Հարկային օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է վերանայել ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատության ձեւավորման չափանիշները, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների շրջանակը, ինչպես նաեւ ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման գործընթացը՝ ներդնելով տեղեկանքների տրամադրման պարզեցված եւ ավտոմատացված համակարգ:
Սահմանվում է, որ ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին ՀՀ տարածքում կատարվող աշխատանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ:
Նախաձեռնությունը սեպտեմբերի 8-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Կարեւորելով փոփոխությունները՝ պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել նախագծին:




