«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն է:
Նախաձեռնությամբ առաջարկվում է բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժել տուգանքով` առավելագույնը նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքով` առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությունը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտելու դեպքում առաջարկվում է տուգանք` առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Պատգամավորի խոսքով նախաձեռնության համար հիմք են հանդիսացել լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ, երբ հիվանդների կամ ընտանիքի անդամների կողմից բուժաշխատողները բռնության են ենթարկվում: Ըստ հեղինակի՝ արձանագրվել է նաեւ բժշկի մահվան դեպք:
Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023-2025 թվականների ընթացքում բուժաշխատողների բռնության ենթարկվելու 27 դեպք է արձանագրվել:
Հասմիկ Հակոբյանի տեղեկացմամբ գործող օրենսգրքում առկա են ընդհանուր բնույթի հոդվածներ, որոնք արդեն քրեականացնում են վերոնշյալ արարքները, սակայն այդ հոդվածները հատուկ չեն բուժաշխատողներին, չեն ընդգծում նրանց՝ որպես հասարակության համար կարեւոր խմբի պաշտպանության անհրաժեշտությունը, չեն արտացոլում հանցագործությունների առանձնահատուկ բնույթը՝ կապված բժշկի մասնագիտական պարտականությունների կատարման հետ:
Կարեւորելով նախագծի ընդունումը՝ զեկուցողը նշել է. «Նախաձեռնության նպատակն է բուժաշխատողների համար լրացուցիչ երաշխիքների սահմանումը, որով մենք պաշտպանելու ենք ոչ միայն բուժաշխատողներին, այլեւ այն անձանց, որոնց կյանքի եւ առողջության համար պայքարում են հենց բուժաշխատողները»:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ հորդորել կողմ քվեարկել:
Նախաձեռնության վերաբերյալ դրական է եղել նաեւ Կառավարության դիրքորոշումը:
Հարցը քննարկվել է սեպտեմբերի 8-ի ԱԺ նիստում:




