Առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթություններից է: Կառավարության քաղաքականությունն ուղղված է անհատի եւ հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը՝ ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցում:
Բուժսպասարկման որակի բարելավումն իր հերթին պահանջում է բարեփոխումների իրականացում որակի ապահովման բոլոր տարրերի (ենթակառուցվածքների, սարքավորումների, մարդկային ռեսուրսների եւ էլեկտրոնային առողջապահության) շրջանակներում ծառայությունների հասանելիության ապահվման, բուժսպասարկման որակին առնչվող գործընթացների բարելավման, ինչպես նաեւ ծառայությունների արդյունավետության չափելիության բարձրացման նպատակով. ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նա Ազգային ժողովում սեպտեմբերի 8-ին քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագրով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ: Այն ուղղվելու է վերոնշյալ բարեփոխումների իրականացմանը:
«Վարկային ծրագրի նպատակն է խթանել բարեփոխումները հետեւյալ ուղղություններով՝ առողջապահական հաստատությունների կառուցում եւ բարելավում, առողջապահական ծառայությունների որակի գնահատում եւ հաշվետվողականության թվայնացում ու ինստիտուցիոնալացում, բժշկական հաստատությունների լիցենզավորում, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավում»,- մանրամասնել է փոխնախարարը:
Վարկի ժամկետը 18 տարի է, որից արտոնյալ ժամկետը 7 տարի է: Վարկի մարման ժամկետը 11 տարի է, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ սահմանված է 2028 թվականի դեկտեմբերի 31-ը: Վարկառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ԱԶԲ-ին՝ խնդրելով կատարել վարկավորման պայմանների հետեւյալ փոփոխությունները՝ փոխարկել ամբողջությամբ կամ մասնակիորեն վարկի օգտագործված եւ չմարված գումարի կամ չմասհանված գումարի արժույթը բանկի համար ընդունելի մեկ այլ արժույթի, փոխարկել վարկի օգտագործված եւ չմարված գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը լողացողից ֆիքսվածի եւ հակառակը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է համաձայնագրի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:




