«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհրաժեշտության կամ հրաժարականի դեպքում պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ավագ ղեկավարը: Մինչդեռ օրենքով կարգավորված չէ այն հարցը, թե ով է փոխարինում Մարդու իրավունքների պաշտպանին պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ավագ ղեկավարի կողմից եւս պաշտոնին փոխարինելու անհնարինության դեպքում:
Նախագծով հստակեցվում են պաշտպանին փոխարինող դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները:
Ներկայումս քաղաքացիական ծառայողի կամ պաշտպանի աշխատակազմում այլ պաշտոն զբաղեցնող անձի աշխատանքից ազատվելու մասին դիմումի առկայության դեպքում աշխատանքից ազատվելու լիազորություն վերապահված է միայն Մարդու իրավունքների պաշտպանին: Այս իրավիճակում աշխատանքից ազատվելու մասին դիմումի առկայության դեպքում քաղաքացիական ծառայողը կամ պաշտպանի աշխատակազմում այլ պաշտոն զբաղեցնող անձը չի կարող ազատվել աշխատանքից պաշտպանի բացակայության պայմաններում:
Խնդրահարույց իրավիճակ է ստեղծվում նաեւ քաղաքացիական ծառայողության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցին պաշտոնի նշանակելու լիազորության՝ միայն պաշտպանին վերապահված լինելու պայմաններում:
«Նման իրավիճակ ունեցել ենք, երբ նախորդ պաշտպանի հրաժարականից հետո մի քանի ամիս շարունակ նոր պաշտպան չէր ընտրվում, եւ աշխատակազմում քաղաքացիական ծառայողները եւ այլ պաշտոն զբաղեցնող անձինք չէին կարողանում սեփական դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից: Նախագծային կարգավորումներով պաշտպանին փոխարինողին տրվում է պաշտոնին նշանակելու եւ ազատելու լիազորությունները»,- նշել է Ռուստամ Բաքոյանը:
Անհրաժեշտություն է առաջացել նաեւ ընդլայնելու պաշտպանի՝ ԱԺ-ին ներկայացվող ամփոփ հաղորդման բովանդակությունը:
Նախագծով ավելանում են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները: Վերջինս իրականացնում է մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ հարցերով հետազոտություններ, որոնց արդյունքների հիման վրա եւս կարող է հանդես գալ արտահերթ զեկույցներով կամ հաղորդումներով:
Պաշտպանին տրվում է հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու լիազորություն, խթանելու մարդու իրավունքների միջազգային չափանիշներին ՀՀ օրենսդրության եւ դրա կիրարկման համապատասխանեցումը:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտկան հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը նշել է, որ օրենսդրական առաջարկն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն էլ բարձրաձայնել է, որ Կառավարությունը կողմ է օրինագծի ընդունմանը եւ ներկայացրել գործադիրի առաջարկները:




