Ազգային ժողովում սեպտեմբերի 8-ին բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ժամանակավոր դրամագիտական ցուցադրությունը, որը ներկայացնում է մեր երկրի դրամային պատմության բազմադարյա ուղին:
Ցուցադրությունն ընդգրկում է եզակի նմուշներ՝ անտիկ ժամանակաշրջանում հատած դրամներից մինչեւ անկախության շրջանի բանկային օրինակներ:
Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ սա սովորական ցուցահանդես չէ. այստեղ ներկայացված յուրաքանչյուր դրամ ու թղթադրամ վկայում են հայ ժողովրդի անցած ուղու եւ պատմական տարբեր փուլերի մշակութային ձեռքբերումների մասին:
«Այստեղ ներկայացված են մետաղադրամներ եւ թղթադրամներ, որոնք վկայում են մեր ժողովրդի հարատեւ ձգտման, անկախության պահպանման եւ պետականության հաստատման մասին: Դրանք հիշեցնում են, որ ազգային արժույթ ունենալը պարզապես տնտեսական անհրաժեշտություն չէ, այն մեր ինքնիշխանության կարեւորագույն հիմքերից է», - ասել է խորհրդարանի նախագահի տեղակալը:
Դրամները դարեր շարունակ եղել են պետականության, ինքնիշխանության եւ պատմական հիշողության խորհրդանիշ, ցուցադրությունն ընդգծում է այդ արժեքների շարունակականությունը:
Ցուցահանդեսի բացումը ողջունել է նաեւ երկրի գլխավոր դրամատան ղեկավարը:
Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ գործընկերներին ցուցադրության հնարավորության համար եւ նշել, որ սա շատ լավ առիթ է՝ անդրադառնալու ազգային արժույթի ոչ միայն ներկային, այլեւ պատմությանը:
Ներկայացված են ինչպես հին ու հազվագյուտ դրամներ, այնպես էլ ժամանակակից հայկական դրամաշրջանառության նմուշներ: Ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ցուցանմուշների գեղարվեստական լուծումներին, խորհրդանիշներին ու պատմական նշանակությանը:
Միջոցառման բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ:




