Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը, վերասարքավորված կամ լրացուցիչ տեղադրված խլացուցիչների ձայները կարող են խախտել հասարակական անդորրը, ինչպես նաեւ դժվարացնել շչակների ձայնը լսելը, արձագանքելն արտակարգ տրանսպորտային միջոցների ազդանշաններին եւ երթեւեկել:
Ազգային ժողովը սեպտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Ալեն Սիմոնյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:
Նախաձեռնությունը ներկայացրել է օրինագծերի համահեղինակ Սերգեյ Բագրատյանը:
Հասարակական անդորրը չխախտելու, աղմուկի աղտոտում չառաջացնելու նպատակով հեղինակներն առաջարկում են արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների եւ բարձրախոսների տեղադրումը՝ դրանցից հնչող բարձր երաժշտությունն արգելելու համար, ինչպես նաեւ արգելել տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումը:
Միաժամանակ, առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել վարչական տույժ՝ օրենքը խախտելու դեպքում քաղաքացիների նկատմամբ կիրառելու համար:
Մտքերի փոխանակության ընթացքում նախաձեռնության համահեղինակ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, որ այն բոլոր մեքենաներում, որոնցում կհայտնաբերվի հավելյալ բարձրախոս կամ ազդանշանային համակարգ, այդ ամբողջը ոստիկանության կողմից կառգրավվի եւ օրինախախտ քաղաքացիների նկատմամբ վարչական տուգանք կսահմանվի:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Ելույթ ունեցող պատգամավորները ողջունել են օրենսդրական նախաձեռնությունը, ինչպես նաեւ ներկայացրել առաջարկներ, որոնց նպատակն առավել խիստ տույժեր կիրառելն էր:
Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:




