հոկտեմբերի դրությամբ իրացված է շուրջ 153 մլրդ դրամը: Աշխատանքներն ավարտված են 60 դպրոցում, որոնցից 35-ը նոր կառուցված են, 25-ը՝ նորոգված: Մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի եւս 50 դպրոց, որոնցից 8-ը՝ կառուցվող, 42-ը՝ նորոգվող: Մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի մեկը եւս 151 դպրոց կհանձնվի շահագործման, 49-ը՝ նոր կառուցվող եւ 102-ը՝ նորոգվող: Մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ունենալ եւս 47 նորակառույց դպրոց: 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինի 308 դպրոց, որոնցից 139-ը կառուցված եւ 169-ը՝ կապիտալ նորոգված: 2027 թվականին կավարտվի եւս 49 դպրոցի շինարարությունը, 357 դպրոցներում կավարտվեն աշխատանքները: «Սա չի լինի ամբողջական լուծում դպրոցաշինության ոլորտում առկա խնդիրների: Սա առաջին 300 դպրոցների ծրագիրն է եւ պատրաստում ենք ցանկերը հաջորդ դպրոցաշինության ծրագրի»,- ընդգծել է նախարարն ու հավելել, որ ծրագիրը թիրախային է:

Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է նաեւ «Դպրոցների հագեցում արդիական բնագիտական եւ տեղեկատվական լաբորատորիաներով» ծրագիրը, նշել, որ այսօր դպրոցների շուրջ 60 տոկոսն ունեն անհրաժեշտ լաբորատորիաներ:

2019 թվականին դպրոցների ֆինանսավորումը եղել է 85.26 մլրդ դրամ, իսկ 2026 թվականի բյուջեով այն կկազմի 131.6 մլրդ դրամ՝ գրանցելով 64.8 տոկոս աճ:

Նախարարը ներկայացրել է նաեւ համակարգի արդյունավետությանն ուղղված քայլերը, ինստիտուցիոնալ բարեփոխումները, ուսուցչական կազմի գիտելիքների ու կարողությունների ամրապնդմանն ուղղված միջոցառումներն ու այլ ծրագրեր: Նրա խոսքով երեխաների՝ կրթության համակարգում ընդգրկվածությունն էապես աճել է:

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հատկացումները կկազմեն շուրջ 5 մլրդ դրամ: Ծրագրի իրականացումն արդեն գործնական փուլում է:

Քննարկման է դրված գիտության ռազմավարությունն առաջիկա 5 տարվա համար, որը հնարավորություն կտա հստակեցնել ոլորտում հետագա անելիքները:

Նախարարը մանրամասնել է նաեւ մշակույթի ոլորտում զգալի ներդրումները, մշակութային կյանքի բազմազանության ապահովմանն ուղղված միջոցառումները:

Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:


21.01.2026
Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված հարցերը
Ազգային ժողովը հունվարի 21-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել քննարկված հարցերը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ օրվա վերջին հիմնական նիստի ընթացքում ՀՀ վարչապետը եւ Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am