Առաջարկվում է հստակեցնել ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) կարգավիճակը եւ հնարավորություն ստեղծել առավել համակարգային կարգավորումների նախատեսման համար:
«Պետական սահմանի մասին» օրենքում առաջարկվող լրացումը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ներկայացմամբ Ազգային ժողովը հերթական նիստում քննարկել է առաջին ընթերցմամբ:
Առաջարկվում է օրենքով սահմանել, որ սահմանային վերահսկողությունը պատշաճ իրականացնելու նպատակով գործում է ՍԵԿՏ համակարգը, օրենքով նախատեսել, թե համակարգում ինչ տվյալների համախումբ պետք է ներառվի եւ արտացոլվի: Նախատեսվում է սահմանել համակարգին հասանելիություն ունենալու եւ տվյալներ մուտքագրելու ընդհանուր պայմանները, նաեւ հստակեցնել համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակը:
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում նախատեսվում է ենթաօրենսդրական ակտի ընդունումը:
Օրենքը սահմանելու է, թե այս համակարգում մշակվող տվյալներն ինչ նպատակով կարող են օգտագործվել: Դա սահմանափակելու է Կառավարությանը ՍԵԿՏ համակարգից օգտվելու իրավունք ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը սահմանելու հարցում:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կարեւորել է օրինագծի ընդունումը, նշել, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել մարդու անձնական տվյալների պաշտպանության խնդրին, ՍԵԿՏ համակարգին հասանելիություն ունեցող մարմինների ցանկի ընդլայնման կամ կրճատման, քաղաքացու` համակարգում իր վերաբերյալ առկա տեղեկատվությանը հասանելիություն ունենալու հնարավորությանը:




