Կառավարության ծրագրով որպես հարկային քաղաքականության կարեւոր ուղղություն է առանձնացված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնումը: Եվ մենք վերջին տարիներին հետեւողականորեն իրացնում ենք այս քաղաքականությունը. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով նման համաձայնագրերը երկու կարեւոր խնդիրներ են լուծում: Առաջին՝ փոխադարձաբար երկու երկրների ռեզիդենտների համար սահմանվում են ավելի նպաստավոր հարկային պայմաններ ու միջավայր, քան երկրների օրենսդրությամբ է նախատեսված. տվյալ դեպքում հարկման ավելի ցածր դրույքաչափեր կամ հարկումից առհասարակ ազատում: Երկրորդ՝ ունենալ ավելի կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր երկու երկրների ռեզիդենտների համար:
Փաստաթղթի վավերացմամբ Կառավարությունն ակնկալում է ստեղծել նպաստավոր եւ գրավիչ հարկային միջավայր ճապոնական ծագմամբ երկարաժամկետ ներդրումներ ներգրավելու եւ տնտեսության իրական հատվածում լրացուցիչ տնտեսական ակտիվություն ապահովելու համար:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը ներկայացրել է հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Կարեւորելով կոնվենցիայի վավերացումը՝ պատգամավորը նշել է, որ այն բխում է մեր երկրի տնտեսական շահերից:
Նախագիծը քննարկվել է սեպտեմբերի 8-ի ԱԺ նիստում:




