Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:
Զեկուցողի խոսքով հաղորդումը ներառում է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով գրանցած արդյունքները, վիճակագրական ցուցանիշները, ոլորտային մարտահրավերները, ինչպես նաեւ եզրահանգումների հիման վրա նախանշված ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները:
Հաղորդմամբ անդրադարձ է կատարվում հանրային ծառայության բարեվարքության համակարգի կայացմանն ու ամրապնդմանը, գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հայտարարատուների համար գործընթացն առավել դյուրին դարձնելուն ուղղված միջոցառումներին, հայտարարագրերի վերլուծությանը, կուսակցության ֆինանսական վերահսկողության գործառույթի գործնականում կիրառմանը եւ արձանագրած արդյունքներին, բարեվարքության ուսումնասիրության գործիքի միջոցով բարեվարքության տեսանկյունից ռիսկային անձանց մուտքը պետական համակարգ կանխելուն ուղղված քայլերին եւ այդ ուղղությամբ արձանագրված հիմնական միտումներին, կոռուպցիոն ռիսկերի գնահատման ինստիտուտի ներդրման առնչությամբ նախապատրաստական միջոցառումների իրականացմանը, հակակոռուպցիոն կրթության իրականացմանն ու հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված քայլերին, հանձնաժողովի մանդատի ամբողջական թվայնացման տեսլականին եւ այդ ուղղությամբ արձանագրած արդյունքներին, կոռուպցիայի կանխարգելման շրջանակում միջազգային համագործակցության կարեւորությանը:
Հաղորդումն ամբողջությամբ՝
այստեղ:
Մարիամ Գալստյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են կոռուպցիայի կանխարգելմանը, շահերի բախմանը, շահերի բախման հետ կապված գործերի քննությանը, գնումների գործընթացին, մեկ անձից գնումների մեծաքանակությանը, հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությանը, պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների խախտումներին, հայտարարագրերին, գնումների գործընթացում փոխկապակցված անձանց հետ պայմանագրերի կնքման խնդրահարույց լինելուն, դատավորների բարեվարքության հարցին, կանխիկ գումարի հայտարարագրման սահմանափակմանը եւ այլն:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, տարբեր հարցերի հետ կապված իշխանությունների գործելաոճին, իշխանափոխությանը միտված ընդդիմության քայլերին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձել է ընդդիմադիր գործընկերոջ ելույթում հնչած մտքերին, ընդդիմադիր գործընկերների գործունեությանը, ներքաղաքական իրավիճակին եւ խնդիրներին:




