Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ՝ ԵԱՏՄ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից ԵԱՏՄ այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջեւ բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման՝ 2016 թվականից մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար ծրագրի կատարման ապահովմամբ:
Ծրագիրը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան եւ Եվրասիական տնտեսական միության միասնական տրանսպորտային տարածքի, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձեւավորման եւ անդամ պետությունների կողմից ավտոտրանսպորտային ծառայությունների տրամադրման փուլային ազատականացմանն ուղղված գործընթաց է:
Հայաստանում ներկայում կաբոտաժային փոխադրումների կարգավորումը սահմանված է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի՝ ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի: Փաստացի, ներկայում հանրապետությունում օրենսդրորեն լիարժեք կանոնակարգված չէ Միության կաբոտաժային փոխադրումների ազատականացման ծրագիրը:
Գործընթացի իրականացման համար մշակվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադրողների կողմից ՀՀ տարածքում կարող են իրականացվել կաբոտաժային փոխադրումներ: Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջները կհաստատվեն լիազոր մարմնի կողմից:
Կաբոտաժային փոխադրումների ազատականացումն ակնկալում է միջազգային փոխադրումների ընդհանուր ծավալում բեռնատարների դատարկ վազքի կրճատում, Միության անդամ պետությունների տարածքում ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման ծախսերի նվազեցում, ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրում իրականացնելու կարգի խախտումների քանակի նվազեցում, բեռների միջպետական փոխադրումներ իրականացնելիս ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացում, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցում:
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Օրենսդրական փաթեթը խորհրդարանում քննարկվել է սեպտեմբերի 9-ի հերթական նիստում:




