Նախագծով ակնկալվում է ապահովել դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես իրականացնել էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ի հերթական նիստի ընթացքում:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ապահովել դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի անհապաղ կատարումը՝ խուսափելով անհարկի ձգձգումներից եւ ակտերի ժամանակավրեպ դառնալուց:
«Այն մեզ կօգնի որոշման կայացումից անմիջապես հետո էլեկտրոնային համակարգերի օգնությամբ ստանալ տեղեկատվություն, որ տվյալ անշարժ գույքի կամ սուբյեկտի նկատմամբ կիրառված են որոշակի սահմանափակումներ գույքի տիրապետման տնօրինման նկատմամբ»,- մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն այն բոլոր դեպքերը, երբ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի արգելադրումը պահպանվում է մինչեւ տվյալ վարույթով եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը:
Սնանկության վարույթի շրջանակում կկարգավորվեն սնանկության դիմումը վարույթ ընդունելու, անձանց սնանկ ճանաչելու, որոշ գույքերի նկատմամբ մորատորիում չտարածելու եւ ֆիզիկական անձանց գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հարաբերությունները:
«Օրենսդրական փոփոխություններով պետական մարմիններով ստացվող արգելանքների ամբողջ հատվածն արդեն թվայնացված է, էլեկտրոնային համակարգը գործում է անխափան»,- նշել է Սուրեն Թովմասյանը: Քննարկվող նախագծերի փաթեթով կկանոնակարգվի դատարաններում տեղի ունեցող ընթացքը: Դատարաններում որոշակի լսումների ժամանակ եւս գույքի նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառելու որոշումներ են կայացվում եւ դրանք ներկա դրությամբ Կադաստրի կոմիտե են ներկայացվում թղթային տարբերակով: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է փոխգործելիության միջոցով գույքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները դատական գործընթացների ժամանակ եւս Կադաստրի կոմիտե ներկայացնել էլեկտրոնային եղանակավ: Այն անմիջապես հնարավորություն կընձեռի նույնականացնել գույքը եւ տեղափոխել ինֆորմացիան գույքի էլեկտրոնային գրանցամատյան:
Կադաստրի կոմիտեի ղեկավարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ գույքի նկատմամբ կիրառվող արգելանքին առնչվող կարգավորումների վերաբերյալ:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:




